Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

Գլխավոր / Տեղեկատվության Ազատություն / Ռազմավարական դատավարություն
2014 թ.-ի հունիսի 6-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի` խնդրելով ոչ իրավաչափ ճանաչել համալսարանի այն անգործությունը, որով խախտվել են ԻԱԿ-ի` տեղեկատվության ազատության ևողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքները:
2013 թ.-ի դեկտեմբերի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմեց ՀՀ վարչական դատարան ընդդեմ «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի եւ «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանի` դատարանին խնդրելով ճանաչել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը, պարտավորեցնել պատասխանողին տրամադրել հայցվող տեղեկատվությունը, ինչպես նաեւ պահանջվող տեղեկատվության տրամադրումը մերժելու համար «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանին ենթարկել վարչական պատասխանատվության 50.000 դրամի չափով:
2013 թ.-ի սեպտեմբերի 3-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմեց ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության եւ ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի` դատարանին խնդրելով ճանաչել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի` տեղեկություն ստանալու իրավունքի խախտման փաստը, պարտավորեցնել նախարարությանը տրամադրել 2012թ.-ի երկրորդ կիսամյակում ՀՀ քաղաքաշինության նախարարության կարիքների համար մեկ անձից կատարված գնումների պայմանագրերի պատճենները, ինչպես նաեւ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանին ենթարկել վարչական պատասխանատվության` ԻԱԿ-ի առաջին հարցմամբ պահանջվող տեղեկատվությունը չտրամադրելու համար՝ 30.000 ՀՀ դրամի չափով, իսկ կրկնակի հարցմամբ պահանջվող նույն տեղեկատվությունը չտրամադրելու համար՝ 50.000 դրամի չափով:
2013 թ.-ի օգոստոսի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմեց ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի` դատարանին խնդրելով պարտավորեցնել տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին տրամադրել Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի նկատմամբ սեփականության կամ փակ շուկայի վարձակալության հիմքերի վերաբերյալ տեղեկատվությունը անվճար կամ «Տեղեկատվության ազատության մասին»; ՀՀ օրենքով սահմանված պայմաններով, այն է` տեղեկատվության 10 էջը գերազանցող յուրաքանչյուր էջի համար` տեղեկության տրամադրման ծախսերը չգերազանցող գումարի դիմաց:
2013 թ.-ի ապրիլի 8-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց ներկայացրեց ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի՝ վիճարկելով ՀՀ ԱԺ-ի մերժումը: ԻԱԿ-ը դատարանից խնդրել է ճանաչել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը եւ ՀՀ Ազգային ժողովին պարտավորեցնել տրամադրել հայցվող տեղեկությունները:
2013 թ.-ի ապրիլի 5-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց ներկայացրեց ՀՀ Վարչական դատարան` դատարանից խնդրելով ճանաչել Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ի` տեղեկատվության ազատության եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքների խախտման փաստը եւ պարտադրել ԱԱԾ-ին ԻԱԿ-ին տրամադրել սպառիչ տեղեկատվություն:

Ընդհանուր տեղեկություն

2003 թ.-ից ի վեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է տեղեկատվության ազատության իրավունքի դատական պաշտպանության առաքելությունը: 2020թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ հարուցվել է 70 դատական գործ` տեղեկատվություն ստանալու իրավունքի ոտնահարման վերաբերյալ, որոնք ամբողջությամբ ավարտվել են, և միայն 2 գործ է դեռեւս ընթացքի մեջ:

Ռազմավարական դատական գործերի ստեղծումը ԻԱԿ-ի հիմնական գործիքներից է՝ որպես տեղեկատվություն ստանալու իրավունքի պաշտպանության կարեւորագույն երաշխիք։ ՏԱ մասին դատական գործերը դրականորեն են ազդում տեղեկատվության ազատության վիճակի վրա` զերծ պահելով պաշտոնյաներին խախտում կատարելուց: Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է տեղեկատվության ազատության վերաբերյալ դատական գործեր այն պաշտոնյաների դեմ, ովքեր խախտում են քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը, անպատասխան են թողնում ՏԱ հարցումներին կամ տրամադրում են ողջ ամբողջական կամ թերի տեղեկատվություն: Այս գործընթացի շնորհիվ աստիճանաբար ձեւավորվում է տեղեկատվության ազատության վերաբերյալ դատական նախադեպային պրակտիկա:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնած դատական գործերից մի քանիսն ունեցել են նախադեպային նշանակություն: Այդպիսի գործ էր 2009 թ.-ին ավարտված` ԻԱԿ-ն ընդդեմ Ելփինի գյուղապետարանի դատական գործը, որի դեպքում առաջին անգամ տեղեկատվության ազատության իրավունքը խախտած պաշտոնյան` Ելփինի գյուղապետը, ենթարկվեց վարչական պատասխանատվության` տուգանքի` 50.000 դրամի չափով: Այս նախադեպը զարգացավ հաջորդ տարիների ընթացքում եւ համալրվեց տեղեկատվության ազատության իրավունքը խախտած տեղեկություն տնօրինողին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին եւս երկու գործով` ԻԱԿ-ն ընդդեմ “Դուստր Մարիաննա” ՍՊԸ-ի եւ ԻԱԿ-ն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի: Այս երկու գործերով էլ դատական վերջնական ակտը կայացվել է 2013թ.-ին: 

2010 թ.-ին կարեւոր նախաձեռնություն էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիմումը ՀՀ Սահմանադրական դատարան: Այս գործի արդյունքում ՀՀ Ազգային Ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծեց վարչական օրենսդրության բարեփոխումների  փաթեթ, որով ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքից դուրս եկավ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու պահանջը:

2012 թ.-ին նախադեպային  գործերից էին ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության և ԻԱԿ-ն ընդդեմ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի  դատական գործերը, երբ դատական կարգով ոչ միայն վերականգնվեց տեղեկատվություն ստանալու իրավունքը, այլ նաեւ փոխհատուցվեց դատական ծախսերը՝ պետտուրքը եւ փաստաբանին վճարված գումարը: 

Skip to content