Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Սև ցուցակ 2025. առաջին եռամսյակ

Այս գերատեսչությունների ղեկավարները 2025 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսների ընթացքում խախտել են մարդկանց կամ կազմակերպությունների տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ տրամադրելով անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան թողնելով տեղեկություն ստանալու հարցումները։ 

 

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան

  • «Սիվինեթ» (CivilNet) լրատվական պարբերականի լրագրող Հայկ Հովհաննիսյանը 2025 թ․-ի հունվարի 21-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Ազգային ժողով՝ խնդրելով տրամադրել տեղեկություն այն մասին, թե ինչու է հունվարի 20-ի ԱԺ նիստի հերթական նիստը մեկնարկել ՀՀ օրհներգի քառատողերի փոփոխված տարբերակով, եթե ոլորտային օրենքի փոփոխություները դեռ չեն ընդունվել ԱԺ-ի կողմից։  Լրագրողը նաև խնդրել է նշել, թե ինչ և ում կարգադրության հիման վրա է հնչել փոփոխված քառատողերով օրհներգի տարբերակը։ Ազգային ժողովի նախագահի գրասենյակից լրագրողի հարցմանն ի պատասխան նշել են, որ «․․․ՏԱ օրենքի իմաստով այն հարցում չի հանդիսանում»։ ԻԱԿ-ի հետ խորհրդակցելուց հետո լրագրողն ուղարկել է կրկնակի հարցում, որին ի պատասխան ԱԺ-ն վերահաստատել է իր դիրքորոշումը՝ նշելով, որ «․․․  Ձեր կողմից ներկայացված հարցերը որևէ ձևավորված տվյալի կամ տվյալների հարցում չեն հանդիսանում, այլ հանդիսանում են մեկնաբանության տրամադրման հարցում»։ ԻԱԿ-ը մերժումը որակել է անհիմն, քանի որ պատասխանը չի բխում Տեղեկատվության ազատության մասին օրենքի պահանջներից։  Տվյալ դեպքում լրագրողն ԱԺ նախագահից ակնկալել է տվյալներ ԱԺ նիստում տեղի ունեցածի, եղելության, նիստի սկզբում փոփոխված օրհներգի հնչելու փաստի և դրա հիմքում ընկած հանգամանքների վերաբերյալ։ Հետևաբար լրագրողի դիմումը ՏԱ օրենքի իմաստով հարցում է և պետք է ստանա ՏԱ օրենքով սահմանված արձագանք։ Լրագրողը ավելի ուշ ուղարկել է կրկնակի հարցում, սակայն ԱԺ-ն իր պատասխանով հաստատել է առաջին պատասխանում ներկայացրած մոտեցումը՝  նշելով․ «․․․ներկայացված հարցերը որևէ ձևավորված տվյալի կամ տվյալների հարցում չեն հանդիսանում, այլ հանդիսանում են մեկնաբանության տրամադրման հարցում»։

 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան

  • Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2025 թ.-ի հունվարի 29-ին ՀՀ վարչապետի աշխատակազմին և 12 նախարարություններին ուղարկել է տեղեկություն ստանալու հարցում՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե որ կազմակերպություններին և անհատներին է 2024 թ.-ի ընթացքում տրամադրվել դրամաշնորհներ և/կամ սուբսիդիաներ և տրամադրել նրանց ցանկը: ԻԱԿ-ը խնդրել էր նաև նշել ուրաքանչյուր դրամաշնորհի/ սուբիսիդիայի նպատակը, տևողությունը և գումարի չափը, տրամադրել մրցույթի հրավերների հրապարակման հարթակները, առկայության դեպքում՝ ակտիվ հղումներ, յուրաքանչյուր մրցույթի օրվա, մասնակիցների քանակի ու մրցութային հանձնաժողովի որոշումների պատճեները և դրանց հրապարակման ակտիվ հղումները։ Հարցմանը թերի պատասխան է տրամադրել Առողջապահության նախարարությունը։ Վերջինս իր պատասխանում նշել է «2024 թվականի ընթացքում Առողջապահության նախարարության կողմից դրամաշնորհները տրամադրվել են Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի  թիվ 2323-Ն որոշմամբ սահմանված կարգով և կազմակերպություններին»՝ ըստ էության չտրամադրելով հայցվող տեղեկությունները: Հատկանշական է, որ պատասխան գրության մեջ նախարարությունը ոչ մի բառ չի նշել սուբսիդիաների մասին, այնինչ ԻԱԿ-ի գրության հարցերը վերաբերում էին ոչ միայն դրամաշնորհներին, այլև սուբսիդիաներին, ուստի առնվազն անհրաժեշտ կլիներ հստակեցնել՝ արդյոք սուբսիդիաներ տրվել են, թե ոչ։

  

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան

  • «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը 2025 թ․-ի մարտի 5-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Էկոնոմիկայի նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե  ինչ աղբյուրներից են ստացվել Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման համար նախատեսված 100 մլն դոլարը, որի մասին նախարարը նշել է իր հանրային հարցազրույցներից մեկում՝ հավաստելով, որ «… ծրագրի իրականացման համար արդեն 100 մլն դոլարը առկա է, իսկ մնացած մասը պետական  (բյուջետային) երաշխիքով կտրամադրեն հայկական բանկերը»: Թ․ Ենոքյանը հարցմամբ խնդրել էր տրամադրել նաև  պետական երաշխիք տրամադրելու համար անցկացված աուդիտի արդյունքները։ Նախարարությունը հարցման առաջին հարցին ի պատասխան նշել էր, որ տեղեկությունը դուրս է Էկոնոմիկայի նախարարության լիազորությունների շրջանակից, իսկ աուդիտի արդյունքների տվյալները մերժել էր տրամադրել՝ նշելով որ այն պարունակում է պետական, բանկայի, առևտրային գաղտինիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ։ Աուդիտի արդյունքների տրամադրման մերժումը պատշաճ չէ, քանի որ հղում չկա, թե կոնկրետ ինչ իրավական ակտով է սահմանված պատասխան գրության մեջ ներկայացված մերժման հիմքերը։ Միաժամանակ, Նախարարությունը նշում է, որ փաստաթուղթը պարունակում է տրամադրման ոչ ենթակա տեղեկություն, ինչը չի բացառում, որ աուդիտի մյուս մասը կարող է լինել բաց և տրամադրվել մասնակի, ինչը այս դեպքում ևս չի կատարվել։

 

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան

  • 2025 թ. մարտի 21-ին News.am լրատվական կայքի լրագրող Թագուհի Մելքոնյանը ՀՀ դատախազություն է ուղարկել տեղեկություն ստանալու հարցում՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ 2023 թ. Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի նախաձեռնությամբ և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո արդյոք 2024 և 2025 թթ. ընթացքում ռուսական կողմը, ՀՀ դատախազը կամ այլ միջնորդ երկիր հանդես եկել է երեք երկրների գլխավոր դատախազների կամ Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների երկկողմ ձևաչափով նոր հանդիպում կազմակերպելու առաջարկով: Լրագրողը նաև հարցրել է, արդյոք ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ռուս գործընկերոջը նման հանդիպում նախաձեռնելու առաջարկով։ Հարցման վերջին երկու հարցերով լրագրողը խնդրել է հստակեցնել, թե արդյոք ՀՀ գլխավոր դատախազը մինչ օրս դիմել է Ադրբեջանի գլխավոր դատախազին Բաքվում պահվող հայ գերիների հարցով, իսկ ՌԴ գլխավոր դատախազին՝ Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանության կամ նրանց վերադարձի հնարավորությունը դիտարկելու հարցում ՌԴ գործընկերոջ աջակցությունը ստանալու համար: Դատախազությունը, սակայն, այս 4 հարցից բաղկացած գրությանը պատասխանել է մեկ նախադասությամբ՝ «Ի պատասխան մարտի 21-ի գրության՝ հայտնում եմ, որ Ձեր կողմից նշված եռակողմ հանդիպման ողջ տեղեկատվությունը առկա է ՀՀ դատախազության կայքում» և տրամադել ակտիվ հղում, որը տանում է լրագրողի կողմից նշված հանդիպման մասին պատմող տեղեկատվական նյութին։ ԻԱԿ-ի հետ խորհրդակցելուց հետո լրագրողը մարտի 24-ին ուղարկել է նաև կրկնակի հարցում, որին սակայն Դատախազությունը պատասխանել է նույնաբովանդակ գրությամբ։ ԻԱԿ-ը պատասխանները որակել  անհիմն։
  • Փետրվարին «Ինֆոքոմ» լրատվական կայքի լրագրող Միլենա Խաչիկյանը  մասնակցել է մի դատական նիստի, որը վերաբերում էր 10 տարի առաջ կատարված սպանության։ 9 տարի դատարանում քննվելուց հետո գործը քննող դատավորի փոփոխություն է տեղի ունեցել, և նոր դատավորը որոշել է գործի քննությունը սկսել սկզբից։ Նիստի ընթացքում հանրային մեղադրող Տաթևիկ Ղուկասյանը հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել։ Քանի որ դատական նիստի ավարտին ևս մեղադրողը հրաժարվել է առանց համապատասխան թույլտվության պատասխանել լրագրողի հարցերին, «Ինֆոքոմը» նախ փորձել է  դատախազության հանրային կապերի բաժնի միջոցով հանդիպում կազմակերպել, ապա 2025 թ․-ի փետրվարի 13-ին ուղարկել է տեղեկություն ստանալու հարցում։ Օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում պատասխան չստանալով՝ լրագրողը դիմել է Դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից խոստացել են պատասխանն ուղարկել մինչ փետրվար ամսվա վերջ՝ ուշացումը պայմանավորելով տեխնիկական խնդրով, սակայն այդպես էլ չեն արձագանքել։ Բազմաթիվ զանգերին ի պատասխան՝ մարտի 4-ին՝ հարցումն ուղարկելուց երեք շաբաթ անց միայն Դատախազությունն ուղարկել է պատասխան գրություն, նշելով՝ «Քրեական գործով դատախազի իրավական դիրքորոշումները ներկայացվում են դատական նիստի ընթացքում»։ ԻԱԿ-ը պատասխանը գնահատում է որպես թերի և ժամկետանց, քանի որ խախտվել են օրենքով սահմանված պատասխանի ժամկետները, ինչպես նաև Դատախազությունը չի տրամադրել լրագրողի հայցած ամբողջ տեղեկատվությունը, մասնավորապես, տվյալ վարույթով երբևէ մեղադրանքի պաշտպանություն իրականացրած դատախազների ցանկը և փոփոխության հիմքերը՝ առանց հիմնավորելու տեղեկությունը չտրամադրելու պատճառները։

 

Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն պետ Գրիգոր Ներսիսյան 

  • Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2025 թ․-ի հունվարի 20-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ խնդրելով տրամադրել գործակալության տարեկան հաշվետվությունները կամ դրանց հրապարակման ակտիվ հղումները։ Պատասխան գրությամբ գործակալությունը չի տրամադրել 2017 թ., 2018 թ., 2021 թ., 2022 թ. հաշվետվությունների հրապարկման հղումները, տեղեկացնելով, որ դրանց մասին տեղեկություն չունի։ Միաժամանակ իր պատասխանում գործակալության ղեկավարը նշել է, որ 2024 թ․-ի հաշվետվությունը դեռևս առկա չէ։ ԻԱԿ-ը պատասխանը որակել է անհիմն, քանի որ Գործակալությունը ԻԱԿ-ի հարցմանն ի պատասխան չի տրամադրել հրապարակային հաշվետությունները։ Նշենք, որ Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի 24 հոդվածի համաձայն՝  ԱՏՊ գործակալությունը պարտավոր է տարեկան մեկ անգամ ներկայացնեզ հրապարակային հաշվետվություն՝ անձնական տվյալների պաշտպանության բնագավառում առկա իրավիճակի և նախորդ տարվա գործունեության վերաբերյալ։

 

Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյան

  • «Ինֆոքոմ» լրատվական կայքի լրագրող Լիլիթ Գրիգորյանը 2025 թ․-ի հունվարի 7-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Ալավերդու համայնքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություն այն մասին, թե ինչքան գումար է համայնքապետարանը ծախսել ամանորյա գնումներ համար, ինչպես նաև տրամադրել ամանորյա բոլոր գնումների ծածկագրերը։ Լրագրողի տեղեկացմամբ հունվարի 15-ին, երբ արդեն լրացել էր օրենքով սահմանված ժամկետը, համայնքապետարանի մամուլի խոսնակը լրագրողին տեղեկացնում է, որ մասնագետին առնչվող խնդիրների պատճառով պատասխանը կկարողանան տրամադրել հունվարի 21-ին և խնդրել է ընդառաջել։ Հունվարի 21-ին և դրան հաջորդող մի քանի օրերին լրագրողին խոսնակի հետ կապ հաստատել չի ստացվել։ Հարցումը մնացել է անպատասխան։ 

 

Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյան

  • «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից գործարկվող «Քաղաքացու ձայնը» մեդիահարթակի լրագրող Լուսինե Սարգսյանը 2025 թ․-ի հունվարի 16-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Վանաձորի համայնքապետարան` խնդրելով տրամադրել տեղեկություն Վանաձորում կառուցված սմարթ կանգառների վերաբերյալ։ Համայնքապետարանը, թեպետ բոլոր հարցերին տրամադրել է թվագրված պատասխաններ, սակայն տրամադրված պատասխանը թերի է, ոչ ամբողջական, իսկ սմարթ կանգառների ծրագրի նախագծային ամբողջական փաթեթի համար տրամադրված հղումը չի գործում։
  • Հանրային ռադիոյի մարզային թղթակից Լուսինե Սարգսյանը 2025 թ․-ի մարտի 31-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող  «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրով Վանաձոր համայնքում նախատեսված պլաստիկ թափոնների վերամշակման արտադրամասի վերաբերյալ։ Համայնքապետարանը պատասխան գրությամբ թեպետ տրամադրել է թվագրված պատասխան գրեթե բոլոր հարցերին, սակայն չի հիմնավորել վերաբերելի տվյալների բացակայությունը, իսկ լրագրողի վերջին հարցին, թե եթե արտադրամասը դեռևս չի գործում, ապա ի՞նչն է պատճառը և երբ է նախատեսվում արտադրամասի գործարկումը, համայնքապետարանը պատասխանել է՝ «Հավելյալ կտեղեկացվի»։

 

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյան 

  • Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2025 թ.-ի հունվարի 29-ին ՀՀ վարչապետի աշխատակազմին և 12 նախարարություններին ուղարկել է տեղեկություն ստանալու հարցում՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե որ կազմակերպություններին և անհատներին է 2024 թ.-ի ընթացքում տրամադրվել դրամաշնորհներ և/կամ սուբսիդիաներ և տրամադրել նրանց ցանկը: ԻԱԿ-ը խնդրել էր նաև նշել ուրաքանչյուր դրամաշնորհի/ սուբիսիդիայի նպատակը, տևողությունը և գումարի չափը, տրամադրել մրցույթի հրավերների հրապարակման հարթակները, առկայության դեպքում՝ ակտիվ հղումներ, յուրաքանչյուր մրցույթի օրվա, մասնակիցների քանակի ու մրցութային հանձնաժողովի որոշումների պատճեները և դրանց հրապարակման ակտիվ հղումները։ ՀՀ վարչապետի աշխատակազմը ըստ էության չի տրամադրել հայցվող տեղեկությունները։ Փոխարենը հղում է տվել իրավական հիմքին՝ ՀՀ կառավարության 2023 թ-ի դեկտեմբերի 28-ի թիվ 2323-Ն որոշմանը, որը, սակայն, պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին ընդհանուր որոշում է, և չի պարունակում ԻԱԿ հայցած տեղեկությունների մեծ մասը։ ԻԱԿ հարցումը վերաբերում է փաստացի տրամադրված դրամաշնորհների և սուբսիդիաներին է, այլ ոչ թե դրանց հատկացման իրավական հիմքին: Հանրային գնումների կայքին արված հղումը նույնպես պատշաճ չէ, քանի որ այն տեղեկություն է կնքված պայմանագրերի մասին, որն ԻԱԿ-ը ևս չէր հայցել: 

 

Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյան

  • 2025 թ․-ի հունվարի 28-ին «Ինֆոքոմ» լրատվական կայքի լրագրող Սուսինա Խաչատրյանը տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Մեծամորի համայնքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություն այն մասին, թե ում են կցված և ինչ նպատակով են օգտագործվում 2023 և 2024 թվականներին գնված ծառայողական մեքենաները։ Օրենքով սահմանված 5-օրյա ժամկետից հետո պատասխան չստանալուց հետո լրագրողը կապ է հաստատել Մեծամորի համայնքապետարանի հետ՝ պարզելու պատասխանի ուշացման պատճառը։ Լրագրողին հեռախոսով պարզաբանել են, որ պատասխանի համար լրացուցիչ աշխատանքներ են տարվում և այդ պատճառով չգիտեն, թե երբ կպատասխանեն։ Լրագրողը խնդրել է գրավոր, օրենքով սահմանված կարգով տեղեկացնել, որ պահանջվող տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ 30-օրյա ժամկետ են խնդրում, սակայն, համայնքապետարանը գրավոր միջանկյալ պատասխան լրագրողին չի ուղարկել։ Մարտի 23-ի դրությամբ Մեծամորի համայնքապետարանը չի պատասխանել հարցմանը։

 

Skip to content