Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

Գլխավոր / Տեղեկատվության ազատություն / ՏԱ ֆոտոցուցահանդես

«Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» ֆոտոցուցահանդես-2014

Մայիսի 5-ին ՀՀ Նկարիչների միության շենքում տեղի ունեցավ «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով 4-րդ ֆոտոցուցահանդեսի բացումը:

Մամուլի ազատության համաշխարհայինարհային օրը նշանավորելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի հետ համատեղ արդեն չորրորդ տարին՝ 2010թ. ի վեր, կազմակերպում է «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով ֆոտոցուցահանդես։

Ցուցահանդեսի նպատակն է բարձրաձայնել տեղեկատվության իրավունքի իրացման մարտահրավերների և հնարավորությունների մասին և հիշեցնել կառավարությանը, ԶԼՄ ներկայացուցիչներին և հանրության լայն շերտերին այդ իրավունքի իրացման գործում իրենց ունեցած դերի մասին: Ցուցահանդեսում ընդգրկված են 70 լուսանկար եւ ծաղրանկար, որոնք հետագայում կհրատարակվեն Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված հատուկ էլեկտրոնային կատալոգում:

«Մամուլի ազատության 21-րդ տարեդարձի առիթով ԵՄ-ն վերստին հաստատում է, որ ազատ, բազմակարծ և անկախ մամուլը ժողովրդավարական հասարակության հիմնաքարն է, որը խթանում է տեղեկատվության և մտքերի ազատ տարածումն ու ապահովում անկախություն և հաշվետվողականություն»,- իր ելույթում նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

«Այս տարի ցուցահանդեսի մասնակիցները շատ ակտիվ էին: Մենք ստացել ենք ավելի քան 350 լուսանկար և ծաղրանկար: Այդ լուսանկարներում հերոսները բարձրաձայնում են իրենց անհամաձայնությունը մամուլի ազատության, իրենց տեղեկություն ստանալու իրավունքի դեմ ուղղված բռնության նկատմամբ: Կան նաև լուսանկարներ, որոնք արտահայտում են քաղաքացիական հասարակության պայքարն իրենց իրավունքների համար»,- ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ  Շուշան Դոյդոյանը։

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մակքոյն իր խոսքում նշեց. «Հայաստանում մամուլի ազատության համաշխարհային օրվան արդեն երրորդ անգամ եմ մասնակցում: Տպավորիչ է վերջին տարիների ընթացքում   ականատես լինել միջոցառման անցկացմանն ու   մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին անդրադառնալու կազմակերպիչների հանձնառությանը»:

Միավորված ազգերի գլխավոր ասամբլեան 1993 թվականին մայիսի 3-ը հայտարարեց Մամուլի ազատության օր՝ կարևորելով ազատ և անաչառ մամուլի զարգացումը և դրա դերը ժողովրդավարական հասարակության կայացման և զարգացման գործում:

«Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» ֆոտոցուցահանդես-2013

Մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության համաշխարհային օրը, ՀՀ Նկարիչների միության շենքում բացվեց «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով 3-րդ ֆոտոցուցահանդեսը:

Մամուլի ազատության համաշխարհային օրը՝ մայիսի 3-ը, նշանավորելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի հետ համատեղ արդեն երրորդ տարին՝ 2010թ. ի վեր, կազմակերպում է «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով ֆոտոցուցահանդես:

Մեկշաբաթյա ցուցահանդեսի նպատակն է բարձրաձայնել տեղեկատվության իրավունքի իրացման մարտահրավերների և հնարավորությունների մասին և հիշեցնել կառավարությանը, ԶԼՄ ներկայացուցիչներին և հանրության լայն շերտերին այդ իրավունքի իրացման գործում իրենց ունեցած դերի մասին: Ցուցահանդեսում ընդգրկված են 70 լուսանկար եւ ծաղրանկար, որոնք հետագայում կհրատարակվեն Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված հատուկ կատալոգում:

«Մամուլի ազատության համաշխարհային օրը համընդհանուր նշվող այն նշանակալից տոներից է, որը շեշտում է տեղեկատվության և արտահայտվելու ազատության իրավունքները: Յուրաքանչյուր ոք սեփական կարծիք ունենալու, այն արտահայտելու, ինչպես նաև ցանկացած մամուլով տեղեկություններ ստանալու իրավունք ունի: Եվրամիությունը միշտ կողմ է եղել տպագիր մամուլի և այլ ԶԼՄ-ների բազմակարծությանը»,- նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ողջունելով նախաձեռնությունը՝ գովեստի խոսքեր ասաց կազմակերպիչներին և կարևորեց մամուլի ազատության և տեղեկատվության մատչելիության դերը ժողովրդավարության արդյունավետության բարձրացման գործում` տեխնոլոգիաների և թվայնացման դարաշրջանում։ Նա կոչ արեց լրագրողներին հետաքննել և վերլուծել Տեղեկատվության ազատության մասին օրենքի միջոցով հասանելի դարձած տեղեկությունները, այդ խնդիրները ներկայացնել հասարակության լայն շերտերին և խրախուսեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնին շարունակել իր լավ աշխատանքը:

«Այսօր այստեղ ներկայացված լուսանկարներն անհատական ստեղծագործ մտքի եւ խոսքի ազատության իրական վկայությունն են: ԵԱՀԿ-ն ուրախ է լինել այս միջոցառման մի մասը: Ես անձամբ գնահատում եմ, որ յուրաքանչյուր լուսանկար Հայաստանում քաղաքացի լինելու յուրահատուկ դրսևորում է»,- նշեց ԵԱՀԿ Երևանի գրասենյակի Ժողովրդավարացման բաժնի ղեկավար Օլիվեր Մկքոյը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, ավելացրեց. «Այս տարի ցուցահանդեսի մասնակիցները առանձնապես ակտիվ էին: Մենք ստացել ենք ավելի քան 500 լուսանկար և ծաղրանկար: Այդ լուսանկարներում հերոսները բարձրաձայնում են իրենց անհամաձայնությունը մամուլի ազատության, իրենց տեղեկություն ստանալու իրավունքի դեմ ուղղված բռնության նկատմամբ»։

Մամուլի ազատության օրը նշվում է մայիսի 3-ին ողջ աշխարհում՝ ևս մեկ անգամ կարևորելու լրատվամիջոցների ազատության հիմնարար սկզբունքները: Միավորված ազգերի գլխավոր ասամբլեան 1993 թվականին մայիսի 3-ը հայտարարեց Մամուլի ազատության օր՝ կարևորելով ազատ և անաչառ մամուլի զարգացումը և դրա դերը ժողովրդավարական հասարակության կայացման և զարգացման գործում:

«Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» ֆոտոցուցահանդես-2012

Մայիսի 3-ին Երևանում բացվեց «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով ցուցահանդեսը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ կազմակերպված միջոցառմանը ներկա էին լրագրողներ, պետական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Միջոցառմանն աջակցում են նաև ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը և ԵԱՀԿ Երևանի գրասենյակը:

Ցուցահանդեսի նպատակն է անդրադառնալ տեղեկատվություն ստանալու իրավունքի խոչընդոտներին ու հնարավորություններին, և կառավարությանը, մամուլի ներկայացուցիչներին ու ընդհանուր հանրությանը հիշեցնել այս իրավունքին հասնելու գործում իրենց դերակատարման մասին: Ֆոտոցուցահանդեսին մասնակցող 70-ից ավելի լուսանկարներն ու ծաղրանկարները կտպագրվեն նաև մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված հատուկ ֆոտոկատալոգում:

Ցուցահանդեսին բացման խոսքում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ողջունեց ցուցահանդեսը՝ որպես տեղեկատվության և մամուլի ազատության մասին հանրային ընկալումները ներկայացնելու ինքնատիպ միջոց. «Այսօր նշում ենք Մամուլի ազատության օրը: Եվրոպական միությունը մշտապես սատարել է խոսքի և կարծիքի ազատ արտահայտմանը, քանի որ այն մարդու հիմնարար իրավունքների մասն է կազմում: Ցանկանում եմ օգտվել այս առիթից և կարևորել լրագրողների աշխարհի ցանկացած վայրում իրականացրած աշխատանքը, քանի որ ազատ արտահայտվելու իրենց իրավունքն իրականացնելու համար նրանք երբեմն վտանգի են ենթարկում իրենց կյանքը: Հուսով ենք, որ Հայաստանում կայանալիք առաջիկա ընտրությունների լուսաբանման ժամանակ ականատես կլինենք մասնագիտական նման նվիրումի»:

ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սոռոկինը շեշտեց մամուլի և տեղեկատվության ազատության դերը բաց և հաշվետու կառավարության ձևավորման գործընթացում, ինչպես նաև ավելացրեց. «Ազատ խոսքն ու տեղեկատվության մատչելիությունը հիմնարար նշանակություն ունեն մարդու արժանապատվության հարգման համար: Դրանք այն կարևոր գործիքներն են, որոնք քաղաքացիներին հնարավորություն են տալիս ակտիվորեն մասնակցել հասարակական կյանքին: Հուսով ենք, որ այսօրվա ցուցահանդեսը կառավարությանը, ԶԼՄ-ներին և հասարակությանը կհիշեցնի, թե իրենցից յուրաքանչյուրն ինչ դեր ունի ազատ խոսքի և տեղեկատվության իրավունքի կիրառման հարցում»:

ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանն իր ելույթում նշեց. «Այս միջոցառումը յուրահատուկ ակցիա է հանրության ուշադրությունը մեկ անգամ ևս բևեռելու մամուլի և տեղեկատվության ազատության հիմնահարցերին: Սա հատուկ ֆոտոցուցահանդես է, քանի որ այստեղ յուրաքանչյուր ոք` քաղաքացի, լրագրող, պրոֆեսիոնալ լուսանկարիչ, հնարավորություն ունեցավ ներկայացնելու իր աշխատանքը: Այս լուսանկարներում պատկերված հերոսներն իրենց անհամաձայնությունն են հայտնում մամուլի ազատության հանդեպ կատարվող բռնությունների նկատմամբ, ինչպես նաև փորձում են իրականացնել իրենց տեղեկատվություն ստանալու իրավունքը` անկախ խոչընդոտներից և արգելքներից»:

ՀՀ-ում ԱՄՆ Դեսպան Ջոն Հեֆերնը նույնպես գովասանքի խոսքեր ասաց կազմակերպիչներին և կարևորեց ազատ մամուլի և տեղեկատվության հասանելիության դերը գործուն ժողովրդավարության կայացման գործում: Դեսպան Հեֆերնը Հայաստանի Ինֆորմացիայի Ազատության Կենտրոնին կոչ արեց շարունակել պետական հաստատությունների թափանցիկութան և հաշվետվողականության զարգացմանն ուղղված իրենց արդյունավետ ջանքերը:

Մամուլի ազատության օրը նշվում է մայիսի 3-ին ողջ աշխարհում՝ ևս մեկ անգամ կարևորելու լրատվամիջոցների ազատության հիմնարար սկզբունքները: Միջոցառմանը կոչ արվեց անդամ երկրներին երաշխավորել և սատարել տեղեկատվության ազատությանը և հիշեցնել քաղաքացիական հասարակության կազմակերպություներին, այլ ներգրավված կառույցներին, և, մասնավորապես, լրատվամիջոցներին, տեղեկատվության ազատությունը խթանելու իրենց կարևոր դերի մասին:

«Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» ֆոտոցուցահանդես-2010

Մամուլի ազատության օրվա կապակցությամբ մայիսի 3-ին Երևանում բացվեց «Մամուլի ազատություն. տեղեկատվության ազատության իրավունք» թեմայով ցուցահանդեսը: ԻԱԿ-ի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ու ՄԱԿ-ի Հանրային վարչության երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի լրագրողներ, պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Ներկայացված երեք հարյուր աշխատանքներից ընտրված երեսուն ինքնատիպ լուսանկարներ ներկայացնող ցուցահանդեսի նպատակն է արտացոլել խոսքի և տեղեկատվության մատչելիության իրավունքի կիրառման մարտահրավերներն ու հնարավորությունները և կառավարություններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանրությանը հիշեցնել այդ իրավունքի կյանքի կոչման հարցում իրենց ունեցած դերի մասին: Մեկ շաբաթ տևողությամբ ցուցահանդեսի բոլոր լուսանկարները կհրապարակվեն կատալոգում:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը ողջունեց ցուցահանդեսը որպես ինքնատիպ միջոց` ներկայացնելու տեղեկատվության և խոսքի ազատության մասին հանրային ընկալումները. «Տեղեկատվության մատչելիությունը առանցքային դեր ունի մարդկային արժանապատվության հարգանքի հարցում և ծառայում է որպես կարևոր գործիք` հնարավորություն ընձեռելու քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ հանրային կյանքում և օգնում է իրականացնել իրենց այլ իրավունքները: Այս ցուցահանդեսը լավ հնարավորություն է խորհելու այս խնդիրների շուրջ»:

ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը հավելեց. «Սա առանձնահատուկ ցուցահանդես է, քանզի յուրաքանչյուրը` ներառյալ լրագրողները, քաղաքացիները, պրոֆեսիոնալ լուսանկարիչները, հրավիրված էին ներկայացնելու իրենց լուսանկարները թեմայի վերաբերյալ: Լուսանկարներում հերոսները բարձրաձայնում են իրենց անհամաձայնությունը մամուլի ազատության դեմ ոտնձգություններին, ինչպես նաև փորձում կյանքի կոչել տեղեկատվություն ձեռք բերելու իրենց իրավունքը` չնայած այն խոչընդոտներին, որոնց հանդիպում են»:

«Տեղեկատվության ազատությունը անքակտելիորեն կապված է արտահայտման ազատության հետ և ուստի հիմնորեն կապված է նաև լրատվամիջոցների ազատության հետ` առանցքային բաղադրիչ հանդիսանալով ժողովրդավարության, հմուտ կառավարման և մարդկային զարգացման առաջընթացի ամրապնդման գործում լրատվամիջոցներին հնարավորության տալու հարցում», – ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը իր խոսքում նշեց. «Այսօրվա գլոբալ դինամիկ միջավայրում առաջ ընթանալու համար հասարակությունները պետք է բացահայտեն իրենց ժողովրդի ստեղծագործական հմտություններն ու տաղանդները: Դա նշանակում է վստահել քաղաքացիների` ամբողջական տեղեկատվության հիման վրա նշանակալից ընտրութանը: Ես կոչ են անում բոլորիս հետամուտ լինել ավելի բաց և տեղեկացված հասարակության կերտմանը Հայաստանում»:

Մամուլի ազատության օրը նշվում է մայիսի 3-ին ողջ աշխարհում` հարգանքի տուրք տալու լրատվամիջոցների ազատության հիմնարար սկզբունքներին և կոչ անելու պետություներին` երաշխավորելու և խթանելու տեղեկատվության ազատությունը և հիշեցնելու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, այլ դերակատարներին` մասնավորապես ԶԼՄ-ներին, այն խթանելու գործում իրենց կենտրոնական դերի մասին:

Skip to content