Գլխավոր / Տեղեկատվության Ազատություն / Ինքնագնահատման համակարգ տեղեկություն տնօրինողների համար
ՏԱ ինքնագնահատման համակարգի մասին
Տեղեկություն տնօրինողները՝ տեղեկություններ ունեցող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունները, համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի, պետք է ներդնեն այն բոլոր անհրաժեշտ մեխանիզմները, որոնք կապահովեն տեղեկություններ ստանալու մարդու հիմնարար իրավունքը:
Տեղեկատվության ազատության ինքնագնահատման համակարգի ներդրման հանձնառությունը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի առաջարկով, ներառված է ԲԿԳ հայաստանյան 5-րդ Գործողությունների ծրագրում:
Տեղեկատվության ազատության ոլորտում իրավական պարտավորությունների կատարման, ինչպես նաև դրանց արդյունավետության վերաբերյալ համակարգված և փաստահենք տվյալներ հավաքագրելու, տեղեկատվական բազա ձեւավորելու և հանրայնացնելու նպատակով, առաջարկվում է մշակել և ներդնել ՏԱ ոլորտի ինքնագնահատման և վիճակագրության վարման/հանրայնացման միասնական համակարգ, որը պետական լիազոր մարմինը կկարողանա ամեն տարի օգտագործել՝ գնահատելու պետական կառավարման համակարգի ՏԱ իրավունքի իրացման գործընթացը։
Ինքնագնահատման արդյունքները կհամադրվեն արտաքին գնահատման արդյունքների հետ՝ հնարավորություն տալով խնդիրների քարտեզագրումը դարձնել ավելի թիրախային, բազմակողմանի, իսկ առաջարկված լուծումներն ավելի արդյունավետ։ Սա նաև մեկ միասնական և համադրելի ՏԱ գնահատման մշակույթի ներդրման և զարգացման գործիք է, որը նոր մակարդակի կհասցնի ոլորտային վերլուծությունները և ոլորտի զարգացմանն ուղղված բարեփոխումները։
ՏԱ ինքնագնահատման չափորոշիչները պետական կառույցներին (ցանկության դեպքում նաեւ ոչ միայն պետական) հնարավորություն կտան բացահայտելու պրոակտիվ և ռեակտիվ ՏԱ խնդիրները և թիրախային կոնկրետ լուծումներ մշակել։ Այս գործընթացն ուղղակի և անուղղակի ձեւով կբարելավի տեղեկատվության և տվյալների հասանելիությունը։
ՏԱ ինքնագնահատման չափորոշիչները, նպաստելով պրոակտիվ թափանցիկությանը, խթանում են նաեւ պետական գերատեսչությունների հաշվետվողականությունը։ Ինքնագնա- հատման չափորոշիչների մշակման շրջանակում հաշվարկվում են այնպիսի բաղադրիչներ, որ դրանց կիրառումը բացահայտի նաեւ մոնիթորինգի եւ գնահատման համակարգերի խնդիրները՝ հետագայում դրանց ուղղված լուծումներ մշակելու եւ գործարկելու համար։
Համակարգը կներառի նաեւ վիճակագրության վարման և հանրայնացման մեկ միասնական ձևաչափ, որը հնարավորություն կտա առնվազն նույնական և համադրելի եղանակով կիրառել վիճակագրության մասով օրենքով ամրագրված նորմերը։ Միաժամանակ, սա արդյունավետ միջոց է ձևավորելու վիճակագրության մշակման և հանրայնացման միասնական պրակտիկա՝ ապահովելով դրանց համադրումն ու արդյունավետ կիրառությունը ոլորտի բոլոր դերակատարների կողմից։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մշակել և Կառավարությանն է ներկայացրել Հանձնառությամբ նախատեսված ՏԱ ինքնագնահատման հայեցակարգը և ցուցիչների համակարգը, ինչպես նաև մշակել և ՏԱ պատասխանատուներին է ներկայացրել ՏԱ ինքնագնահատման ուղեցույցը:
Մեթոդոլոգիա
ՏԱ ինքնագնահատման Հարցաշար
Տեղեկատվության ազատության ինքնագնահատման հարցաշարը կազմված է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների և կազմակերպությունների համար՝ գնահատելու տեղեկատվության ազատության ոլորտում իր գործունեությունը Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենսդրությանը և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար: Հարցաշարում ներկայացված հարցերին պարզ «այո» կամ «ոչ» պատասխանելով՝ տեղեկություն տնօրինողը կարող է գնահատել՝ արդյոք փաստացի պատշաճ է կատարում տեղեկատվության ազատության ոլորտում իր պարտականությունները:
Հարցաշարի արդյունքների ամփոփում
0-5 միավոր
Տեղեկատվության ազատության վատ վիճակ՝ տեղեկատվության ազատության ոլորտում պարտականությունները պատշաճ չեն կատարվում կամ ընդհանրապես չեն կատարվում, տեղեկատվության ազատության հարաբերություններում տեղեկություն տնօրինողը գրեթե միշտ ՏԱ օրենսդրության որևէ խախտում է թույլ տալիս: Անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետում իրականացնել Ուղեցույցի 1-ին մասում նշված գործողությունները:
6-10 միավոր
Տեղեկատվության ազատության միջին վիճակ՝ տեղեկատվության ազատության ոլորտում պարտականությունները
պատշաճ չեն կատարվում կամ կատարվում են որոշակի թերություններով, տեղեկատվության ազատության
հարաբերություններում տեղեկություն տնօրինողը թեև ոչ միշտ, բայց հաճախ ՏԱ օրենսդրության խախտումներ է թույլ տալիս: Անհրաժեշտ է վերանայել ՏԱ ոլորտում իրականացվող գործողությունները, դրանք խմբագրել՝ Ուղեցույցի 1-ին մասում նշվածին համապատասխան:
11-15 միավոր
Տեղեկատվության ազատության լավ վիճակ՝ տեղեկատվության ազատության ոլորտում պարտականությունները
հիմնականում պատշաճ կատարվում են, տեղեկատվության ազատության հարաբերություններում տեղեկություն
տնօրինողը հիմնականում ՏԱ օրենսդրության խախտումներ թույլ չի տալիս: Տեղեկություն տնօրինողը կարող է
ձեռնամուխ լինել ՏԱ վիճակի ավելի խորը գնահատման/ինքնագնահատման՝ ՏԱ ոլորտում իր գործողությունները ավելի կատարելագործելու համար: