Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

Գլխավոր / Տեղեկատվության Ազատություն / Ռազմավարական դատավարություն
2011 թ.-ի դեկտեմբերի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայցով դիմեց ՀՀ վարչական դատարան` խնդրելով պարտավորեցնել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին տրամադրել ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև խնդրված տեղեկությունները չտրամադրելու համար կազմակերպության տնօրեն Տիգրան Վարդանյանին ենթարկել վարչական պատասխանատվության:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2011 թ.-ի դեկտեմբերի 19-ին հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` խնդրելով պարտավորեցնել «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ին տրամադրել ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունները չտրամադրելու համար ՓԲԸ-ի տնօրեն Ստեփան Ասլանյանին ենթարկել վարչական պատասխանատվության:
2011 թ. նոյեմբերի 8-ին ԻԱԿ-ը դիմել է դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը հնգօրյա ժամկետում տրամադրել հայցվող տեղեկատվությունը, ինչպես նաեւ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանին ենթարկել վարչական պատասխանատվության:
ԻԱԿ-ը 2011 թ.-ի նոյեմբերի 11-ին դիմել է դատարան՝ պահանջելով պարտավորեցնել «Համալսարանականներ» համատիրությանը հնգօրյա ժամկետում տրամադրել հայցվող տեղեկատվությունը, ինչպես նաև պարտավորեցնել «Համալսարանականներ» համատիրությանը հայցվող տեղեկատվությունը հրապարակել հանրության համար մատչելի վայրում:
01.12.2009 թ.-ին ԻԱԿ-ը «Առավոտ» օրաթերթի հետ համատեղ ՀՀ վարչական դատարան հայց է ներկայացրել Լոռու մարզպետի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու, որպես հետևանք տեղեկատվություն տրամադրել պարտադրելու և վարչական տույժի ենթարկելու պահանջների մասին:
01.12.2009 թ.-ին ԻԱԿ-ը «Առավոտ» օրաթերթի հետ համատեղ ՀՀ վարչական դատարան ճանաչման և գործողության կատարման հայց է ներկայացրել` Շիրակի մարզպետի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու, որպես հետևանք տեղեկատվություն տրամադրել պարտադրելու և վարչական տույժի ենթարկելու պահանջների մասին:

Ընդհանուր տեղեկություն

2003 թ.-ից ի վեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է տեղեկատվության ազատության իրավունքի դատական պաշտպանության առաքելությունը: 2020թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ հարուցվել է 70 դատական գործ` տեղեկատվություն ստանալու իրավունքի ոտնահարման վերաբերյալ, որոնք ամբողջությամբ ավարտվել են, և միայն 2 գործ է դեռեւս ընթացքի մեջ:

Ռազմավարական դատական գործերի ստեղծումը ԻԱԿ-ի հիմնական գործիքներից է՝ որպես տեղեկատվություն ստանալու իրավունքի պաշտպանության կարեւորագույն երաշխիք։ ՏԱ մասին դատական գործերը դրականորեն են ազդում տեղեկատվության ազատության վիճակի վրա` զերծ պահելով պաշտոնյաներին խախտում կատարելուց: Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է տեղեկատվության ազատության վերաբերյալ դատական գործեր այն պաշտոնյաների դեմ, ովքեր խախտում են քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը, անպատասխան են թողնում ՏԱ հարցումներին կամ տրամադրում են ողջ ամբողջական կամ թերի տեղեկատվություն: Այս գործընթացի շնորհիվ աստիճանաբար ձեւավորվում է տեղեկատվության ազատության վերաբերյալ դատական նախադեպային պրակտիկա:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնած դատական գործերից մի քանիսն ունեցել են նախադեպային նշանակություն: Այդպիսի գործ էր 2009 թ.-ին ավարտված` ԻԱԿ-ն ընդդեմ Ելփինի գյուղապետարանի դատական գործը, որի դեպքում առաջին անգամ տեղեկատվության ազատության իրավունքը խախտած պաշտոնյան` Ելփինի գյուղապետը, ենթարկվեց վարչական պատասխանատվության` տուգանքի` 50.000 դրամի չափով: Այս նախադեպը զարգացավ հաջորդ տարիների ընթացքում եւ համալրվեց տեղեկատվության ազատության իրավունքը խախտած տեղեկություն տնօրինողին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին եւս երկու գործով` ԻԱԿ-ն ընդդեմ “Դուստր Մարիաննա” ՍՊԸ-ի եւ ԻԱԿ-ն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի: Այս երկու գործերով էլ դատական վերջնական ակտը կայացվել է 2013թ.-ին: 

2010 թ.-ին կարեւոր նախաձեռնություն էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիմումը ՀՀ Սահմանադրական դատարան: Այս գործի արդյունքում ՀՀ Ազգային Ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծեց վարչական օրենսդրության բարեփոխումների  փաթեթ, որով ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքից դուրս եկավ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու պահանջը:

2012 թ.-ին նախադեպային  գործերից էին ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության և ԻԱԿ-ն ընդդեմ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի  դատական գործերը, երբ դատական կարգով ոչ միայն վերականգնվեց տեղեկատվություն ստանալու իրավունքը, այլ նաեւ փոխհատուցվեց դատական ծախսերը՝ պետտուրքը եւ փաստաբանին վճարված գումարը: 

Skip to content