Ընդհանուր տեղեկություն
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թ.-ի հուլիսի 1-ին Երևանում մի խումբ լրագրողների և իրավաբանների կողմից: ԻԱԿ-ի առաքելությունն է նպաստել տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառմանը, ՀՀ կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը և այդ համակարգում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմանը:
ԻԱԿ-ի 2024 թվականի հիմնական նպատակներն են․
- աջակցել ՀՀ կառավարությանը՝ ներդնելու արդյունավետ, արդիական, տվյալահենք և քաղաքացիակենտրոն ռազմավարական հաղորդակցության համակարգեր, կարողություններ և գործելակերպ,
- պաշտպանել մարդկանց անձնական տվյալները և խթանել երկրում անձնական տվյալների պաշտպանության համակարգի զարգացումը,
- նպաստել Իրական շահառուների թափանցիկության բարեփոխման իրականացմանը,
- զարգացնել տեղեկատվական ազատությանը նպաստող ռազմավարությունն ու իրականացման պրակտիկան,
- աջակցել ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարությանն ու գործողությունների ծրարգրի իրականացմանը,
- ապահովել տեղեկատվության ազատության ինքնագնահատման համակարգի ներդրումը և կիրառումը պետական մարմիններում,
- բարելավել դատական համակարգի ներքին և արտաքին հաղորդակցությունը,
- պաշտպանել քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների իրավունքները և շահերը տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացման գործընթացում:
ԻԱԿ-ի գործունեության հիմնական ուղղություններն են.
Ռազմավարական հաղորդակցություն
Համագործակցելով Chemonics International-ի հետ, ԱՄՆ ՄԶԳ Ռազամավարական հաղորդակցության աջակցության ծրագրի շրջանակում, ԻԱԿ-ն աջակցում է կառավարությանը՝ ներդնելու արդյունավետ, արդիական, տվյալահենք և քաղաքացիակենտրոն ռազմավարական հաղորդակցության համակարգեր, կարողություններ և գործելակերպ:
Ծրագիրն ունի երեք փոխկապակցված բաղադրիչ․
Բաղադրիչ 1. Աջակցել պետական համակարգում արդյունավետ ռազմավարական հաղորդակցության ինստիտուցիոնալ կառուցվածքի ներդրմանը և մարդկային ռեսուրսների կառավարմանը։
Բաղադրիչ 2. Ապահովել պետական համակարգում ռազմավարական հաղորդակցությանն առնչվող տվյալահենք տեղեկատվության կառավարմանն ուղղված ինստիտուցիոնալ համակարգերի ներդրումը
և կարողությունների զարգացումը։
Բաղադրիչ 3. Խթանել քաղաքացիակենտրոն ռազմավարական հաղորդակցությունը և հանրային իրազեկումը։
Բացի այդ, ԻԱԿ-ը համագործակցում է Development Professionals Inc.-ի հետ՝ աջակցելու դատական համակարգի ներքին և արտաքին հաղորդակցության զարգացմանը՝ մշակելով Բարձրագույն դատական խորհրդի հաղորդակցման ռազմավարություն, գործողությունների ծրագիր և աջակցում դրա իրականացմանն ու առաջընթացին:
Կոռուպցիայի դեմ պայքար
2001 թ.-ից մինչ օրս Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկատվության ազատության ոլորտի զարգացմանն ուղղված 60-ից ավելի ծրագիր է իրականացրել, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային խոշոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Բոլոր այդ ծրագրերի շրջանակում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, օգտագործելով տեղեկատվության ազատությունը որպես գործիք կոռուպցիայի հաղթահարման գործում, ակտիվորեն ներգրավված է կոռուպցիայի դեմ պայքարում:
ԻԱԿ-ն անդամակցում է ՄԱԿ-ի հակակոռուպցիոն կոնվեցիայի կոալիցիային:
2017 թ.-ին ընդգրկված է եղել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անհատական կազմում:
2019 թ.-ի հուլիսից ընդգրկված է ՀՀ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում:
Իրական շահառուների թափանցիկություն
2018 թվականից ԻԱԿ-ն ակտիվ դերակատարում է ստանձնել իրական շահառուների թափանցիկության գործընթացում՝ նախաձեռնելով հանրային խորհրդակցություններ և սերտորեն համագործակցել ՀՀ կառավարության հետ՝ ԲԿԳ հայաստանյան 4-րդ ազգային գործողությունների ծրագրում իրական շահառուների թափանցիկության վերաբերյալ նոր հանձնառություն ընդունելու ուղղությամբ: Ի կատարումն այս հանձնառության՝ ՀՀ ում ստեղծվել է բիզնեսի բոլոր ճյուղերի իրական շահառուների հանրային բաց ռեգիստր։ ԻԱԿ-ը թեմատիկ ծրագրեր է իրականացնում՝ շարունակելով անընդհատ աշխատանքը բարեփոխման կայացման և դրա շրջանակում հիմնական դերակատարների ակտիվ մասնակցության ապահովման ուղղությամբ։
Ապատեղեկատվության դեմ պայքար
ԻԱԿ-ն աջակցում է ապատեղեկատվության դեմ պայքարին՝ ոլորտը կարգավորող ռազմավարական փաստաթղթերի մշակման և գործարկման միջոցով, ինչպես նաև տարբեր դերակատարների համար թիրախային ուսուցումներ կազմակերպելով և հանրային կարևոր ոլորտներին առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր ստանալով և հանրայնացնելով։ Ոլորտում համակարգային փոփոխություններ իրականացնելու նպատակով, ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ, ԻԱԿ-ը մշակել է Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը 2023-2025 և դրա իրականացման ճանապարհային քարտեզը։ Այն նախատեսում է հրատապ և անհետաձգելի գործողությունների համալիր ՀՀ ինստիտուտներին և քաղաքացիներին ապատեղեկատվությունից պաշտպանելու նպատակով։
Բաց կառավարման գործընկերություն
ԻԱԿ-ն ակտիվորեն ներգրավված է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության մեջ։ Կենտրոնի ծրագրերի ղեկավար, փորձագետ Լիանա Դոյդոյանն ընդգրկված է ԲԿԳ-ում ՀՀ մասնակցության գործողությունների ծրագրից բխող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբում: ԻԱԿ-ը ոչ միայն մասնակցում է ԲԿԳ շրջանակում Հայաստանի ստանձնած գործողությունների իրականացմանը, այլև գործընկեր ՀԿ-ների աջակցությամբ հետևողականորեն դիտարկում է ՀՀ ստանձնած հանձնառությունների իրականացման գործընթացը:
Օրենսդրական բարեփոխումներ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ և կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանի, ինչպես նաև քաղհասրակության մի քանի ներկայացուցիչների և իրավաբանների կողմից դեռևս 2001 թվակնից մշակվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը: Ազգային ժողովի պատգամավորների հետ մի շարք խորհրդակցությունների և համագործակցության արդյունքում ՏԱ մասին օրենքն ընդունվել է ՀՀ ազգային ժողովում 2003 թվականի սեպտեմբերի 23-ին: Ներկայումս ԻԱԿ-ը շարունակում է ոլորտային օրենսդրական բարեփոխումների գործընթացում իր ակտիվ դերակատարումը:
Բարեփոխումներ էլեկտրոնային կառավարման ոլորտում
ԻԱԿ-ն իրականացնրել է մի շարք ծրագրեր կառավարման համակարգում էլեկտրոնային կառավարման նոր մեխանիզմներ ներդնելու, կատարելագործելու և դրանց հրապարակայնության ապահովմանն ու մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքի իրականացմանն ուղղելու նպատակով։ 2011 թ. ԻԱԿ-ի նախաձեռնությամբ և աջակցությամբ արդիականացվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարության և 10 մարզպետարանների պաշտոնական կայքերը: Ինչպես և 2009-2010 թթ. ԻԱԿ-ն աջակցել է ՀՀ մարզպետարաններում ներդնելու էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Մալբերի համակարգը: Կազմակերպվել է ուսուցումների շարք, տրամադրվել են համակարգիչներ քաղաքապետարաններին ու մարզպետարաններին:
Մշտադիտարկում
2003 թ.-ից սկսած՝ ՏԱ օրենքի ընդունումից ի վեր, ԻԱԿ-ը պարբերաբար իրականացրել է մոնիտորինգներ՝ պարզելու տեղեկատվության ազատության վիճակը ՀՀ-ում: Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում տեղեկատվության ազատության իրական վիճակը գնահատելու, պետական մարմիններին բաց և թափանցիկ աշխատելուն պարտավորեցնելու, ինչպես նաեւ քաղաքացիների համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար ԻԱԿ-ը տարեկան 1000-ից ավելի տեղեկություն ստանալու հարցումներ է ուղարկում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ` միաժամանակ լինելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ամենաակտիվ օգտագործող կազմակերպություններից մեկը:
Ուսուցումներ
Կենտրոնը ՀՀ ողջ տարածքում ուսուցումների միջոցով օգնում է քաղաքացիներին, ՀԿ, ԶԼՄ և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև պետական պաշտոնյաներին զարգացնել իրենց գիտելիքը և հմտությունները տեղեկատվության ազատության ոլորտում:
Հանրային քարոզարշավ
2001 թ.-ից մինչ օրս Կենտրոնն իրականացնում է հանրային լայն քարոզարշավ տեղեկատվության ազատության խնդիրներին հանրությանն իրազեկելու նպատակով։ Կենտրոնը հրապարակում է այն պաշտոնյաների «Սև ցուցակը», որոնք ոտնահարել են քաղաքացիների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների և իրավաբանական անձանց տեղեկատվություն ստանալու իրավունքը: ԻԱԿ-ը ԶԼՄ-ներով լայնորեն հրապարակայնացնում է տեղեկություն ստանալու իրավունքի խախտումները: ԻԱԿ-ն իրականացնում է ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն, որի ժամանակ ոսկե բանալի է շնորհվում ՏԱ օրենքը լավագույնս կիրառած քաղաքացիներին, ՀԿ-ներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին և լրագրողներին: Տրվում են նաև բացասական մրցանակներ` կողպեքներ, ՏԱ օրենքը խախտող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին:
ԻԱԿ-ն անդամակցում է.
- ՄԱԿ-ի հակակոռուպցիոն կոնվեցիայի կոալիցիային
- Տեղեկատվության ազատության պաշտպանների միջազգային ցանցին (հիմնադիր անդամ):
- «Տեղեկատվության ազատություն. Եվրոպա» կազմակերպությանը (հիմնադիր անդամ):
- Մեդիայի զարգացման գլոբալ ֆորումին
- Տեղեկատվության և ժողովրդավարության ֆորումին
Անձնակազմ
իակ կանոնադրություն
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հասարակական կազմակերպություն է, որը գործում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ միջազգային պայմանագրերի, գործող օրենսդրության և սույն կանոնադրության համաձայն: Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրության համաձայն: Կազմակերպությունը չի հետապնդում քաղաքական նպատակներ, չի հարում որևէ քաղաքական հոսանքի: