Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Պետական մարմինների ներկայացուցիչների հետ քննարկվել է ՏԱ օրենսդրական պրակտիկան

2024 թ. սեպտեմբերի 23-25 ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Ռազմավարական հաղորդակցության աջակցություն» ծրագրի շրջանակում անցկացվեց «Տեղեկատվության ազատություն. Օրենսդրություն և պրակտիկա» թեմայով աշխատաժողովների շարք ՀՀ պետական մարմինների ՏԱ պատասխանատուների համար։ Աշխատաժողովների նպատակն էր բարելավել պետական պաշտոնյաների գիտելիքը և մասնագիտական կարողությունները տեղեկատվության ազատության օրենսդրության վերաբերյալ:   Երեք աշխատաժողովներին մասնակցեց ՀՀ նախարարությունների, Կառավարությանը ենթակա մարմինների և մարզպետարանների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերը համակարգող ստորաբաժանումների շուրջ վաթսուն ներկայացուցիչ:

ԱՄՆ ՄԶԳ Ռազմավարական հաղորդակցության աջակցության ծրագրի տնօրեն Նոել Մարտինեսը մասնակիցներին ուղղված իր խոսքում նշեց. «Տեղեկատվության ազատության ապահովումը պետական մարմինների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության հիմքերից մեկն է: Ուստի մեր թիմն այս աշխատաժողովը համարում է ծրագրի կարևոր գործողություններից մեկը։ Ծրագրի շրջանակում մեր գործընկերն է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, որը տեղեկատվության ազատության օրենսդրության ոլորտում ունի կարողությունների զարգացման հարուստ փորձ»։

Ծրագրի գործընկեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) նախագահ Շուշան Դոյդոյանը ողջույնի իր խոսքում ընդգծեց տեղեկատվության ազատության ոլորտում մամուլի քարտուղարների, հաղորդակցության ստորաբաժանումների աշխատակիցների դերը․ «Այս տարիներին, ներդնելով գործուն մեխանիզմներ, մենք միասին ստեղծել ենք տեղեկատվության ազատության և թափանցիկության մշակույթ, ձևավորել ՏԱ առաջավոր պրակտիկա։ Չնայած զգալի առաջընթացին՝ ոլորտը լի է բազմաբնույթ խնդիրներով, որոնք առնչվում են բնագավառի իրավական կարգավորումներին։ Այս աշխատաժողովը հնարավորություն կտա վերհանելու առկա խնդիրները, զարգացնելու ոլորտի վերաբերյալ ունեցած գիտելիքը»։ 

Շուշան Դոյդոյանը մասնակիցներին ներկայացրեց 2024թ.-ի ապրիլին լրագրողների շրջանում ԻԱԿ-ի իրականացրած հետազոտության արդյունքները, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսի դժվարություններ են ունենում լրագրողները պետական մարմիններից տեղեկություն ստանալու իրենց իրավունքն իրացնելիս։ Անդրադառնալով հետազոտության արձանագրած խնդիրներին՝ մասնակիցները ընդգծեցին լրագրողական համայնքի և ՀՀ պետական մարմինների տեղեկատվության ազատության պատասխանատուների միջև երկխոսության ձևաչափերի խթանումը:

«Թեպետ հետևում ենք մամուլի հրապարակումներին, իրականացնում ենք մշտադիտարկում, կատարում վերլուծություններ և փորձում հասկանալ, թե մեր կողմից տրված պատասխանների հիման վրա ինչպիսի հրապարակումներ են պատրաստվում, այնուամենայնիվ, այս ուսումնասիրությունը հնարավորություն տվեց պարզելու լրագրողների կարծիքը մեր կատարած աշխատանքի մի շարք կարևոր ասպեկտների վերաբերյալ»,- նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկատվության բաժնի պետ, մամուլի քարտուղարի պարտականությունները կատարող Կարինե Մանուկյանը։

Աշխատաժողովի դասընթացավար, ՏԱ փորձագետ Գևորգ Հայրապետյանը մասնակիցներին ներկայացրեց ՀՀ-ում ՏԱ օրենսդրության կիրառման պրակտիկան՝ առանձին օրինակներով անդրադառնալով տարածված խնդիրներին ու դրանց լուծման իրավական և կազմակերպչական մեխանիզմներին։ Գևորգ Հայրապետյանն ընդգծեց պետական կառավարման մարմինների կողմից տնօրինվող տեղեկությունների և դրանց կարգավիճակի վերաբերյալ համակարգված տեղեկատվական բազաների մշակման կարևորությունը։ Փորձագետը կարևորեց նաև ՏԱ ոլորտի ինքնագնահատման մեխանիզմի կիրառումը՝ որպես պետական կառույցներում ոլորտային խնդիրների բացահայտման, ապա նաև թիրախային և արդյունավետ լուծումներ մշակելու գործիք։

ԱՄՆ ՄԶԳ Ռազմավարական հաղորդակցության աջակցության ծրագրի շրջանակում աշխատաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան շարունակել փորձագետների հետ աշխատանքը նաև անհատական խորհրդատվությունների ձևաչափով առաջիկա շաբաթների ընթացքում։

Skip to content