Անձնական տվյալների պաշտպանություն
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության ստանդարտների զարգացման և այս ոլորտում հանրային իրազեկվածության բարձրացման առաջամարտիկն է: Կենտրոնը վճռորոշ դեր է ունեցել 2015 թ.-ին Հայաստանում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի մշակման և ընդունման գործում: Օրենքի ընդունումից հետո ԻԱԿ-ը նախաձեռնել է մի շարք գործողություններ՝ ուղղված հանրային ծառայողների, բիզնես և ԶԼՄ ներկայացուցիչների, ՀԿ-ների և լայն հանրության շրջանում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ իրազեկմանն ու հմտությունների բարձրացմանը: Մասնավորապես, ԻԱԿ-ը բիզնեսի ներկայացուցիչների, պետական մարմինների պաշտոնյաների, դպրոցների ուսուցիչների և լրագրողների համար կազմակերպել է մի շարք դասընթացներ՝ ուղղված անձնական տվյալների պաշտպանության կանոնների իրականացմանը:
ԻԱԿ-ը իրականացրել է նաև մի շարք անցանց և առցանց քարոզարշավներ, այդ թվում՝ սոցիալական ցանցերում, նպաստելով հանրության շրջանում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ իրազեկման ձևավորմանն ու գիտելիքի բարձրացմանը։ ԻԱԿ-ն ամեն օր պաշտոնյաներին, լրագրողներին, ՀԿ-ներին և քաղաքացիներին տրամադրում է անձնական տվյալների պաշտպանության տեղական և միջազգային կանոնների վերաբերյալ խորհրդատվություն։
Իրազեկման արշավների և վերապատարստումների միջոցով տվյալների սուբյեկտների և պետական ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների իրազեկվածության բարձրացման ընթացքում ԻԱԿ-ը կիրառում է «տվյալների պաշտպանության ոսկե կանոնները», որպեսզի հնարավորինս շատ թվով անհատներ և ընկերություններ իմանան, թե երբ է օրենքը կիրառվում տվյալներ վերահսկողների և տվյալների սուբյեկտների նկատմամբ ու թե ինչ հետևանքներ է դա ենթադրում:
2018-2021թթ․ ԻԱԿ-ն ակտիվորեն բողոքարկել է նաև քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը։ Մասնավորապես, Կենտրոնը 3 վարչական բողոք է ներկայացրել ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, որոնք աջարտվել են ԻԱկ հաղթականով՝ վերականգնելով երեխաների, աշխատողների, քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության ոտնահարված իրավունքը։
ԻԱԿ-ը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) երևանյան գրասենյակի աջակցությամբ Հայաստանում իրականացրել է անձնական տվյալների պաշտպանության և տվյալների անվտանգության ելակետային գնահատում․ ԻԱկ փորձագետների խումբը մշակել է գնահատման հաշվետվություն և իարվիճակի բարելավմանն ուղղվաթ առաջարկներ: ԻԱԿ-ը նաև գնահատել է տեղական ինքնակառավարման մարմիններում առկա մեխանիզմները՝ քաղաքացիներին իրազեկելով անձնական տվյալների մշակման վերաբերյալ իրենց իրավունքների և պարտականությունների մասին։
ԻԱԿ-ը նաև մշակել է անձնական տվյալների պաշտպանության կանոնների և տեղեկատվական անվտանգության ներքին ուղեցույցներ տեղական ինքնակառավարման մարմինների համար։ Իսկ համանյքների բնակիչների համար մշակել է տեղեկատվական քարտեր անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ։ Տեղական ինքնակառավարման մարմինների 100-ից ավելի պաշտոնյաներ մասնակցել են մշակված ուղեցույցների ու միջազգային լավագույն փորձի հիման վրա անցկացված ԻԱԿ վերապատրաստումներին: