Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
2023 թվականի նոյեմբերի 1-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետարանից հայցված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցով։
2021 թվականի մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

38. ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության

2013 թ.-ի փետրվարի 11-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությանը` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.

«ԽՍՀՄ գոյության ժամանակաշրջանում գաղտնագրված տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայման կարգի մասին» համաձայնագրի շրջանակներում.

  1. Ո՞ր տեղեկությունների գաղտնիության աստիճանն է վերանայվել:
  2. Ովքե՞ր կարող են դիմել գաղտնազերծված տեղեկությունները ստանալու համար:
  3. Գաղտնազերծված տեղեկությունները ո՞ր մարմնից կարելի է ստանալ։
  4. Խնդրում եմ տրամադրել 18.04.2011 թ. ստորագրված «ԽՍՀՄ գոյության ժամանակաշրջանում գաղտնագրված տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայման կարգի մասին» համաձայնագրի պատճեն»:

2013 թ.-ի փետրվարի 21-ին ԱԱԾ-ն տրամադրել է թերի պատասխան: ԻԱԿ-ը ԱԱԾ-ի պատասխանը համարել է թերի, քանի որ ԱԱԾ-ն ըստ էության չէր պատասխանել ԻԱԿ-ի ներկայացրած հարցերին, ինչպես նաեւ չէր տրամադրել խնդրված համաձայնագրի պատճենը:

2013 թ.-ի մարտի 7-ին տեղեկություն ստանալու գրավոր կրկնակի հարցմամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նորից դիմեց ԱԱԾ-ին` սակայն կրկին ստացավ նույն թերի պատասխանը:

Արդյունքում, 2013 թ.-ի ապրիլի 5-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց ներկայացրեց ՀՀ Վարչական դատարան` դատարանից խնդրելով ճանաչել Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ի` տեղեկատվության ազատության եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքների խախտման փաստը եւ պարտադրել ԱԱԾ-ին ԻԱԿ-ին տրամադրել սպառիչ տեղեկատվություն:

Առաջին դատական նիստը տեղի ունեցավ 2013 թ.-ի հունիսի 11-ին: Դատարանը որոշեց ավարտել դատաքննության նախապատրաստության փուլը եւ նշանակեց դատաքննություն: Դատական հաջորդ նիստը տեղի ունեցավ 2013 թ․-ի օգոստոսի 29-ին: Դատաքննությունն ավարտվեց, եւ դատարանը իր վճիռը հրապարակcեց 2013 թ.-ի սեպտեմբերի 19-ին: Դատարանը վճռեց մերժել ԻԱԿ-ի հայցը` գտնելով, որ հարցմամբ դիմելու պահին ԱԱԾ-ն չի տիրապետել պահանջվող տեղեկությունները: 2013 թ.-ի հոկտեմբերի 18-ին ԻԱԿ-ը բողոքարկեց դատարանի վճիռը վերաքննության կարգով, քանի որ անգամ տեղեկությունը չունենալու կամ դա տրամադրելու լիազորություն չունենալու դեպքում ըստ ՏԱ մասին ՀՀ օրենքի ԱԱԾ-ն պարտավոր էր այդ մասին գրավոր հայտնել ԻԱԿ-ին, ինչը չի արել, որով եւ խախտել է ԻԱԿ-ի` տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը, սակայն այս հանգամանքին դատարանը վճռով չի անդրադարձել: 2014 թ.-ի փետրվարի 11-ի որոշմամբ վերաքննիչ դատարանը որոշեց կարճել ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության դատական գործը` գտնելով, որ վարչական դատարանն ի սկզբանե չպետք է քննել իրավունքի խախտման փաստը ճանաչելու պահանջով հայց:

ԻԱԿ-ը բողոքարկել է վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով: ՀՀ Վճռաբեկ դատարանը վերադարձրել է ԻԱԿ-ի բողոքը` նշելով, որ այն չի համապատասխանու վճռաբեկ բողոքի պայմաններին, այն պարագայում, որ ԻԱԿ-ը վճռաբեկ բողոքը ներկայացրել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված` վճռաբեկ բողոքին ներկայացվող պահանջների պահպանմամբ: Այս պարագայում վճռաբեկ դատարանը չի նշել այն չափանիշները, թե ինչպիսի բողոք է ակնկալում ստանալ ԻԱԿ-ից, ուստի ԻԱԿ-ը պատրաստվում է դիմել ՀՀ Սահմանադրական դատարան` վճռաբեկ բողոքի ընդունելությանը իրավական որոշակիության առումով գնահատական տալու համար:

ԻԱԿ-ի` 2013 թ.-ի ապրիլի 5-ին ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՀ վարչական դատարանի` 2013 թ.-ի սեպտեմբերի 19-ի վճռին կարող եք ծանոթանալ այստեղ:

ԻԱԿ-ի` 2013 թ.-ի հոկտեմբերի 18-ին ՀՀ վաչական վերաքննիչ դատարան ներկայացրած վերաքննիչ բողոքին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի` 2014 թ.-ի փետրվարի 11-ի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Skip to content