Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Խնդիրներ և լուծումներ․ լրագրողները քննարկեցին տեղեկություն ստանալու հարցումների առցանց հարթակի հնարավորությունները

Տեղեկատվության ազատության միջազգային օրվան ընթառաջ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպել էր աշխատանքային քննարկում լրագրողների մասնակցությամբ։ Նախաձեռնության նպատակն էր քննարկել էլեկտրոնային հարցումների միասնական e-request հարթակի հնարավորություններն ու խնդիրները և պարզել, թե լրագրողներն ինչու են հաճախ խուսափում են օգտագործել այս ռեսուրսը՝ նախընտրելով տեղեկություն ստանալու հարցումները պետական մարմին ուղարկել էլեկտրոնային փոստով։

Խնդիրն ԻԱԿ-ն արձանագրել էր դեռևս 2024 թվականի ապրիլին. «Լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքը- 2024» հետազոտության արդյունքերը ցույց են տալիս, որ լրագրողների միայն 13 %-ն օգտագոծում e-request հարթակը։ Պատճառները տաբեր են՝ բացասական փորձառությունից մինչև վստահության պակաս, սակայն լրագրողների պատասխանները հուշում են նաև, որ հարթակի գործածության մասին առկա տեղեկությունները քիչ են, հաճախ նաև՝ հնացած։

Հաշվի առնելով այս խնդիրները՝ Հայաստանի մեդիա զարգացման ծրագրի շրջանակներում ԻԱԿ-ը նախաձեռնել է միջոցառումների շարք, որոնք կոչված են բարձրացնելու հարթակի վերաբերյալ լրագրողների իրազեկման մակարդակն ու խթանելու հարթակի կիրառությունը։ Ծրագիրն իրականացնում է Ինտերնյուս կազմակերպությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։

Սեպտեմբերի 26-ին ԻԱԿ-ը մի հարկի տակ էր հավաքել լրագրողներին և հարթակը գործարկող Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի (ԷԿԵՆԳ) ներկայացուցիչներին՝ միասին քննարկելու այս ոլորտում լրագրողական համայնքի կարիքներն ու հարթակի բարելավման հնարավորությունները։

Լրագրողներից մի քանիսը խոստովանեցին, որ դեռևս հարթակի գործարկման առաջին փուլում փորձել են օգտվել, սակայն տեխնիկական դժվարությունների հանդիպելով, այլևս չեն վերադարձել հարթակին: News.am լրագրող Թագուհի Մելքոնյանն, օրինակ, խանգարող հանգամանքներից նշեց էլեկտրոնային ստորագրության պահանջը: Իրականում ԻԱԿ-ի նախաձեռնությամբ հարթակի առաջին էջից ստորագրության պահանջի մասին ծանուցումը հարցումների դեպքում վաղուց արդե հանվել է։ Միաժամանակ ձևավորվել է դրական պրակտիկա, երբ պետական կառույցները որպես ստորագրություն դիտարկում են նաև ստորագրության պատկերով հարցումները։ Այսպես ԻԱԿ հաղորդակցության մասնագետ Մանե Մադոյանը, ներկայացնելով կառույցի հարցումներ ուղարկելու փորձառությունը, հավաստիացրեց, որ դեռևս ոչ մի կառույց էլեկտրոնային ստորագրության պահանջ չի առաջադրել․ ԻԱԿ-ը հարցումներն ուղարկում է e-request.am հարթակով և միշտ կցում հարցման կնիք-ստորագրությամբ լուսապատճենը։ Ավելին, նախորդ շաբաթների ընթացքում ԻԱԿ-ը ուղարկել է նաև առանց լուսապատճենի հարցումներ և բացարձակ մեծամասնության դեպքում ստացել ժամանակին լիարժեք պատասխաններ։

Հանդիպմանը ներկա ԷԿԵՆԳ-ի ներկայացուցիչները լրագրողներին քայլ առ քայլ ներկայացրին առցանց հարցումներ ուղարկելու գործընթացը՝ նշելով, որ ստեղծման օրից, թե օգտատերերի, թե Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համագործակցության արդյունքում մի շարք բարփոխումներ են արվել, որպեսզի առավել հեշտացվի գործընթացը: Մասնակիցները հնարավորություն ստացան հաթակի վերաբերյալ իրենց տարաբնույթ հարցերն ուղղել հենց կայքը կառավարող թիմին, իսկ հանդիպման վերջում փոխանցելու նաև հարթակը բարելավելու իրենց առաջարկները։

Մասնակիցները կարևորեցին նաև հարթակի՝ հարցմանը հետևելու հնարավորությունը․ այլևս պարտադիր չէ հարցումն ուղարկելուց հետո զանգով կամ նամակով ստանալ հարցումը ստանալու հաստատում կամ տեղեկություններ փաստաթղթի ընթացքի վերաբերյալ։ Հարցումն ուղարկելուց հետո հարթակը րոպեների ընթացքում ծանուցագիր է ուղարկում էլեկտրոնային հասցեին, հաստատելով, որ հարցումը մուտքագրվել է պետական մարմնի փաստաթղթաշրջանառության համակարգ, իսկ ՀԵՏԵՎԵԼ ԳՈՐԾԻ ԸՆԹԱՑՔԻՆ պատուհանը հնարավորություն է տալիս հատուկ հսկիչ համարի միջոցով յուրաքանչյուր պահի տեսնել, թե փաստաթուղթ ինչ կարգավիճակ ունի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև կապ հաստատել կոնկրետ կատարողի հետ։

Մասնակիցները նաև արձանագրեցին, որ ցավոք ոչ բոլոր կառույցերի դեպքում է, որ փաստաթղթի հետ աշխատանքին առնչվող բոլոր տեղեկությունները բաց են օգտատիրոջ համար։ ԷԿԵՆԳ-ի ներկաացուցիչները բացատրեցին այդ տարբերությունների հիմնական հնարավոր պատճառները և առաջարկեցի կոնկրետ կառույցների մասով արձանագրված խնդիրներն ուղարկել իրենց՝ պետական մարմինների հետ ուղիղ կապ հաստատելու և բացթողումները լրացնելու նպատակով։

ԷԿԵՆԳ-ի Ծրագրերի կառավարման բաժնի ղեկավար Արաքս Ավետյանը լրագրողներին հավաստիացրեց, որ հարթակի բաերելավման գործընթացը երբեք չի դադարում։ «Մենք պարբերաբար ուսումնասիրություններ և դիտարկումներ ենք անում, վերլուծում օգտատերերի վարքագիծը հարթակում և ըստ դրա փոփոխություններ անում»։ Նա կոչ արեց լրագրողներին ակտիվորեն օգտագործել հարթակն ու ցանկացած խնդրի դեպքում կապ հաստատել թիմի հետ կամ փոխանցել դիտարկումները կայքի կարծիքների հավաքագրման գործիքների միջոցով, քանի որ օգտաատերերի արձագանքները կարևոր աղբյուր են կայքի փոփոխություններ իրականացնելու համար։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ծրագրերի համակարգող Լիանա Դոյդոյանը նշեց, որ առաջիկայում ԻԱԿ-ը հարթակի տարածմանն ուղղված այլ միջոցառումներ ևս կանցկացնի և առաջարկեց մասնակիցներին ակտիվորեն ներգրավվել և իրենց անմիջական ներդրումն ունենալ այս կարևոր գործիքը լրագրողական համայնքի համար առավել կիրառական դարձնելու հարցում։

e-request հարթակը ստեղծվել է 2019-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ արդարադատության նախարարության առաջարկով։ Այսօր արդեն հարթակին կցված են 200-ից ավելի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, հանրային նշանակության կառույցներ։ Հարթակը հնարավորություն է տալիս կցված կառույցներին առցանց ուղարկել հարցում, դիմում կամ բողոք։ Օգտատերը նաև կարող է հետևել իր նամակի ընթացքին՝ տրամադրված հսկիչ համարի միջոցով և ստանալ նամակի պատասխանը հենց հարթակի միջոցով և/կամ իր էլեկտրոնային փոստին։

Skip to content