2013 թ.-ի նոյեմբերի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ին` խնդրելով տեղեկություններ Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված տեսախցիկների վերաբերյալ, այդ թվում` Երեւան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված յուրաքանչյուր տեսախցիկի տեղադրման համար հիմք հանդիսացած իրավական ակտի (օրենք, որոշում, կարգադրություն եւ այլն) պատճենը: Սակայն ՓԲԸ-ն 2013 թ.-ի օգոստոսի 1-ին տրամադրված պատասխան գրությամբ մերժեց տրամադրել խնդրվող տեղեկությունները` պատճառաբանելով, որ ՓԲԸ-ն հանրային նշանակության կազմակերպություն չէ, քանի որ հանրությանը ծառայություններ չի մատուցում եւ ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք չունի, հետեւաբար, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ՓԲԸ-ի վրա չի տարածվում, եւ ՓԲԸ-ն տեղեկություն տրամադրելու պարտավորություն չունի:
2013 թ.-ի դեկտեմբերի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմեց ՀՀ վարչական դատարան ընդդեմ «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի եւ «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանի` դատարանին խնդրելով ճանաչել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը, պարտավորեցնել պատասխանողին տրամադրել հայցվող տեղեկատվությունը, ինչպես նաեւ պահանջվող տեղեկատվության տրամադրումը մերժելու համար «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանին ենթարկել վարչական պատասխանատվության, 50.000 դրամի չափով:
Դատարանը մերժել էր ընդունել տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը ճանաչելու եւ պատասխանողին հայցվող տեղեկատվությունը տրամադրել պարտավորեցնելու պահանջները, իսկ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասով հայցադիմումը վերադարձրել էր: Հայցի ընդունելության մասին դատարանի որոշումը 2014 թ.-ի փետրվարի 10-ին ԻԱԿ-ը բողոքարկել էր ՀՀ վարչական վերաքննիչ դատարան: 2014 թ.-ի մարտի 14-ի որոշմամբ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը ԻԱԿ-ի բողոքը բավարարել էր մասնակի. վերաքննիչ դատարանը վերացրել էր վարչական դատարանի որոշումը վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասով հայցադիմումը վերադարձնելու մասին, իսկ տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը ճանաչելու եւ պատասխանողին հայցվող տեղեկատվությունը տրամադրել պարտավորեցնելու մասին հայցապահանջներն ընդունելը մերժելու մասով վարչական դատարանի որոշումը թողել էր ուժի մեջ:
2014 թ.-ի մարտի 22-ին ԻԱԿ-ը բողոքարկեց ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով: Սակայն վճռաբեկ դատարանը մերժեց ԻԱԿ-ի բողոքը, ուստի ԻԱԿ-ի հայցը վարույթ ընդունվեց միայն «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասով:
Մինչեւ 2015 թ.-ի օգոստոսի 14-ը տեւած դատական գործի արդյունքում ՀՀ վարչական դատարանն ԻԱԿ-ի հայցը մերժեց: ԻԱԿ-ը դատարանի որոշումը բողոքարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում առաջին դատական նիստը տեղի ունեցավ 2016 թ.-ի մարտի 3-ին: Դատական հաջորդ նիստը տեղի ունեցավ 2016 թ.-ի մարտի 30-ին: 2016 թ.-ի ապրիլի 19-ին վերաքննիչ վարչական դատարանը հրապարակեց իր որոշումը, որով մերժեց ԻԱԿ-ի վերաքննիչ բողոքը՝ ուժի մեջ թողնելով ՀՀ վարչական դատարանի վճիռը: 2016 թ.-ի մայիսի 23-ին ԻԱԿ-ը դիմեց ՀՀ Վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարանը մերժեց ԻԱԿ-ի բողոքը վարույթ ընդունելը:
«Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի 2013թ.-ի նոյեմբերի 21-ին ԻԱԿ-ի ուղարկած հարցմանը եւ ՓԲԸ-ի պատասխանին կարող եք ծանոթանալ http://www.givemeinfo.am/hy/case/1315/ հղմամբ:
ԻԱԿ-ի` 2013 թ.-ի դեկտեմբերի 26-ին ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի` 2014 թ.-ի մարտի 14-ի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ:
ԻԱԿ-ի` 2014 թ.-ի մարտի 22-ին ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացրած վճռաբեկ բողոքին կարող եք ծանոթանալ այստեղ: