Ընդհանուր տեղեկություն
2003 թ.-ից ի վեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է տեղեկատվության ազատության իրավունքի դատական պաշտպանության առաքելությունը: 2020թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ հարուցվել է 70 դատական գործ` տեղեկատվություն ստանալու իրավունքի ոտնահարման վերաբերյալ, որոնք ամբողջությամբ ավարտվել են, և միայն 2 գործ է դեռեւս ընթացքի մեջ:
Ռազմավարական դատական գործերի ստեղծումը ԻԱԿ-ի հիմնական գործիքներից է՝ որպես տեղեկատվություն ստանալու իրավունքի պաշտպանության կարեւորագույն երաշխիք։ ՏԱ մասին դատական գործերը դրականորեն են ազդում տեղեկատվության ազատության վիճակի վրա` զերծ պահելով պաշտոնյաներին խախտում կատարելուց: Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է տեղեկատվության ազատության վերաբերյալ դատական գործեր այն պաշտոնյաների դեմ, ովքեր խախտում են քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը, անպատասխան են թողնում ՏԱ հարցումներին կամ տրամադրում են ողջ ամբողջական կամ թերի տեղեկատվություն: Այս գործընթացի շնորհիվ աստիճանաբար ձեւավորվում է տեղեկատվության ազատության վերաբերյալ դատական նախադեպային պրակտիկա:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնած դատական գործերից մի քանիսն ունեցել են նախադեպային նշանակություն: Այդպիսի գործ էր 2009 թ.-ին ավարտված` ԻԱԿ-ն ընդդեմ Ելփինի գյուղապետարանի դատական գործը, որի դեպքում առաջին անգամ տեղեկատվության ազատության իրավունքը խախտած պաշտոնյան` Ելփինի գյուղապետը, ենթարկվեց վարչական պատասխանատվության` տուգանքի` 50.000 դրամի չափով: Այս նախադեպը զարգացավ հաջորդ տարիների ընթացքում եւ համալրվեց տեղեկատվության ազատության իրավունքը խախտած տեղեկություն տնօրինողին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին եւս երկու գործով` ԻԱԿ-ն ընդդեմ “Դուստր Մարիաննա” ՍՊԸ-ի եւ ԻԱԿ-ն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի: Այս երկու գործերով էլ դատական վերջնական ակտը կայացվել է 2013թ.-ին:
2010 թ.-ին կարեւոր նախաձեռնություն էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիմումը ՀՀ Սահմանադրական դատարան: Այս գործի արդյունքում ՀՀ Ազգային Ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծեց վարչական օրենսդրության բարեփոխումների փաթեթ, որով ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքից դուրս եկավ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու պահանջը:
2012 թ.-ին նախադեպային գործերից էին ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության և ԻԱԿ-ն ընդդեմ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի դատական գործերը, երբ դատական կարգով ոչ միայն վերականգնվեց տեղեկատվություն ստանալու իրավունքը, այլ նաեւ փոխհատուցվեց դատական ծախսերը՝ պետտուրքը եւ փաստաբանին վճարված գումարը: