Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 23 տարեկան է․ հարցազրույց կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի հետ

Հուլիսի 1-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տոնում է հիմնադրման 23-ամյակը։ Կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի հետ զրույցում անդրադարձել ենք Հայաստանում կառույցի ունեցած դերակատարմանը, իրականացրած աշխատանքներին և առաջիկայում նախատեսվող ծրագրերին։

– Տիկի՛ն Դոյդոյան, շնորհավորելով ԻԱԿ 23-ամյակի կապակցությամբ, անդրադառնանք այն գաղափարին, որը Ձեզ, մի շարք լրագրողների ու իրավաբանների տարիներ առաջ համախմբեց հիմնելու Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։

Շ.Դ. – Կենտրոն հիմնելու գաղափարն առաջացել էր, երբ վերապատրաստման ծրագրով մեկնել էի ԱՄՆ և այնտեղ տեսել, թե որքան պաշտպանված են տեղացի լրագրողներն ու իրազեկ իրենց իրավունքներից։ Ուսումնասիրելով լրագրողներին, քաղաքացիներին նման հնարավորություններ ընձեռող կառույցների փորձը, որոնք, ի դեպ, ֆինանսավորվում էին ԱՄՆ պետբյուջեից, որոշեցի վերադառնալուն պես մեր երկրում ստեղծել նմանօրինակ գործառույթ իրականացնող կենտրոն։ Գալով Հայաստան, համախմբելով գաղափարակից լրագրողների, իրավաբանների՝ հիմնեցինք Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, որի գործունեության որպես գլխավոր նպատակ սահմանեցինք տեղեկատվության ազատության մասին օրենքի կիրառմանը, ՀՀ կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը նպաստելը։ Թեպետ Կենտրոնը ստեղծվեց՝ ԱՄՆ համանման կառույցների մոդելը նկատի ունենալով, այնուամենայնիվ, այն ձևավորվեց իբրև հասարակական ոչ առևտրային կազմակերպություն։ Ու չնայած մեր երկրում տեղեկատվության ազատության ոլորտում մինչ օրս չի ստեղծվել պետական լիազոր մարմին՝ Կենտրոնն իր հիմնադրման օրից իրականացնում է դրան բնորոշ գործառույթներ։

– Հարցազրույցներից մեկի ժամանակ նշել եք՝ Կենտրոնի ստեղծման ու գործունեության պատմությունը համարում եք հաջողության պատմություն ամբողջ Հայաստանի համար։ Ինչո՞ւ։

Շ.Դ. – Կենտրոնի հիմնումն իսկապես հաջողության պատմություն է մեր երկրի համար, քանի որ այն ծառայում է իբրև ռեսուրս, երբ դժվարություններ են առաջանում կառավարությունից և/կամ պետական մարմիններից տեղեկություն ստանալու գործընթացում, իսկ առանց տեղեկության պարզապես անհնար է իրացնել ընձեռվող մյուս բոլոր իրավունքները։ Ստեղծելով այս կառույցը՝ մենք ձեռնամուխ եղանք ՏԱ օրենքի մշակման գործընթացին և, միավորել ջանքերը ԱԺ պատգամավորների հետ, ՀՀ քաղաքացիական հասարակության համար ստեղծեցինք դեռ այն ժամանակվա համար (2003թ․) հզոր մի գործիք, որը մինչ օրս կենսունակ է։ Ըստ էության՝ Կենտրոնը ռեսուրս է նաև պետական մարմինների համար․ այս տարիների ընթացքում այն պետական մարմինների ներկայացուցիչներին տրամադրվել է աջակցություն, երբ այս ոլորտում նրանք բախվել են դժվարութւյունների կամ երբ փորձել են իրականացնել իրենց պարտականությունները՝ առավել թափանցիկ և հաշվետու աշխատելու տեսանկյունից։ Բացի այդ՝ մենք հազարավոր քաղծառայողների տրամադրել ենք խորհրդատվություն, նրանց շրջանում իրականացրել մի շարք ծրագրեր ու դասընթացներ։ Հպարտությամբ պետք է նշեմ, որ Հայաստանում ՏԱ գաղափարը հանրահռչակվել և կյանքի է կոչվել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի համառ ու հետևողական ջանքերի շնորհիվ։

– Ոլորտի զարգացման գործում Կենտրոնի ունեցած դերը մատնանշում են ոչ միայն տեղական, այլև միջազգային կառույցները։ Թեպետ իրականացրած ծրագրերը անցնում են մի քանի հարյուրը, բայց, ըստ Ձեզ, հատկապես որ նախաձեռնությունների շնորհիվ հնարավոր դարձավ ունենալ դրական դերակատարում այս ոլորտում։

Շ.Դ. – Այո՛, Կենտրոնի իրականացրած բոլոր ծրագրերն ու նախաձեռնություններն ունեցել են իրենց դերակատարումը ոլորտի կայացման գործում, բայց դրանցից պետք է առանձնացնել հատկապես երկուսը։ Առաջինը ՏԱ լավագույն օրենքներից մեկի մշակումն ու դրա ընդունումն էր։ Նախորդ 21 տարիների ընթացքում բոլոր կառավարությունները փորձեր են կատարել օրենքը ձևելու ըստ իրենց պատկերացումների, բայց մեր կատարած աշխատանքների, ներդրած ջանքերի հաջողվել է կասեցնել դրանք ու չթողնել, որ թուլացնեն այս գործիքի ուժը կամ խլեն քաղաքացիական հասարակության ձեռքից։ Մեր երկրորդ գլխավոր ձեռքբերումը ՏԱ ոլորտում դատական դրական պրակտիկայի ձևավորումն է։ Մենք ձեռնարկել ենք 70-ից ավելի դատական գործեր, երբ ապօրինի կերպով մերժվել է տրամադրել որևէ տեղեկություն կամ խախտվել է ՏԱ օրենքով սահմանվող կանոնները։ Դատական գործերով պահանջներ ենք ներկայացրել՝ ճանաչելու իրավունքի խախտման փաստը, վերականգնելու խախտված իրավունքները և տրամադրելու մերժված տեղեկությունները։ Այս դատական դրական պրակտիկայի ձևավորումը իսկապես եղել և մնում է մեծագույն շարժիչ ուժ ՏԱ զարգացման համար։

– 23 տավա ընթացքում հավանաբար եղել է նաև որևէ շրջադարձային փուլ, որը զգալիորեն ազդել է Կենտրոնի գործունեության վրա․․․

Շ.Դ. – Շրջադարձային էին այն տարիները, երբ դադարեցրի աշխատանքս Կենտրոնում․ կարևորելով անձնական տվյալների պաշտպանության ոլորտի զարգացումը՝ ընդունել էի Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության առաջարկած աշխատանքը և հիմնական ջանքերս ուղղել դեպի այս բնագավառ։ Այդ ընթացքում Կենտրոնը համեմատաբար պասիվ դիրքում էր, բայց երկու տարի անց, վերադառնալով Կենտրոն, նոր թափ ու մոտիվացիա հաղորդեցի դրան։

– Առաջիկայում ի՞նչ նոր նախաձեռնություններ է պատրաստվում կյանքի կոչել Կենտրոնը։

Շ.Դ. – Կենտրոնի առաջիկա նպատակներից խոսելիս պետք է նկատի ունենալ ու մատնանշել մի քանի ուղղություն։ Առաջինը` կառավարությանն ուղղված աջակցությունն է՝ հզորացնելու հասարակության հետ հաղորդակցությունը։ Վերջինս, ընդունելով որպես լավագույն գործիք, կարող է միջոց դառնալ, որ պետությունը առավել հաշվետու, թափանցիկ ու բաց աշխատի հասարակության հետ։ Երկրորդը ապատեղեկատվության դեմ պայքարն է, որն անհրաժեշտ է դնել ինստիտուցիոնալ հիմքերի վրա՝ օգնելով քաղհասարակությանն ու պետությանը ապատեղեկատվության լուրջ ռիսկերը չեզոքացնելու/նվազեցնելու ուղղությամբ։ Երրորդը՝ շարունակելու ենք իրականացնել տեղեկատվական ազատության զարգացմանն ուղղված ծրագրեր։ Այս ոլորտում պետք է առանձնացնել երկու ուղղություն՝ ռազամավարական դատական գործեր, ՏԱ ոլորտում անկախ, լիազոր մարմնի ձևավորման պրոցեսներ նախաձեռնելը, պետության և քաղհասարակության միջև երկխոսություն նախաձեռնելը։ Վերջինս հնարավարություն կտա, ի վերջո, ձևավորելու անկախ մարմին, որը կերաշխավորի յուրաքանչյուրի տեղեկություն ստանալու իրավունքի լիարժեք իրացումը մեր երկրում։

Skip to content