Գործարար համայնքի 30-ից ավելի ներկայացուցիչներ մայիսի 19-ից 20-ը մասնակցեցին Դիլիջանում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպած «Տեղեկատվական միջավայրի բարեվարքություն․ բիզնեսի հետ, բիզնեսի համար» խորագրով աշխատաժողովին։ Միջոցառումը կազմակերպվել էր Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ։
Աշխատաժողովի նպատակն էր գործարար համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել ապատեղեկատվության ազդեցությունը բիզնեսի վրա, ռիսկերն ու դրանց կառավարման տեղական և միջազգային փորձը, ինչպես նաև անցած տարվա վերջին ՀՀ վարչապետի կողմից ընդունված Ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թթ. հայեցակարգն ու դրանից բխող գործողությունների ծրագիրը, մասնավորապես բիզնեսի համար նախատեսված միջոցառումները։
Ռազմավարական փաստաթղթերը մշակել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի հետ համագործակցությամբ և ոլորտային փորձագետների և ՔՀԿ-ների մասնակցությամբ։ «Բազմաթիվ միջազգային ծրագրեր իրականացնում են տարբեր նախաձեռնություններ՝ ուղղված հասարակական տարբեր խմբերի մեդիագրագիտության, ապատեղեկատվության դիմակայության բարձրացմանը։ Սակայն այս ծրագրերում որպես շահառու բիզնեսը գրեթե չէր ներգրավվում։ Այս մտահոգություններն էր պատճառը, որ դեռևս 2021 թ.-ին ձևավորվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և Մասնավոր միջազգային ձեռնարկատիրության կենտրոնի արդյունավետ համագործակցությունը, որի հիմնական ուղղություններից մեկը դարձավ բիզնես ոլորտում ապատեղեկատվության դեմ պայքարը՝ նախաձեռնելով ամենատարբեր միջոցառումներ և գործողություններ ապատեղեկատվության դեմ պայքարում բիզնեսին ներգրավելու և իրազեկելու համար»,- բացման խոսքում նշեց ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։
Աշխատանքային քննարկմանը մասնակցում էին տարբեր ոլորտներ ներկայացնող բիզնեսների կառավարիչներ, սեփականատերեր, հաղորդակցության մասնագետներ, բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչներ։ Աշխատաժողովի շրջանակում մասնակիցներին ներկայացվեցին հայեցակարգի հիմնական ուղղություններն ու դրանցից բխող գործողությունների ծրագիրը։ Մասնակիցները քննարկեցին հայեցակարգի իրականացման և մշտադիտարկման համատեքստում բիզնեսի դերն ու մյուս դերակատարների հետ փոխգործակցության մեխանիզմները։
«Մենք շատ երկրներում ենք գործունեություն ծավալում և պետք է նշեմ, որ շատ տեղերում մասնավոր սեկտորը հաճախ դուրս է մնում տեղեկատվական միջավայրին առնչվող քննարկումներից, իսկ գործարար համայնքի ներկայացուցիչներից շատերը տեղյակ չեն, թե ինչպիսի առանձնահատուկ դերակատարություն ունեն տեղեկատվական առողջ և բարեվարք միջավայրի ձևավորման և առաջխաղացման գործում: Ուրախ եմ, որ նման քննարկումները հնարավորություն են տալիս ներգրավելու բիզնեսին և միասին քննարկելու տեղեկատվական հոսքերին առնչվող մարտահրավերներն ու հնարավորությունները»,- իր ելույթում նշեց Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանում ծրագրերի համակարգող Աննա Գոլթերմանը։
Մասնակիցները World Café մեթոդի միջոցով վեր հանեցին ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակում բիզնես համայնքի հիմնական խնդիրներն ու ռիսկերը, քարտեզագրեցին առկա ռեսուրսներն ու քննարկեցին փաստաթղթով նախատեսված կոնկրետ գործողությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ նախադրյալներն ու իրենց դերակատարությունն այդ գործընթացում։
Մասնակիցները նշել են, որ ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակում կարևոր է բիզնես ասոցիացիաների զարգացումն ու դրանց դերի բարձրացումը։ Նրանք կարծում են, որ բիզնեսը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի հաղորդակցման մասնագետների ներգրավման և հաղորդակցման ճգնաժամային պլանների մշակման հարցերին, զարգացնի ԶԼՄ-ների հետ փոխգործակցության մեխանիզմները։ Հատկապես փոքր և միջին բիզնեսի հիմնական մարտահրավերը մարդկային և ֆինանսական ռեսուրսների սահմանափակ լինելն է։ Բոլոր խմբերում ընդգծվել է բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումը, որը միջնորդի դեր կկատարի ինչպես մասնավոր-պետություն, այնպես էլ՝ մասնավոր-ԶԼՄ հարաբերություններում: Մասնակիցներն ընդգծել են նաև պրոֆիլային մասնագետների ձևավորման կարևորությունը ինչպես մասնավոր ոլորտում, այնպես էլ՝ լրատվական դաշտում: Այս համատեքստում բարձրացվել է նաև համատեղ վերապատրաստման ծրագրերի մշակման և իրականացման հարցը:
Աշխատաժողովի երկրորդ օրը մասնակիցները քննարկեցին ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքտում պետություն-բիզնես-ՔՀԿ համագործակցության մեխանիզմներն ու հնարավորությունները։ «Իհարկե կարևոր է, որ այս ոլորտում արդեն կա հաստատված փաստաթուղթ, որը համախմբում է բոլոր դերակատարների ներուժը, սակայն պետք է լինել հետևողական և ստեղծել անհրաժեշտ մեխանիզմներ մշակված գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման համար, այլապես այս գաղափարներն այդպես էլ կմնան թղթի վրա»,- նշեց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ Արման Պետրոսյանը։
Աշխատաժողովի շրջանակում մասնակիցները հյուրընկալեցին նաև Վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարման բարեփոխման համակարգող Անժելա Կժդրյանին։ Բանախոսը բիզնես համայնքին ներկայացրեց ՀՀ կառավարության ռազմավարական հաղորդակցության բարեփոխումների հիմնական ուղղությունները, մասնակցայնության արդյունավետության բարձրացման համար նախատեսվող գործիքակազմի ներդրման և իրականացման ժամկետներին առնչվող մանրամասներ, ապա պատասխանեց հարցերին։
Բիզնես համայնքի ներկայացուցիչները բարձրաձայնեցին պետություն-գործարար համայնք երկխոսությանն առնչվող խնդիրների մասին։ Ընդգծելով պետության հետ ուղիղ և արդյունավետ աշխատանքի մեխանիզմների կարևորությունը, մասնակիցները ներկայացրին նաև կառավարություն-բիզնես հաղորդակցության գործընթացի կազմակերպմանն ուղղված առաջարկներ։
Երկօրյա աշխատանքային քննարկումը վերածվեց բիզնեսի մասնակցությամբ ապատեղեկատվության դեմ պայքրի հայեցակարգի իրականացմանն ուղղված առաջին քայլը։ Երկօրյա քննարկումների շնորհիվ բարձրացվեց բիզնեսի իրազեկման մակարդակը ինչպես բիզնես ոլորտի վրա ապատեղկատվության հնարավոր ազդեցության, այնպես էլ դրա դեմ պայքարին ուղղված փաստաթղթի վերաբեյալ։ Միաժամանակ ԻԱԿ-ը հավաքագրեց գործարար համայնքի ամենատրբեր ներկայացուցիչների դիտարկումներն ու մոտեցումները ոլորտում առկա մարտահրավերների, դրանք հաղթահարելու փորձառության ու մոտեցումների վերաբերյալ ինչպես նաև քարտեզագրեց մասնակիցների դիտարկումները ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում պետության և ՔՀԿ-ների հետ փոխգործակցության հնարավորությունների վերաբերյալ։
Մասնակիցները հատկապես կարևորեցին մշտադիտարկման մեթոդաբանության մշակման փուլում բոլոր դերակատարերի ակտիվ մասնակցությունը և առաջարկեցին կազմակերպիչներին մշակել հայեցակարգի շրջանակում նախատեսվող աշխատանքային խմբի գործունեության կանոնակարգը և հաջորդ անգամ արդեն հանդիպել՝ քննարկելու աշխատանքային խմբին և հայեցակարգի իրականացման մշտադիտարկմանն առնչվող հարցերը։