2012 թ.-ի սեպտեմբերի 12-ին ՀՀ Վարչական դատարանը դատավոր Կարինե Բաղդասարյանի նախագահությամբ բավարարեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի հայցն ընդդեմ ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ կոմիտեի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու, տեղեկատվության ազատության եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքի խախտման փաստը ճանաչելու եւ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Դեռեւս 2010 թ.-ի հունիսի 30-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն տեղեկություն ստանալու հարցմամբ դիմել էր ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ խնդրելով տրամադրել «Ուսանողական այգու»կադաստրային քարտեզի պատճենը A3 ֆորմատով, կադաստրային գործում ընդգրկված՝ «Ուսանողական այգու» սահմաններում անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի օտարման (ձեռքբերման) եւ/կամ վարձակալության պայմանագրերի ու համապատասխան պետական գրանցման վկայականների պատճենները: ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ն տրամադրել է «Ուսանողական այգու» կադաստրային քարտեզի պատճենը, սակայն մերժել է տրամադրել խնդրված մյուս տեղեկությունները՝ պատճառաբանությամբ, որ դրանք պարունակում են առեւտրային գաղտնիք, իսկ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տեղեկատվության տրամադրումը մերժվում է, եթե դա պարունակում է առեւտրային գաղտնիք:
Համարելով ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի մերժումը անհիմն՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն դիմել է ՀՀ Վարչական դատարան՝ տեղեկություն ստանալու իր իրավունքի խախտումը ճանաչելու եւ խնդրվող տեղեկությունները տրամադրել պարտավորեցնելու պահանջով: Որպես «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչներ դատարանում հանդես են եկել Հերիքնազ Տիգրանյանը եւ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:
ՀՀ Վարչական դատարանը 2012 թ.-ի սեպտեմբերի 12-ին կայացրած իր վճռով հաստատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի՝ տեղեկատվության ազատության իրավունքը՝ համարելով, որ հիմնավոր չէ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մերժման այն փաստարկը, որ խնդրվող տեղեկությունները պարունակում են առեւտրային գաղտնիք՝ հետեւյալ պատճառաբանություններով. մի կողմից, դատարանն անհիմն է համարել պատասխանողի այն փաստարկը, որ «Ուսանողական այգու» սահմաններում անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի օտարման (ձեռքբերման) եւ/կամ վարձակալության արժեքը առեւտրային գաղտնիք է, քանի որ այդ տեղեկություններն արտացոլված են Երեւան քաղաքի ավագանու որոշումներում, որոնք պարտադիր հրապարակվում Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական ինտերնետային կայքում եւ հասանելի են:
Մյուս կողմից, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մերժման ենթակա չէ անգամ առեւտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակումը, եթե դրանք ներկայացնում են ՀՀ բնության եւ շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում տիրող իրական վիճակը: Իսկ դատական գործի փաստական հանգամանքները ցույց են տվել, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի խնդրած տեղեկությունները իրականում ներկայացնում են ՀՀ բնության եւ շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում տիրող իրական վիճակը, ուստի տրամադրման ենթակա են, անգամ եթե առեւտրային գաղտնիք են պարունակում:
Վճռին կարող եք ծանոթանալ այստեղ: