Պետական բյուջեից հատկացվող դրամաշնորհների և սուբսիդիաների մասին ամբողջական տեղեկություններ ստանալու և գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2025 թ.-ի հունվարի 29-ին ՀՀ վարչապետի աշխատակազմին և 12 նախարարությանն ուղարկել է տեղեկություն ստանալու հարցում՝ խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները՝
- 2024 թ.-ի ընթացքում ո՞ր կազմակերպություններին և անհատներին է տրամադրվել դրամաշնորհներ և/կամ սուբսիդիաներ։ Խնդրում ենք տրամադրել դրամաշնորհ ստացած բոլոր անձանց և կազմակերպությունների անվանական ցանկը:
- 2024 թ.-ի ընթացքում հատկացված յուրաքանչյուր դրամաշնորհի/ սուբիսիդիայի նպատակը, տևողությունը ու հատկացված գումարի չափը։
- Դրամաշնորհների հատկացման վերաբերյալ հայտարությունները, մրցույթի հրավերների հրապարակման հարթակները, առկայության դեպքում՝ ակտիվ հղումները:
- Յուրաքանչյուր մրցույթի օրվա, մասնակիցների քանակի ու մրցութային հանձնաժողովի որոշումների պատճեները և դրանց հրապարակման ակտիվ հղումները։
Թեպետ հարցումը ստացած 13 գերատեսչությունն էլ տրամադրել է պատասխան, սակայն, տրամադրված տվյալները մեծամասամբ թերի են, որոշ դեպքերում՝ հակասական: Ակնհայտ է, որ պետական կառավարման մարմինները տեղեկություն ստանալու հարցումներին պատասխանելու միասնական մոտեցում չունեն, ինչպես նաև տարբեր գերատեսչություններ տարբեր կերպ են մեկնաբանում դրամաշնորհները:
Խնդիրն այն է, որ չնայած պետական բյուջեից դրամաշնորհների տրամադրումը նախատեսված է մրցութային կարգով (ՀՀ կառավարության 24 դեկտեմբերի 2003 թվականի N 1937-Ն որոշում՝, սակայն գործադիրը սահմանել է նաև բացառություններ, որոնց դեպքում դրամաշնորհ կարող է հատկացվել նաև առանց մրցույթի՝ նախապես հաստատված իրավաբանական անձանց, հիմնականում պետական ոչ առևտրային կազմակերպություններին (2023 թ.-ի դեկտեմբերի 28-ի ՀՀ կառավարության 2323-Ն որոշում, N 5 հավելվածի NN 7 և 7.1): Այս որոշմամբ սահմանվող ցանկով են պետական բյուջեից հատկացումներ արվում առանց մրցույթի, պայմանագրերն էլ կնքվում են դրամաշնորհային մրցույթ ընթացակարգով: Առավել պարզ՝ նախապես հաստատված միջոցառումների/գործողությունների համար արդեն իսկ որոշված կազմակերպություններին պետբյուջեից հատկացվում են դրամաշնորհներ: Եվ քանի որ այս հատկացումներն առանց մրցույթի են արվում, դատելով ստացված պատասխաններից, որոշ գերատեսչություններ այս հատկացումները չեն դիտարկել որպես դրամաշնորհ և դրանց մասին տեղեկություններ չեն տրամադրել:
Լիարժեք պատասխանների հեղինակ կառույցները
Արձանագրենք, որ հարցում ստացած 13 պետական մարմնից լիարժեք պատասխան տրամադրել են միայն Պաշտպանության նախարարությունը և ֆինանսների նախարարությունը։ Վերջինս նշել է, որ չի տրամադրել դրամաշնորհներ և սուբսիդիաներ, ինչը համարել ենք լիարժեք պատասխան քանի որ այն համապատասխանել է նաեւ գնումների առցանց հարթակում կատարած մեր ուսումնասիրության արդյունքներին։
Պաշտպանության նախարարությունը ամբողջական տեղեկություններ է տրամադրել ԻԱԿ-ին: Առանձին կազմված տեղեկատվական աղյուսակում ներկայացրել է դրամաշնորհային ընթացակարգով գումար ստացած կազմակերպության անվանումը, տևողությունը, նպատակը, գումարի չափը, ինչպես նաև իրավական հիմքը, որից պարզ է դառնում, որ այս բոլոր հատկացումներն արված են առանց մրցույթի:
Պատասխանին կից առդիրից տեղեկանում ենք, որ 2024թ.-ին նախարարությունը շուրջ 733 միլիոն (733,404,300) ՀՀ դրամ սուբսիդիա է հատկացրել մեկ կազմակերպության՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանին:
Անցած տարի Պաշտպանության նախարարությունն ընդհանուր 728 միլիոն դրամի դրամաշնորհ է տրամադրել (728,409,200) երեք կազմակերպության՝
- «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ 457 միլիոն 102 հազար 500 ՀՀ դրամ (457102500),
- «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին՝ 234 միլիոն 638 հազար (234638000) ՀՀ դրամ,
- «Ռազմատեխնիկական գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ 36միլիոն 669 հազար ՀՀ դրամ (36669000):
Որոշ վերապահումով լիարժեք պատասխաններ են տրամադրել նաեւ Էկոնոմիկայի, Աշխատանքի և սոցիալական հարցերի և ԲՏԱ նախարարությունները։
Էկոնոմիկայի նախարարությունը տրամադրել է միայն մրցութային կարգով Զբոսաշրջության կոմիտեի կողմից իրականացվող «Աջակցություն զբոսաշրջության զարգացմանը» ծրագրի իրականացման համար նախատեսվող միջոցառումների շրջանակներում տրամադրած դրամաշնորհների ցանկը։ Հայտարարված մրցույթների հիման վրա տրամադրվել է 32 դրամաշնորհ ընդհանուր շուրջ մեկ միլիարդ յոթանասունչորս միլիոն (1,073,730 հազար) ՀՀ դրամ չափով։ Դրամաշնորհ ստացած կառույցների ցանկում 19 մասնավոր ընկերություն է, 4 հիմնադրամ, 8 հասարակական և 1 պետական ոչ առևտրային կազմակերպություն։
- Ամենաշատ գումարը ստացել է Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոն ՀԿ-ն ՄԱՅՍ (MICE Meeting Incentives, Conferences, Exhibitions) միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար՝ 166 միլիոն 600 հազար ՀՀ դրամ:
- Իսկ միջազգային միջոցառման կազմակերպման համար Լաքշերի Վոյաժ ՍՊԸ-ն ստացել է 151 միլիոն ՀՀ դրամի դրամաշնորհ:
Էկոնոմիկայի նախարարությունը գրությամբ չի տրամադրել մրցույթների անցկացման օրերի, մասնակիցների քանակի վերաբերյալ տվյալները, սակայն հարկ է նշել, որ կոնկրետ մրցույթի օրինակով, գրությամբ ներկայացրել է, թե որտեղ են տեղադրված արձանագրությունները, որտեղից կարելի է հավաքագրել պահանջված տեղեկությունը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատասխան գրության մեջ շեշտել է, որ ներկայացված ցանկը բացառապես վերաբերում է մրցույթով անցկացված դրամաշնորհներին՝ տրամադրելով դրանք ստացած կազմակերպությունների ամբողջական ցանկը, ըստ դրանց ուղղությունների և հատկացված գումարների, մրցույթների հայտարարարությունների ակտիվ հղումները, ինչպես նաև արձանագրությունները հղումով:
Ըստ նախարարության պաշտոնական պատասխանի՝ 2024 թ․-ին մրցույթով տրամադրել է 120 դրամաշնորհ ընդհանուր 1.4 միլիարդ (1,454,708,854) ՀՀ դրամի չափով։ Դրամաշնորհները տրամադրվել են տարբեր կազմակերպությունների, այդ թվում 20-ից ավելի հասարակական կազմակերպության։
2024թ.-ին հիմնականում տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ մատուցելու և երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում ուղղություններով նախարարությունից ամենաշատ դրամաշնորհ ստացել է
- «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ն՝ 368 միլիոն 903 հազար 334 ՀՀ դրամ (մոտ մեկ միլիոն ԱՄՆ դոլար):
- «Հայկական Կարիտաս» բարեգործական ՀԿ-ն ստացել է 95 միլիոն 470 հազար 738 ՀՀ դրամ դրամաշնորհ:
- Իսկ Հանս Քրիստիան Կոֆոեդ Բարեգործական հիմնադրամը անօթևան անձանց կացարանով ապահովում տողով ստացել է 70 միլիոն 748 հազար 784 ՀՀ դրամ դրամաշնորհ:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնել է, որ 2024 թ.-ի ընթացքում սուբսիդիաներ չի տրամադրել, սակայն 64 կազմակերպության տրամադրել է 884 միլիոն 595 հազար 843 ՀՀ դրամի չափով դրամաշնորհներ։
- Ամենամեծ դրամաշնորհը՝ 333 միլիոն 79 հազար 123 ՀՀ դրամ տրամադրվել է «Plug and Play Germany GmbH» ընկերությանը, որը նախարարության հետ համատեղ իրականացրել է 26 շաբաթյա «Աքսելերացիոն ծրագիր»-ը Հայաստանում գործող ոլորտային սկսնակ ընկերությունների համար:
- Երկրորդ տեղում «Գաղափարից մինչև բիզնես» նախաձեռնությունն է․ ծրագրի երկու փուլերի ընթացքում 27 ընկերության տրամադրվել է 214 միլիոն 94 հազար 720 ՀՀ դրամ ընդհանուր 27 դրամաշնորհ: Դրամաշնորհների նպատակն է եղել ֆինանսավորում տրամադրել գաղափարի փուլում գտնվող սկսնակ կամ արդեն գործող ընկերություններին բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծման և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ խնդիրների և մարտահրավերների լուծման համար:
Նախարարության կողմից տրամադրված դրամաշնորհները հիմնականում ստացել են բիզնես ընկերությունները, ցանկում միայն մեկ ՀԿ կա՝ «ՕԳՆԻ» սոցիալական կրթական ՀԿ-ն, որը ստացել է 10 միլիոն դրամի չափով դրամաշնորհ «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի շրջանակում։
Նախարարությունը գրության մեջ հստակ նշել է, որ չի տրամադրել սուբսիդիաներ, իսկ դրամաշնորհների մրցույթների անցկացման վերաբերյալ տվյալները տրամադրել է առանձին հավելվածով:
Թերի և հակասական պատասխաններ տրամադրած կառույցները
Մնացած 7 նախարարության և վարչապետի աշխատակազմի տրամադրած պատասխանները թերի են։ Հարկ է ավելացնել, որ ստացված պատասխանների գերակշիռ մասն այնքան թերի էր և հակասական, որ ԻԱԿ-ը ստիպված եղավ հավելյալ ուսումնասիրել նաև Հանրային գնումների էլեկտրոնային համակարգում առկա դրամաշնորհային ընթացակարգերով հրապարակված պայմանագրերի ցանկերը։ Արդյունքում, պարզ դարձավ, որ պաշտոնական պատասխանների զգալի մասը չէր համապատասխանում այս համակարգում դրամաշնորհային մրցույթի ընթացակարգով կնքված պայմանագրերում առկա տվյալներին:
ՀՀ վարչապետի աշխատակազմը և Առողջապահության նախարարությունը ըստ էության չեն տրամադրել հայցվող տեղեկությունները՝ հղում տալով միայն իրավական հիմքին՝ ՀՀ կառավարության 2023 թ-ի դեկտեմբերի 28-ի թիվ 2323-Ն որոշմանը։ Այս որոշումը, սակայն, պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին ընդհանուր որոշում է, մինչդեռ ԻԱԿ հարցումը փաստացի տրամադրված դրամաշնորհների և սուբսիդիաներին է վերաբերում, այլ ոչ թե դրանց հատկացման իրավական հիմքին: Իսկ Հանրային գնումների կայքին արված հղումը նույնպես պատշաճ չէ, քանի որ այն տեղեկություն է կնքված պայմանագրերի մասին, որն ԻԱԿ-ը ևս չէր հայցել: Այստեղ առկա պայմանագրերից հայցվող տեղեկությունը դուրս բերելու համար անհրաժեշտ են համապատասխան փորձառություն և հմտությունններ, ինչը պարտավոր չէ ունենալ յուրաքանչյուր անձ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանը թեպետ հասկանալի և ամբողջական տվյալներ է պարունակում և՛ սուբսիդիաների, և՛ մրցույթով, և՛ առանց մրցույթի տրամադրված դրամաշնորհների վերաբերյալ, սակայն լիարժեք չէ, քանի որ նախ չի տրամադրել սուբսիդիա ստացած շահառուների ամբողջական ցանկը, ինչպես նաև տվյալներ դրամաշնորհային մրցույթների հայտարարությունների, դրանց անցկացման արձանագրությունների, մասնակիցների վերաբերյալ:
Համաձայն ՏԿԵՆ պատասխանի՝ 2024 թ.-ի ընթացքում «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի» շրջանակներում նախարարությունը 23,254 շահառուի պետական բյուջեով հատկացրել է շուրջ 3,3 միլիարդ դրամ սուբսիդիա։
Նույն ժամանակաշրջանում նախարարությունը սուբսիդիա է տրամադրել նաև երկու կազմակերպության ընդհանուր՝ 643 միլիոն 305 հազար 900 դրամի չափով, որից «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ն 40.26 միլիոն (40,264,200) ՀՀ դրամ է ստացել թափոնների վնասազերծման ծառայության, իսկ «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲԸ-ն 332.63 միլիոն (332,635,200) ՀՀ դրամ ուղևորափոխադրումներից ստացված վնասի դիմաց։
ՏԿԵՆ-ը պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին ընդհանուր տրամադրել է շուրջ 1.3 միլիարդ (1,345,988,400) ՀՀ դրամի չափով դրամաշնորհ։ Դրամաշնորհ ստացած կազմակերպությունների ցանկում ընդգրկված է 4 ՀԿ, որոնք մոտ 2.5 միլիոն դրամի դրաշնորհ են ստացել մրցութային կարգով հանրային ծառայությունները կարգավորող ոլորտում սպառողների շահերի պաշտպանության նպատակով։ Դրանք են՝
- «Բնակարանային կոմունալ ոլորտի աշխատողների միավորում» ՀԿ՝ 2,599,350 ՀՀ դրամ
- «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ՝ 2,599,350 ՀՀ դրամ
- «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ՝ 2,599,350 ՀՀ դրամ
- «Սպառողների ասոցացիա» ՀԿ՝ 2,483,350 ՀՀ դրամ
Սակայն այդ մրցույթների անցկացման վերաբերյալ հայցված տեղեկությունը նախարարությունը չի տրամադրել։
Պաշտոնական պատասխանների համաձայն՝ 12 նախարարությունից 2024 թ.-ին դրամաշնորհներ և/կամ սուբսիդիաներ չի տրամադրել 5-ը՝ Արդարադատության, Արտաքին գործերի, Շրջակա միջավայրի, Ներքին գործերի և Ֆինանսների նախարարությունները, սակայն մեր ուսումնասիրությամբ այլ պատկեր ստացանք:
Ներքին գործերի նախարարությունը պատասխան գրության մեջ շեշտել է, որ …անհատներին և կազմակերպություններին մրցութային կարգով սուբսիդիա կամ դրամաշնորհ չի տրամադրել։ ՀՀ ՆԳՆ կողմից դրամաշնորհներ տրամադրվել են նախարարության ենթակայության տակ գտնվող կազմակերպություններին (ՊՈԱԿ, ՄՈԱԿ, ՓԲԸ) 2023 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՀ կառավարության 2323-Ն որոշման N 5 հավելվածի N7 աղյուսակի համաձայն»։
Մեր ուսումնասիրությամբ պարզեցինք, որ նշված որոշման հավելվածով 2024թ.-ին ՆԳ նախարարությանը պետական բյուջեից դրամաշնորհային ընթացակարգով նախատեսվել է 4 միլիարդ 488 միլիոն 087 հազար 900 ՀՀ դրամ: Սակայն, հանրային գնումների էլեկտրոնային համակարգում 2024թ.-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ կողմից դրամաշնորհային ընթացակարգով պայմանագրերի մասին տեղեկություններ չկան:
Նախարարությունը կամ խնայել է բյուջով հատկացված դրամաշնորհային գումարները, ինչը չի բխում նախարարության պաշտոնական պատասխանից, քանի որ նշել էին, որ իրենք դրամաշնորհային հատկացումներն արել են ըստ այդ հավելվածի, կամ էլեկտրոնային հարթակում տեղադրված չեն համապատասխան պայմանագրերը:
Մեր վերլուծությունը գնումների առցանց հարթակում ցույց տվեց նաև, որ Արտաքին գործերի, Արդարադատության և Շրջակա միջավայրի նախարարությունները դրամաշնորհային մրցույթի ընթացակարգով տարբեր պետական կառույցների դրամաշնորհներ են տրամադրել, սակայն այդ մասին տեղեկություններ չեն տրամադրել ԻԱԿ-ին, ենթադրաբար այն պատճառով, որ դրանք հատկացվել են առանց մրցույթի՝ համաձայն 2023 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՀ կառավարության 2323-Ն որոշման:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տվյալներ է տրամադրել միայն մրցութային կարգով դրամաշնորհների վերաբերյալ, այն էլ ոչ պատշաճ և ամբողջական ցանկով: Պատասխան գրությամբ նախարարությունը տրամադրել է դրամաշնորհային ընթացակարգով կնքված և հրապարակված պայմանագրերի ակտիվ հղումները, կրկին հղում տալով հանրային գնումների էլոկտրոնային համակարգին:
Հարկ է ևս մեկ անգամ նշել, որ ԻԱԿ-ը հայցել էր ոչ թե պայմանագրերը, այլ դրամաշնորհների և սուբսիդիաների մասին տեղեկությունները՝ ընդհանուր ցանկով:
Նախ, պատասխանում նշված չէ սուբսիդիաների մասին որևէ տեղեկություն: Նշված է, որ անցած տարվա ընթացքում դրամաշնորհներ է տրամադրել 4 ուղղությամբ՝ կրթություն, մշակույթ, սպորտ և երիտասարդություն՝ ավելի քան չորս հարյուր հայտարարության ակտիվ հղումներով:
Կայքում դրամաշնորհների մրցույթները, պայմանագրերն ու դրանց առնչվող համաձայնագրերը հրապարակված են առանձին-առանձին ըստ դրամաշնորհի, ապա դրանց վերաբերյալ ամփոփ տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը զգալի ժամանակ, հավելյալ հմտույթուններ և աշխատանք է պահանջում։ Բացի այդ ԻԱԿ-ն իր հարցմամբ հայցել էր ոչ թե դրամաշնորհային մրցույթների կնքված և հրապարակված պայմանագրերը, այլ դրանց ամբողջական ցանկը՝ ներառելով յուրաքանչյուր դրամաշնորհ ստացած կազմակերպության անվանումը, նպատակը, տևողությունը, գումարի չափը, ինչպես օրինակ տրամադրել էր Պաշտպանության նախարարությունը:
Պատասխանների ամփոփումը ՏԱ օրենսդրության և սկզբունքներին համաձայն
Այս ուսումնասիրությունը ցույց տվեց, որ լրջագույն խնդիրներ կան պետական բյուջեից տրամադրվող դրամաշնորհների հատկացման գործընթացում. չի ապահովվում դրա թափանցիկությունը և հաշվետվողականությունը, ինչպես նաև որոշումների կայացման ընթացքում հանրային մասնակցության ապահովումը:
Ամփոփելով պետական բյուջեից տրամադրվող սուբսիդիաների և դրամաշնորհների վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմից և 12 նախարարությունից ստացված պատասխանների արդյունքները, արձանագրում ենք, որ
- Պետական մարմինները միասնական մոտեցում չունեն տեղեկությունների մշակման, դասակարգման և տրամադրման հարցում:
– տարբեր մարմիններ տարբեր կերպ են ընկալում պետբյուջեից տրամադրվող դրամաշնորհը. եթե մրցույթով չէ, ապա շատերն այն դրամաշնորհ չեն համարել:
Բացի Ֆինանսների, Պաշտպանության և ՏԿԵ նախարարություններից, այս մոտեցմամբ է պատասխանել մնացած 9-ը նախարարությունը, և չեն տրամադրվել ամբողջական տեղեկություններ պետական բյուջեից հատկացված դրամաշնորհների վերաբերյալ:
– Որոշ գերատեսչություններ հարցման մեջ նշված կոնկրետ ցանկի փոխարեն, տրամադրել են պայմանագրերի կամ իրավական ակտերի հղումներ. Վարչապետի աշխատակազմ, Առողջապահության և Ներքին գործերի նախարարություններ: - Պետական դրամաշնորհների և սուբսիդիաների վերաբերյալ ամբողջական, հավաստի տեղեկություն հնարավոր չի եղել ստանալ տեղեկություն ստանալու հարցման միջոցով:
- Տրամադրված տեղեկությունները մատչելի չեն, օրինակ Վարչապետի աշխատակազմի, Պաշտպանության և Էկոնոմիկայի նախարարություների տրամադրած հավելվածները աշխատանքի համար անհարմար ձևաչափով են՝ pdf ֆորմատով, առանց պատճենահանման հնարավորության։ Միայն ԲՏԱ և ՏԿԵ նախարարություններն են հավելվածները տրամադրել Excel ֆորմատով, որն օրինակելի պետք է լինի, քանի որ այս ֆորմատով է միայն հնարավոր արդյունավետորեն աշխատել թվերի հետ:
- Տրամադրված ակտիվ հղումները պատշաճ չեն, այսինքն չեն պարունակում կոնկրետ հայցվող տեղեկությունները. Օրինակ ԿԳՄՍ նախարարության պատասխանը:
- Պատասխանների տրամադրման ժամկետները հիմնականում պահպանվել են.
Հարցումը ստանալուց մեկ օր հետո պատասխանել են Ֆինանսների, Արդարադատության և Առողջապահության նախարարությունները:
Վարչապետի աշխատակազմը, Ներքին գործերի և Պաշտպանության նախարարությունները հարցումը ստանալուց հետո 5-6 աշխատանքային օրվա ընթացքում հայտնել են, որ անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, իսկ տեղեկությունները տրամադրել են համապատասխանաբար 12, 15 և 20 օր հետո:
Մյուսներից ստացված պատասխանները ստացվել են ՏԱ օրենքով սահմանված ժամկետներում՝ հարցումը ուղարկելուց հետո 5-6 օրվա ընթացքում:
Առաջիկա հրապարակումներով ԻԱԿ-ը կներկայացնի այս գերատեսչություններից յուրաքանչյուրի կողմից 2024թ.-ի ընթացքում դրամաշնորհային մրցույթով կնքված պայմանագրերի վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ Հանրային գնումների էլեկտրոնային համակարգի տվյալների: