Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2023 թվականի տարեկան Սև ցուցակը։ Ցանկը ներկայացնում է այն գերատեսչությունները և պաշտոնյաներին, որոնք 2023 թվականի ընթացքում խախտել են մարդկանց կամ կազմակերպությունների տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ տրամադրելով անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան թողնելով տեղեկություն ստանալու հարցումները։ Սև ցուցակը կազմվում է հետևյալ չափանիշների հիման վրա։
2023 թվականի ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումների առցանց հարթակում գրանցվել է 70 տեղեկություն ստանալու հարցում։ Հարցումների 86%-ի դեպքում ստացվել է ժամանակին լիարժեք պատասխան, 7%-ի դեպքում՝ ուշացած լիարժեք: Հարցումների մեկ տոկոսին տրվել է «անհիմն մերժում», ևս մեկ տոկոսը ստացել է «անհիմն պատասխան» կարգավիճակը։ Հարցումների 4%-ը մնացել է անպատասխան։
2023 թվականի տարեկան Սև ցուցակում են
• Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար (17.03.2023-13.10.2023) Լևոն Հովհաննիսյանը,
• ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը և
• «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Ցանկում ընդգրկվելու հիմնավորումները ներկայացված են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի պաշտոնական կայքի համապատասխան բաժնում։