Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ինչպես ստանալ պաշտոնական տեղեկություններ. դասընթաց լրագրողների համար

Մարտի 22-ին և 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնն անցկացրեց մասնագիտական կարողությունների զարգացման երկու դասընթաց շուրջ 25 լրագրողի համար:

Տեղեկատվության ազատություն և անձնական տվյալների պաշտպանություն թեմայով առաջին օրվա դասընթացը վարեց ԻԱԿ փորձագետ Գևորգ Հայրապետյանը:  Նա մասնակիցներին ներկայացրեց տեղեկություն ստանալու հարցումներին պետական մարմիններից ստացված պատասխանների օրինակներ, լրագրողների հետ քննարկվեցին դրանց համապատասխանությունը ՏԱ օրենսդրությանը. որքանով են ստացված պատասխանները հիմնավոր, հավաստի և ամբողջական, ինչ ժամկետներում են դրանք տրամադրված:

Գևորգը Հայրապետյանը նշեց, որ ԻԱԿ-ի կողմից այս տարվա փետրվարին տարբեր պետական մարմիններին ուղարկված տեղեկություն ստանալու հարցումների մեծ մասը պատասխանվել է ժամկետների խախտումներով, դրանց չեն տրվել պատճաշ և ամբողջական պատասխաններ: Մասնավորապես քննարկվեցին ԱԳՆ-ից և ԿԳՄՍ-ից ստացված պատասխանները, որոնք, մասնակիցների գնահատմամբ ևս, լիովին անհիմն էին: Լրագրողները իրենց պրակտիկայում հանդիպած դեպքերը ևս ներկայացրին: Խնդիրները բազմաթիվ էին՝ անհիմն պատասխաններից մինչև լուռ մերժումներ, բազմաթիվ հարցեր պարունակող հարցումներին մեկ նախադասությամբ ոչ լիարժեք պատասխան տալուց մինչև ժամկետների էական խախտումներով պատասխանները:

Գևորգ Հայրապետյանը մի քանի լուծում առաջարկեց. նախ հստակ և հնարավորինս կոնկրետ կազմել տեղեկոթւյուն ստանալու հարցումները: Այս հարցում կարող է օգնել ԻԱԿ-ի մշակած տեղեկություն ստանալու հարցման օրինակելի ձևանմուշը: Ապա նա մանրամասն ներկայացրեց ՏԱ օրենսդրությամբ սահմնված բողոքարկման կարգը: Մեխանիզմներ, որոնք կարող են պարտավորեցնել պետական մարմիններին սահմանված կարգով եւ ժամկետում պատասխանել հարցումներին։

Այսպես. Տեղեկություն ստանալու խախտված իրավունքը կարող է բողոքարկվել.

  • վերադասության կարգով,
  • Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ,
  • Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն,
  • դատարան։

Տեղեկություն ստանալու մերժումը կարելի է բողոքարկել խախտումը թույլ տված մարմնի վերադասին: Եթե վերադասը ուժի մեջ է թողնում մերժումը, քաղաքացին, որպես հաջորդ քայլ, կարող է դիմել մարդու իրավունքների պաշտպանին կամ ուղղակի դատարան: Ի դեպ, այս մարմիններին կարելի է դիմել նաև առանց վերադասության կարգով բողոքարկելու:

Կարելի է նաև դիմել այն հասարակական կազմակերպություններին, որոնք տրամադրում են իրավաբանական խորհրդատվություն, մասնավորապես, Ինֆորմացիայի ազատության կենտրոն:

Ակտիվ քննարկում ծավալվեց նաև անձնական տվյալների օգտագործման և կամ դրանց վերաբերյալ տեղեկություն ստանալու հարցումներ ուղարկելու շուրջ: Գևորգ Հայրապետյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ անձնական տվյալներն ինքնին չեն կարող տեղեկությունը տրամադրելու մերժման հիմք դառնալ: Մերժման դեպքում պետական մարմինը պարտավոր է հիմնավորել, թե որ իրավական ակտով են դրանց տրամադրումը մերժվում:

Դասընթացին առցանց միացել էր նաև ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը, որը նախ ներկայացրեց «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի պահանջները, ապա պատասխանեց մասնակիցներին հարցերին:

Երկօրյա դասընթացի հաջորդ օրը իրական շահառուների թափանցիկությունը թեմայով դասընթաց-քննարկմանը լրագրողները ծանոթացան այն կարևոր գործիքներին, որով կարող են մշտադիտարկել կազմակերպությունների իրական շահառուների տվյալները: Սիվիլնեթի փաստերի ստուգման թիմի ղեկավար Անի Գրիգորյանը ներկայացրեց Հայաստանում գործող իրական շահառուների հայտարարագրերի ռեգիստրը, պատմեց իր թիմի իրականացրած մի քանի լրագրողական հետաքննություններից՝ ներկայացնելով, թե ինչ բաց աղբյուրներից են օգտվել և ինչ գործիքներով են կարողացել փաստերի հիման վրա նյութերը կառուցել:

Մասնակիցները կոնկրետ օրինակներով դիտարկեցին մի քանի բաց աղբյուրներ. պաշտոնյաների հայտարարագրերի ռեգիստրը, գնումների կայքը և այլն: Անի Գրիգորյանը խորհուրդ տվեց օգտվել նաև ԻԱԿ-ի մշակած Իրական շահառուների մոնիտորինգի ուղեցույցից, որը կարող է խիստ  օգտակար լինել լրագրողներին իրենց հետաքննական նյութերը պատրաստելիս:

Դասընթացների ավարտին Ծրագրի ղեկավար Լիանա Դոյդոյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ԻԱԿ-ը այս թեմաների վերաբերյալ անվճար խորհրդատվություն է իրականացնում, և հորդորեց պրակտիկայում հանդիպող խնդիրների դեպքում դիմել փորձագետներ Գևորգ Հայրապետյանին և Անի Գրիգորյանին:

Դասընթացներն իրականացվել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագիրն իրականացնում է «Ինտերնյուս» կազմակերպությունը: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ինտերնյուս Նեթվորքի ենթադրամաշնորհառու Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները:

Skip to content