Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
2023 թվականի նոյեմբերի 1-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետարանից հայցված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցով։
2021 թվականի մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

37. ԻԱԿ-ն ընդդեմ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 29.05.2012թ-ին տեղեկատվություն ստանալու գրավոր հարցում էր ուղարկել «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանին` խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները.

  1. Ստացե՞լ են արդյոք պարգևատրումներ (պարգևավճարներ, նվերներ) «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի աշխատակիցները 2011 թ.-ին:
  2. Եթե այո, ապա ովքե՞ր են պարգևատրվել (ըստ հաստիքների) և ինչքա՞ն գումարով (ի՞նչ նվերով):
  3. Որքա՞ն է կազմել «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի աշխատակիցների ստացած դրամական պարգևատրումների ընդհանուր գումարը:
  4. Որքա՞ն է կազմել «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի աշխատակիցների ստացած նվերներից յուրաքանչյուրի արժեքը և նվերների արժեքների ընդհանուր գումարը:

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ից ստացվել է թերի պատասխան. չեն տրամադրվել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի՝ պարգևատրում ստացած աշխատակիցների և դրամական պարգևատրումների չափի մասին տեղեկությունները (2-րդ և 3-րդ հարցերի պատասխանները): Ուստի 20.06.2012 թ. ԻԱԿ-ը կրկին հարցում է ուղարկել՝ խնդրելով տրամադրել ամբողջական և սպառիչ տեղեկատվություն:

ԻԱԿ-ի ուղարկած երկրորդ հարցմանն ի պատասխան 02.07.2012 թ. ստացվել է գրություն, որով տեղեկություն է տրվել նաև հարցման 3-րդ կետում նշված հարցի վերաբերյալ, սակայն, հղում կատարելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասին, 8-րդ հոդվածի 1-ին մասին, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134 հոդվածի 1-ին կետին և 199 հոդվածին՝ մերժվել է հարցման 2-րդ կետով նախատեսված տեղեկատվության տրամադրումը, այն պատճառաբանությամբ, որ դա աշխատողի անձնական տվյալի վերաբերյալ տեղեկատվություն է:

Նշենք, որ ԻԱԿ-ը խնդրել էր պարգևատրում ստացած աշխատակիցների մասին տեղեկություն ըստ հաստիքների, այսինքն՝ ոչ անվանական: Բացի այդ, ԻԱԿ-ը ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդից ստացել էր գրություն, որի համաձայն՝ քաղաքացիական ծառայողների ստացած պարգևատրումների արժեքի մասին տեղեկատվության տրամադրման սահմանափակումներ քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ չկան: Այս 2 պայմանների համակցությունը ցույց է տալիս, որ խնդրվող տեղեկությունը չի վերաբերում քաղաքացիական ծառայողի անձնական կյանքի անձեռնմխելիությանը:

Արդյունքում, 2012 թ.-ի հուլիսի 24-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայցերով դիմել է ՀՀ վարչական և Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններ՝ խնդրելով պահանջվող տեղեկությունների տրամադրումը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Վ. Մարտիրոսյանի կողմից երկու անգամ մերժելու համար նրան տուգանել 30.000 դրամի չափով, ինչպես և՝ ճանաչել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը և ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին պարտավորեցնել տրամադրելու պահանջվող տեղեկատվությունն այն մասին, թե 2011 թ․-ին աշխատակիցները ըստ հաստիքների ինչքա՞ն գումարով են պարգևատրվել:

2012 թ.-ի հոկտեմբերի 8-ին Երեւան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ  նախնական դատական նիստը, որը, սակայն, հետաձգվեց, որպեսզի հայցվոր կողմը եւս հնարավորություն ունենա ծանոթանալու պատասխանողի ներկայացրած հայցադիմումի պատասխանին /պատասխանող կողմը ԻԱԿ ներկայացուցչին չէր տրամադրել հայցադիմումի պատասխանը, ինչը նախատեսված է օրենքով/: Հաջորդ դատական նախնական նիստը տեղի ունեցավ 2012 թ.-ի հոկտեմբերի 25-ին, որի ժամանակ պատասխանող կողմը տեղեկացրեց, որ պատրաստվում է տրամադրել ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունները, ինչի հետևանքով դատական նիստը կրկին հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի ունեցավ 2012 թ.-ի նոյեմբերի 8-ին: Այս նիստով դատաքննությունն ավարտվեց:

2012 թ.-ի նոյեմբերի 23-ին դատարանը հրապարակեց իր վճիռը, որով ամբողջությամբ բավարարեց ԻԱԿ-ի պահանջը ճանաչել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը եւ պարտավորեցնել «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին տրամադրելու պահանջվող տեղեկատվությունն այն մասին, թե 2011 թ․-ին աշխատակիցները ըստ հաստիքների ինչքա՞ն գումարով են պարգեւատրվել:

Դատական ծախսերի փոխհատուցման, մասնավորապես՝ ԻԱԿ-ի կողմից փաստաբանին վճարված վարձատրության գումարի փոխհատուցման պահանջը դատարանը բավարարեց մասնակի՝ պարտավորեցնելով պատասխանողին փոխհատուցել ԻԱԿ-ի կողմից վճարված պետական տուրքի գումարը եւ փաստաբանի վարձատրության գումարի կեսը:

2012 թ.-ի դեկտեմբերի 17-ին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը բողոքարկել է դատարանի վճիռը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան: ՀՀ վերաքննիչ դատարանում առաջին դատական նիստը ունեցավ 2013 թ.-ի փետրվարի 7-ին, երկրորդ նիստը` 2013 թ.-ի ապրիլի 11-ին: 2013 թ.-ի ապրիլի 25-ին դատարանը որոշում կայացրեց, որով բեկանեց Երեւան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2012 թ.-ի նոյեմբերի 23-ին ի օգուտ ԻԱԿ-ի կայացրած վճիռը եւ գործն ուղարկեց նույն դատարան` նոր քննության:

2013 թ.-ի մայիսի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը բողոքարկեց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը վճռաբեկության կարգով: ՀՀ վճռաբեկ դատարանը 2013 թ.-ի հունիսի 26-ի իր որոշմամբ վերադարձրեց ԻԱԿ-ի վճռաբեկ բողոքը եւ ուժի մեջ թողեց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` գործը նոր քննության ուղարկելու մասին որոշումը: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում առաջին դատական նիստը տեղի ունեցավ 2013 թ.-ի հոկտեմբերի 2-ին, որտեղ դատարանը որոշեց որպես պատասխանող ներգրավել նաեւ ՀՀ կառավարությանը: 2014 թ․-ի հոկտեմբերի 2-ին կայացրած վճռով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այս անգամ այլ որոշում կայացրեց` որոշեց մերժել ԻԱԿ-ի հայցն ամբողջությամբ: ԻԱԿ-ը բողոքարկել դատարանի որոշումը վերաքննության կարգով: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում նիստը տեղի ունեցավ 2015 թ.-ի փետրվարի 19-ին: Նիստի ժամանակ կողմերը որոշեցին հաշտության գալ: Ուստի, հաշվի առնելով կողմերի հաշտությունը` 2015 թ.-ի հունիսի 4-ին կայացված որոշմամբ դատարանը դատական գործը կարճեց:

ՀՀ վարչական դատարանում 2012 թ.-ի հոկտեմբերի 18-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է: Նոյեմբերի 9-ին կայացած դատական նիստի ժամանակ ՀՀ վարչական դատարանը որոշել է գործը կասեցնել, մինչեւ գործի մյուս մասով դատարանը վերջնական վճիռ կկայացնի:

ԻԱԿ-ի՝ 2012 թ.-ի հուլիսի 24-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 23.11.2012 թ.-ի վճռին կարող եք ծանոթանալ այստեղ:

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի՝ 2012 թ.-ի դեկտեմբերի 17-ի վերաքննիչ բողոքին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 2013 թ.-ի ապրիլի 25-ի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

ԻԱԿ-ի` 2013 թ.-ի մայիսի 29-ի վճռաբեկ բողոքին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՀ վճռաբեկ դատարանի` 2013 թ.-ի հունիսի 26-ի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

ԻԱԿ-ի` 2014 թ.-ի դեկտեմբերի 8-ի վերաքննիչ բողոքին կարող եք ծանոթանալ այստեղ:

ԻԱԿ-ի` 2012 թ.-ի հուլիսի 24-ին ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դատական գործը կասեցնելու մասին ՀՀ վարչական դատարանի՝ 2012 թ.-ի նոյեմբերի 9-ի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

ԻԱԿ-ն ընդդեմ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գործի վերաբերյալ Տեղեկատվական վեճերի խորհրդի կարծիքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Skip to content