Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 18.11.2011 թ․-ին տեղեկատվություն ստանալու գրավոր հարցում էր ուղարկել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ տնօրեն Տիգրան Վարդանյանին` խնդրելով հայտնել՝ կազմակերպության կաթնամթերքը արտադրվում է բնական կաթից, թե կաթնափոշուց, ինչպես նաեւ տրամադրել ցանկը, թե կազմակերպության կաթնամթերքներից որն է բնական կաթից, որը՝ ոչ, և/կամ որ արտադրատեսակի մեջ բնական կաթի քանակն ինչքան է:
Կազմակերպությունը ԻԱԿ-ի հարցումը թողել էր անպատասխան: Ուստի, 06.12.2011թ.-ին ԻԱԿ-ը կրկնակի հարցում ուղարկեց «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին` խնդրելով տրամադրել վերոնշյալ տեղեկությունները:
Կրկնակի հարցմանն ի պատասխան` 2011թ.-ի դեկտեմբերի 16-ին ՍՊԸ-ից ստացվեց էլեկտրոնային պատասխան, ըստ որի` ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունը մակնշված է կազմակերպության արտադրանքի յուրաքանչյուր տուփի վրա, ինչպես նաև հետաքրքրող տեղեկությունները ստանալու համար հղում էր արված կազմակերպության կայքին: Սակայն ԻԱԿ-ի խնդրած տեղեկություններն առկա չէին ոչ կազմակերպության արտադրանքի տուփերի վրա, ոչ էլ կայքում: Ուստի, պատասխանը համարվել է անհիմն:
Արդյունքում, 2011 թ.-ի դեկտեմբերի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան` խնդրելով պարտավորեցնել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին տրամադրել ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև խնդրված տեղեկությունները չտրամադրելու համար կազմակերպության տնօրեն Տիգրան Վարդանյանին ենթարկել վարչական պատասխանատվության:
ՀՀ վարչական դատարանը 2012թ. հունվարի 26-ին որոշում է կայացրել մերժել ԻԱԿ-ի հայցադիմումը վարույթ ընդունել՝ գտնելով, որ հայցը ենթակա չէ վարչական դատարանում քննության՝ պատճառաբանելով, որ նշված ընկերությունը ուղղակի հանդիսանում է շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) ընկերություն, հետևաբար «ներկայացված հայցապահանջները չեն բխում հանրային իրավահարաբերություններից…»: Այլ կերպ ասած` դատարանը համարել է, որ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն հանրային նշանակություն չունի: Այնինչ, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ «Դուստր Մարիաննա» ընկերությունը Հայաստանում ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտ է համարվում: Իսկ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` ապրանքային շուկաներում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող կազմակերպությունները համարվում են հանրային նշանակության կազմակերպություններ և հանդիսանում են տեղեկատվություն տնօրինողներ:
13.02.2012թ.-ին ԻԱԿ-ը բողոքարկել է Վարչական դատարանի որոշումը: 05.03.2012թ.-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը ԻԱԿ-ի բողոքը բավարարել է մասնակիորեն: Դատարանը «Դուստր Մարիաննա» ՍՊ ընկերությանը տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու մասով մերժել է ԻԱԿ-ի հայցապահանջը, իսկ «Դուստր Մարիաննա» ընկերության տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասով՝ բավարարել:
16.04.2012թ. ՀՀ վարչական դատարանը /դատավոր Ա. Դարբինյան/ ԻԱԿ-ի հայցադիմումը՝ «Դուստր Մարիաննա» ընկերության տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելու մասով, ընդունել է վարույթ: ԻԱԿ-ն ընդդեմ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի դատական առաջին նիստը տեղի ունեցավ 2012թ.-ի հուլիսի 18-ին: Հերթական նիստը, որը նշանակված էր 2012թ.-ի սեպտեմբերի 25-ին, տեղի չունեցավ, քանի որ ԻԱԿ-ի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան` դատական նիստը հետաձգելու մասին: 2012թ.-ի հոկտեմբերի 31-ին նշանակված դատական նիստը տեղի չունեցավ: Հետաձգվեց նաեւ 2012թ.-ի դեկտեմբերի 6-ին նշանակված դատական նիստը: Հաջորդ նիստը տեղի ունեցավ 2013թ.-ի փետրվարի 4-ին: Դատաքննությունն ավարտվեց:
Դատարանն իր վճիռը հրապարակեց 2013թ.-ի փետրվարի 19-ին` ամբողջությամբ բավարարելով «Դուստր Մարիաննա» ընկերության տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելու ԻԱԿ-ի պահանջը (տուգանք` 80.000 ՀՀ դրամի չափով, որից 30.000 ՀՀ դրամը ԻԱԿ-ի առաջին հարցմամբ եւ 50.000 ՀՀ դրամը ԻԱԿ-ի կրկնակի հարցմամբ խնդրվող տեղեկությունները չտրամադրելու համար), ինչպես նաեւ պարտավորեցնելով “Դուստր Մարիաննա” ընկերության տնօրեն Տիգրան Վարդանյանին փոխհատուցել ԻԱԿ-ի կատարած` 100.000 ՀՀ դրամ դատական ծախսերը եւ 3.000 ՀՀ դրամ վճարած պետական տուրքի գումարը:
ԻԱԿ-ի՝ 2011 թ.-ի դեկտեմբերի 19-ի հայցադիմումին ՀՀ վարչական դատարան կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՀ վարչական դատարանի` 26.01.2012 թ.-ի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՀ վարչական դատարանի որոշման դեմ ԻԱԿ-ի՝ 13.02.2012 թ.-ի վերաքննիչ բողոքին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի` 05.03.2012 թ.-ի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՀ վարչական դատարանի` 19.02.2013 թ.-ի վճռին կարող եք ծանոթանալ այստեղ: