Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

116. ՏՎԽ կարծիք․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի

Փաստերը

2025 թվականի հուլիսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի՝ պահանջելով պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն հերքել ընկերությանը պատկանող hraparak.am կայքում և նույնանուն ֆեյսբուքյան էջում հրապարակված «Փաշինյանը դավաճանու՞մ է արդյոք կնոջը» նյութում զրպարտություն համարվող տվյալները, ինչպես նաև լրատվամիջոցից հօգուտ հայցվորի բռնագանձել 1 միլիոն ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում։ Վարչապետը հայցադիմումի հետ ներկայացրել է հերքման տեքստ հետևյալ վերնագրով․ «Հերքում՝ «Փաշինյանը դավաճանու՞մ Է արդյոք կնոջը» վերնագրով հոդվածում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների մասին», իսկ բուն հերքման բովանդակությունը հետևյալն է․  «06.06.2025թ.-ին www.hraparak.am կայքում մեր կողմից հրապարակվել է հոդված՝ «Փաշինյանը դավաճանու՞մ Է արդյոք կնոջը» վերնագրով։ Հայտնում ենք, որ այդ հոդվածում հրապարակված տեղեկությունները ամբողջությամբ զրպարտում են ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և չեն համապատասխանում իրականությանը»։

Հայցվորը նաև խնդրել է, որ դատարանը պատասխանողին պարտավորեցնի պահպանել այս հերքումը կայքում առանց ժամկետի սահմանափակման, որ տվյալ հրապարակմանը այլ նյութերի համեմատ տրվի կայքի, էջի, առցանց ալիքի այցելուներին ցուցադրելու նույն առաջնահերթությունը, ինչ զրպարտող տեղեկություններ պարունակող հոդվածն է, իսկ հրապարակվող տեքստը չպարունակի լրատվամիջոցի որևիցե այլ մեկնաբանություն կամ գրառում, այլ միայն՝ վճռով նշված բուն հրապարակման տեքստի բառացի շարադրանքը։

Դատական գործը ստացել է ԵԴ2/6979/02/25 համարը։ Դատաքննությունը դեռ չի սկսել։ Մինչ դատական հայց ներկայացնելը Նիկոլ Փաշինյանը չի դիմել լրատվամիջոցին հերքում հրապարակելու կամ պատասխանի իրավունքից օգտվելու համար։

 ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

Տեղեկատվական վեճերի խորհուրդը որոշել է անդրադառնալ վիճահարույց հրապարակման իրավաչափության հարցին՝ հաշվի առնելով այս դատական գործի առանձնահատկությունները, մասնավորապես՝ հայցը ներկայացվել է երկրի ղեկավարի կողմից` ընդդեմ լրատվամիջոցի, և, բացի այդ, հոդվածն ունի լայն ենթատեքստ՝ պայմանավորված սրան նախորդած ամիսներին վարչապետի հրապարակային հայտարարություններով Հայ առաքելական սուրբ եկեղեցու առաջնորդի վերաբերյալ։

Ըստ հայցվորի՝ խնդրո առարկա նյութում հրապարակվել են զրպարտություն համարվող տվյալներ։ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են անձի պատիվը,  արժանապատվությունը: Ինչ վերաբերում է պատասխանողի դիրքորոշմանը, ապա չի բացառվում, որ դատական քննության ընթացքում լրատվամիջոցը հայտնի, որ վիճահարույց արտահայտությունները գնահատողական դատողություններ են, դրանք չեն կարող որակվել որպես փաստացի տվյալներ, դրանց ապացուցման բեռն իր վրա չի կարող դրվել, քանի որ, հակառակ դեպքում, նման որոշումը կլինի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին հակասող (Լինգենսն ընդդեմ Ավստրիայի, թիվ 9815/82, ՄԻԵԴ, 08/07/1986, կետ 46):

Ուսումնասիրելով խնդրո առարկա արտահայտությունները՝ Խորհուրդը գտնում է, որ դրանք առավելապես փաստացի տվյալներ են և ենթակա են ապացուցման։ Միևնույն ժամանակ, ավելի լայն շրջանակում գնահատելով հոդվածը և հաշվի առնելով ենթատեքստը, ակնհայտ է դառնում, որ լրատվամիջոցը փորձել է ուշադրություն հրավիրել առ այն, որ ՀՀ վարչապետի հրապարակային հայտարարություններն Ամենայն հայոց կաթողիկոսի անձնական կյանքի վերաբերյալ նույնչափ տեղին չեն, որչափ վիճահարույց են հոդվածում հրապարակված արտահայտությունները ՀՀ վարչապետի անձնական կյանքի մասին։ Այս առումով Խորհուրդը գտնում է, որ այդ արտահայտությունները կարող են որակվել որպես վարչապետի հրապարակային հայտարարությունների վերաբերյալ գնահատողական դատողություններ։ Այդուհանդերձ, նույնիսկ այս դեպքում գործում է իրավական պահանջը, ըստ որի՝ գնահատողական դատողությունները պետք է հիմնվեն որոշակի փաստերի վրա, որոնց հավաստիության աստիճանը կարող է լինել ավելի նվազ, քան բուն փաստական տվյալների հրապարակման դեպքում։ Ըստ Վճռաբեկ դատարանի՝ արտահայտությունը չի կարող զրպարտություն որակվել, եթե ունի որոշակի փաստական հիմք և հետապնդում է ոչ թե անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այլ իրենից ներկայացնում է որոշակի փաստական հիմքի վրա ինչ-որ հարցի կապակցությամբ անձի կողմից փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում արվող հետևություն։[1]

Այսպիով, վիճահարույց արտահայտությունները գնահատողական դատողություն ներկայացնելիս, պատասխանող լրատվամիջոցը պետք է հիմնավորի, առաջին՝ որ չի ունեցել անձի պատիվը և արժանապատվությունը արատավորելու նպատակ, և երկրորդ՝ որ արտահայտություններն ունեն որոշակի փաստական հիմքեր։ Հարցը, թե այս իրավական պահանջները որքանով կբավարարվեն,  պետք է լուծվի դատական քննության ընթացքում կողմերի փաստարկներից և համապատասխան ապացույցներից։

Ինչ վերաբերում է հոդվածում տեղ գտած արտահայտությունների զրպարտություն լինելու մասին հայցվորի դիրքորոշմանը, ապա Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նման գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Հետևաբար, լրատվամիջոցն է կրելու իր կողմից հրապարակված արտահայտությունների փաստական հիմքերի առկայությունը հիմնավորելու պարտականությունը։ Նույն՝ 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ ենթակետը  տրամադրում է իրավական պաշտպանության կարևոր հիմքեր պատասխանողների համար։ Ըստ այդմ՝ փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները։ Այլ կերպ ասած՝ այս դրույթները «ողջամիտ հրապարակման» իրավական պաշտպանության միջոցներ են։

Խորհուրդը գտնում է, որ տվյալ դեպքում հոդվածի բովանդակությունը պայմանավորված է գերակա հանրային շահով, այն է՝ հանրային սուր հետաքրքրություն ներկայացնող քաղաքական հարցերի շուրջ ՀՀ վարչապետի և Հայ առաքելական սուրբ եկեղեցու մի շարք ներկայացուցիչների միջև ծավալված հանրային բանավեճը հասարակական-քաղաքական լարված միջավայրում, որը հարուցել է հանրային խորը մտահոգություն։

Այդուհանդերձ, անդրադառնալով վերոհիշյալ ենթակետում սահմանված երկրորդ պայմանին, Խորհուրդն արձանագրում է, որ խնդրո առարկա հոդվածում ոչինչ չի վկայում, որ լրատվամիջոցը ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ՝ ստուգելու փաստական տվյալների ճշմարտացիությունը։ Այս եզրահանգումն ավելի է հիմնավորվում տեքստում օգտագործված որոշ արտահայտություններով՝ «ըստ օդից կախված լուրերի», «լուրեր էին պտտվում», ինչը ողջամտորեն չի կարող համարվել տեղեկատվության վստահելի աղբյուր և լսարանի համար արժանահավատ լինել։

Փաստական տվյալների ստուգված լինելու պահանջի կատարված լինելը գնահատվում է նյութի հրապարակման պահի դրությամբ, այլ ոչ թե post factum` հետին հայացքով, օրինակ, հետագայում ստացված ապացույցների հիման վրա։ Իսկ եթե լրատվամիջոցը օգտվել է աղբյուրից, ապա Օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ տեղեկատվության աղբյուրին պետք է հղում կատարել հրապարակելու պահին։ Ըստ Վճռաբեկ դատարանի՝ «բովանդակային առումով տեղեկատվության աղբյուրի բացահայտումը պետք է կատարվի տեղեկատվությունը տարածելու հետ միաժամանակ»։[2] Դա բացատրվում է այն անհրաժեշտությամբ, որ տեղեկատվության հասցեատերը պետք է տեղեկության տարածման պահին իրազեկ լինի աղբյուրի մասին, որը կարող է լինել ոչ թե անմիջական հրապարակողը, այլ որևէ այլ սուբյեկտ: Եթե հրապարակման պահին հղում չի կատարվում աղբյուրին, 1087.1-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ զրպարտության կամ վիրավորանքի համար պատասխանատվությունը կրում է հրապարակողը՝ ինչպես անանուն կամ կեղծ աղբյուրների դեպքում։ Անգամ, եթե հրապարակողը հետագայում, օրինակ, դատական քննության փուլում բացահայտի աղբյուրը, դա չի ազատում հրապարակողին պատասխանատվությունից։[3]

Ինչ վերաբերում է հայցվորին, Խորհուրդն իր նախկին եզրակացություններում բազմիցս նշել է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք պետք է ձեռնպահ մնան զրպարտության ու վիրավորանքի գործերով լրատվամիջոցների դեմ հայցեր ներկայացնելուց։ Սա կայուն հաստատված հասարակական ու իրավական հայեցակարգ է եվրոպական հանրային հարաբերություններում, որն արտահայտվել է Եվրոպայի խորհրդի և ԵՄ-ի իրավական ու քաղաքական մի շարք փաստաթղթերում։[4] Թիվ 83-րդ կարծիքում ՏՎԽ-ն երեք հիմնավոր պատճառներ բերել, թե ինչու հանրային բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ձեռնպահ մնան մամուլի դեմ վիրավորանքի և զրպարտության հիմքերով դատական գործեր հարուցելուց։ Առաջինն այն է, որ հանրային մարմինների նկատմամբ քննադատությունը ժողովրդավարական կառավարման անհրաժեշտ պայման է, մինչդեռ նման դատական հայցերը խոչընդոտում են հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրների առնչությամբ ազատ քննարկումներ անցկացնելը։ Դա վերաբերում է նաև լրատվամիջոցների դեմ խոշոր գումարային պահանջներ ներկայացնելուն։ Երկրորդը՝ վիրավորանքի ու զրպարտության հետ կապված օրենսդրական կարգավորումները հետապնդում են անձնական հեղինակությունը պաշտպանելու նպատակ, սակայն հանրությունը լեգիտիմ իրավունք ունի տեղեկացված լինելու իր կողմից ընտրված և առաջնային մանդատով օժտված քաղաքական գործիչների, բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի ղեկավարի անձնական կյանքի մասին, եթե խնդիրը վերաբերում է նրանց հանրային գործառույթներին և գործունեությանը։ Երրորդ՝ իշխանություններն ունեն սուր քննադատությունից պաշտպանվելու լայն  հնարավորություններ, և  պետական մարմինների ու պաշտոնյաների կողմից դատական հայցեր ներկայացնելը դիտարկվում է որպես հարկատուների գումարների վատնում, քանի որ քննադատության նկատմամբ անհանդուրժող կեցվածք ունեցող իշխանությունների համար դա չարաշահումների լայն դաշտ է բացում։

Սա, այդուհանդերձ, չի նշանակում, որ լրատվամիջոցներն ունեն քաղաքական գործիչների, երկրի ղեկավարի անձնական կյանքի մասին հրապարակումներ կատարելու անսահմանափակ հնարավորություն։ Բարձրաստիճան պետական պաշտոնյաների անձնական և ընտանեկան կյանքն էլ պետք է պաշտպանված լինի, և այդ բնույթի տեղեկությունները կարող են հրապարակվել, երբ դա ներկայացնում է անմիջական հանրային հետաքրքրություն՝ կապված իրենց գործառույթների իրականացման հետ։ Սակայն նույնիսկ այս դեպքերում պետք է հաշվի առնել երրորդ կողմին անհարկի վնաս պատճառելուց  ձեռնպահ մնալու անհրաժեշտությունը։[5]

Ի մի բերելով վերը նշվածը՝ Խորհուրդը եզրակացնում է, որ պատասխանող լրատվամիջոցը գտնվում է ազատ խոսքի պաշտպանության տակ այնքանով, որ բարձրացրել է հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող հարց՝ երկրի ղեկավարի հրապարակային արտահայտությունները Հայ առաքելական սուրբ եկեղեցու առաջնորդի վերաբերյալ, ինչը հարուցել է հանրային սուր բանավեճ և խորը մտահոգություն։ Սակայն խնդրո առարկա հոդվածում չի երևում, որ խմբագրությունը բավարար աշխատանք է տարել «ողջամիտ հրապարակում» իրավական պաշտպանության մեխանիզմներից օգտվելու համար․ նյութը պատրաստվել և տարածվել է առանց պատշաճ փաստական հիմքերի և տեղեկությունների աղբյուր կամ աղբյուրներ նշելու ու դրանց հղում կատարելու։ «Օդից կախված լուրերը» վկայակոչելն ու նման նյութեր հրապարակելը ոչ միայն կարող է դիտարկվել որպես անձին նսեմացնելու դիտավորություն և ունենալ իրավական գնահատական, այլև ակնհայտորեն ոտնահարում է լրագրության հիմնարար սկզբունքները։

Խորհուրդը նաև գտնում է, որ այս վեճի համատեքստում երրորդ անձանց կյանքի գաղտնիությանը միջամտելու փորձերը (անկախ նրանից, թե դա միտումնավոր է արվում, թե ակամա) խիստ անթույլատրելի են։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետին, ապա նա, ինչպես բոլոր քաղաքացիները, ունի անձնական ու ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք, բայց ոչ դրա հատուկ պաշտպանության իրավունք՝ պայմանավորված իր կարգավիճակով։ Հանրային բաց բանավեճի շրջանակում քաղաքական գործիչները, առավելևս երկրի ղեկավարը, ցանկացած քննադատության նկատմամբ պետք  դրսևորեն առավելագույն հանդուրժողականություն, որպեսզի կարևորագույն հարցերի շուրջ ծավալված քննարկումները լինեն անկաշկանդ։ Ամեն դեպքում քաղաքական բանավեճը, նույնիսկ եթե այն զուգորդված է սադրիչ և վիրավորական արտահայտություններով, գտնվում է ազատ խոսքի լայն պաշտպանության տակ, և վարչապետն իր գործողություններով չպետք է կաշկանդի իր իսկ նախաձեռնած բանավեճի ծավալումը։ Մինչդեռ նրա ներկայացրած դատական հայցը տրամագծորեն հակառակ ազդեցություն կարող է ունենալ։

Այդ լույսի ներքո պետք է դիտարկել նաև պատասխանողից 1 միլիոն դրամի չափով փոխհատուցում բռնագանձելու պահանջը։ Հայցվորը չի հիմնավորել, թե ինչու՞ տվյալ վեճը չի կարող լուծվել միայն հերքման հրապարակմամբ, ինչո՞վ է պայմանավորված դրամական փոխհատուցման անհրաժեշտությունը, և ի՞նչ չափանիշներով է հաշվարկվել և գոյացել վերոհիշյալ գումարը, որն անհամաչափորեն բարձր է և կարող է սառեցնող ազդեցություն ունենալ հանրային սուր խնդիրների վերաբերյալ տեղեկություններ և կարծիքներ տարածելու լրատվամիջոցների ազատության վրա։ Սա հակասում է ոլորտին վերաբերող եվրոպական սկզբունքներին, այդ թվում Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին։

Մտահոգիչ է նաև, որ ՀՀ վարչապետը մինչև դատարան դիմելը չի փորձել վեճը լոււծել արտադատական եղանակով՝ ներկայացնելով հերքման պահանջ կամ օգտվել պատասխանի իրավունքից` «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի հիման վրա։ Այս հոդվածը սահմանում է նաև հերքման կարգն ու պայմանները, որոնց նույնպես չի հետևել հայցվորը համապատասխան պահանջը ներկայացնելիս։ Մասնավորապես, 8-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ մասի համաձայն՝ հերքումն իրականացվում է «Հերքում» խորագրի ներքո։ Մինչդեռ, ինչպես նշվել է, տվյալ դեպքում ներկայացված հերքման տեքստը խորագրվել է հետևյալ կերպ․ «Հերքում՝ «Փաշինյանը դավաճանու՞մ Է արդյոք կնոջը» վերնագրով հոդվածում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների մասին», ինչը չի համապատասխանում օրենքի պահանջին։

Եզրափակելով, Խորհուրդը գտնում է, որ վարչապետի կողմից ընդդեմ լրատվամիջոցի դատական հայց ներկայացնելը և դրամական փոխհատուցում պահանջելը անհրաժեշտ չեն ժողովրդավարական հասարակությունում։

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ՝

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) – Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Արա Ղազարյան – «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Աշոտ Մելիքյան – Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Օլգա Սաֆարյան – Փաստաբան

[1] Վճռաբեկ դատարանի՝ Տրդատ Սարգսյանի վերաբերյալ թիվ ԵԴ/36140/02/19 քաղաքացիական գործով 2024 թվականի հունիսի 10-ի որոշում, էջ 10։ Տե՛ս նաև Վիրավորանք և զրպարտություն․ իրավական պաշտպանության ուղեցույց։ Արա Ղազարյան, Դավիթ Ասատրյան։ էջ 13:

[2]  Վճռաբեկ դատարանի՝ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի վերաբերյալ թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով 27/04/2012թ որոշում, էջ 15, 5-րդ պարբ.։

[3] Վիրավորանք և զրպարտություն․ իրավական պաշտպանության ուղեցույց։ Արա Ղազարյան, Դավիթ Ասատրյան։ էջ 25:

[4] Հռչակագիր մամուլում քաղաքական բանավեճի մասին։ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե (ընդունված Նախարարների կոմիտեի կողմից՝ նախարարների տեղակալների 872-րդ հանդիպման ժամանակ՝ 2004 թվականի փետրվարի 12-ին։

[5] Տե՛ս վերևում վկայակոչված Հռչակագրի կետ VII-ում։

Skip to content