Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
2023 թվականի նոյեմբերի 1-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետարանից հայցված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցով։
2021 թվականի մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

28. ԻԱԿ-ն ու «Առավոտ» օրաթերթն ընդդեմ Լոռու մարզպետի

«Առավոտ» թերթի մարզերի և Սփյուռքի էջի պատասխանատու, լրագրող Արամ Զաքարյանը 19.08.2009 թ․-ին Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին` lori@mta.gov.am էլ. փոստի հասցեով հետևյալ բովանդակությամբ տեղեկատվություն ստանալու հարցում էր ներկայացրել.

«Հարգելի պարոն Քոչարյան
Ինչպես հայտնի է` սկսած 2005 թվականից, ՀՀ պետական բյուջեով, բացի մարզպետարանների պահպանման ծախսերից, «Այլ նպաստներ բյուջեից» տողով ՀՀ մարզպետարանները գումարներ են ստանում: 2005, 2006, 2007 թվականներին յուրաքանչյուր մարզպետարան ստացել է 10-ական միլիոն դրամ, իսկ 2008 և 2009 թվականներին` 20-ակամ միլիոն:
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
     1. Ի՞նչ նպատակներով են ծախսվել այդ գումարները` ըստ տարիների:
     2. Խնդրում եմ մանրամասնել` ամեն տարի քանի որոշում է կայացվել, ինչքան գումար է ծախսվել ամեն որոշմամբ»:

Սակայն հարցումը մնացել էր անպատասխան: Եվ «Առավոտ» թերթի մարզերի և Սփյուռքի էջի պատասխանատու, լրագրող Արամ Զաքարյանը դիմել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնին` խնդրելով օգնել իրեն` դատական կարգով վերականգնելու իր` տեղեկություն ստանալու խախտված իրավունքը:

25.02.2010 թ.-ին տեղի ունեցավ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն և «Առավոտ» օրաթերթն ընդդեմ Լոռու մարզպետի գործով առաջին դատական նիստը:

12.03.1010 թ.-ին ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրում շարունակվեց ԻԱԿ-ը և «Առավոտ» օրաթերթն ընդդեմ Լոռու մարզպետարանի դատական գործի քննությունը: Դատարանում ԻԱԿ-ի և «Առավոտի» շահերի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը պնդեց հայցապահանջը: Լոռու մարզպետարանի իրավաբան Ալիկ Սահակյանն էլ հաստատեց, որ հարցումը ստացվել է, սակայն նշեց, որ էլեկտրոնային հարցումը չի կարող գրավոր հարցում համարվել:

Մայիսի 25-ին ՀՀ վարչական դատարանը հրապարակեց ԻԱԿ-ն ու «Առավոտ» օրաթերթն ընդդեմ Լոռու մարզպետի գործով վճիռը: Դատարանը մերժեց հայցը, քանի որ Լոռու մարզպետարանը վճռի հրապարակումից 1 օր առաջ «Առավոտ» օրաթերթին տրամադրել էր հայցվող ողջ տեղեկատվությունը: Նաև դատարանը գտավ, որ «Առավոտ» օրաթերթի կողմից ՀՀ Լոռու մարզպետին ուղարկված մարզպետարանի ոչ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով էլեկտրոնային տարբերակով ուղարկված հարցմանը չպատասխանելը չի կարող գնահատվել ոչ իրավաչափ:

ԻԱԿ-ն ու «Առավոտ» օրաթերթը ՀՀ վարչական դատարանի վճիռը բողոքարկեցին ՀՀ Վճռաբեկ դատարանում: Սակայն 2010 թ. հուլիսի 21-ի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը մերժեց ԻԱԿ-ի և «Առավոտ» օրաթերթի վճռաբեկ բողոքը:

Այն հիմնավորումները, թե խախտվել են «Առավոտ» օրաթերթի նյութական և դատավարական իրավունքները, վճռաբեկ դատարանը չընդունեց: Վճռաբեկ բողոքում նաև նշվել էր, որ ՀՀ վարչական դատարանը չի պարզել, թե երբվանից են գործել մարզպետարանի կողմից պաշտոնապես ճանաչված էլեկտրոնային փոստի հասցեները: Նաև վարչական դատարանը հանգել էր հետևյալ եզրակացության, թե «Մարզպետարանի կայքում տեղադրված էլեկտրոնային փոստի հասցեն պաշտոնական չէ»: Ավելին, վարչական դատարանը չէր գնահատել նաև ՏԱ մասին օրենքով պահանջվող 5-օրյա ժամկետում պատասխանն ուղարկելու ժամկետի խախտման հարցը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել էր, որ դատական սխալ տեղի չի ունեցել, որ հիմնավորված չէ նյութական և դատավարական իրավունքի խախտման առկայությունը, որը ազդել է գործի ելքի վրա:

Վճիռ 

Հայցադիմում

 

Skip to content