Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտակարթական կենտրոնի հետ գործակցությամբ համախմբել էր ՀՀ բուհերի դասախոսներին՝ քննարկելու համալսարաններում շրջանաձև տնտեսության դասավանդման ու համապատասխան կրթական ծրագրերի զարգացման վերաբերյալ հարցեր։
Հուլիսի 7-ին Երևանի պետական համալսարանում ԻԱԿ-ի «Շրջանաձև տնտեսության փորձաշրջան» ծրագրի շրջանակում կայացավ կրթագիտական ոլորտի ներկայացուցիչների հանդիպում, որի նպատակն էր քննարկել բուհերում շրջանաձև տնտեսության թեմայով իրականացվող կրթական ծրագրերի զարգացման, բուհերի և փորձագիտական համայնքի փոխգործակցության հնարավորությունները, ինչպես նաև քարտեզագրել այս գործընթացում դասավանդողների և կրթական կառավարիչների հիմնական կարիքները։
Հանդիպմանը մասնակցում էին տարբեր գիտակարգերի ներկայացուցիչ դասախոսներ Երևանի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայաստանի ազգային ագրարային և Եվրասիա միջազգային համալսարաններից, ինչպես նաև ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնից։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը քննարկմանն ընդառաջ հայաստանյան 18 բուհ ուղարկել էր տեղեկություն ստանալու հարցումներ՝ խնդրելով տրամադրել բուհերում շրջանաձև տնտեսության ոլորտին առնչվող կրթական ծրագրերի, վերջին երեք տարիներին թեմայի շրջանակում իրականացված գիտական հետազոտությունների, տպագրված հոդվածների, ինչպես նաև տեղական ու միջազգային համագործակցությունների վերաբերյալ տեղեկություններ։
Հանդիպման մասնակիցները ծանոթացան հարցումների արդյունքում հավաքագրված տվյալներին, ապա ներկայացրին մանրամասներ իրենց բուհերում իրականացվող թեմատիկ նախաձեռնությունների վերաբերյալ։ Այնուհետև դասախոսները բարձրաձայնեցին իրենց կողմից արձանագրված խնդիրները՝ առաջարկելով դրանց հավանական լուծման տարբերակներ։
Ոլորտային կրթության զարգացման տեսանկյունից մասնակիցները առանձնացրեցին նաև իրազեկման կարիքը ինչպես ուսանողների, այնպես էլ բիզնես համայնքի շրջանում։ Մասնագետները համոզված են, որ սա էական նշանակություն ունի ոչ միայն ուսանողներ ներգրավելու, որակյալ և կիրառական կրթություն կազմակերպելու, այլև թիրախային հետազոտություններ և գիտական ուսումնասիրություններ իրականացնելու համատեքստում։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Շրջակա միջավայրի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ Նարինե Խալաթյանը նշեց, որ իրենց ամբիոնի փորձառությունը ցույց է տալիս, որ ուսանողների շրջանում այս ոլորտը դեռևս մեծ պահանջարկ չունի․ «Մենք ոչ միայն պետք է դասավանդենք, այլև իրազեկենք մասնագտական կողմնորոշման փուլում՝ ցույց տալով, թե ինչ հեռանկարային, կարևոր և օր օրի ավելի ու ավելի մեծ պահանջարկ ստացող ոլորտ է շրջանաձև տնտեսությունը»։
Միաժամանակ մասնակիցները առանձնացրին վերջին երկու տարվա ընթացքում ոլորտում առկա նոր նախաձեռնությունները, որոնք արդեն իսկ պարարտ հող են ձևավորում բուհերում այս ոլորտի դասավանդման հարցերն ավելի համակարգային լուծումների համատեքստում քննարկելու համար։
Ներկաները կարևորեցին այն հանգամանքը, որ շատ բուհերում, որտեղ իրականացվում են կայուն զարգացման նպատակներին առնչվող կրթական ծրագրեր, արդեն իսկ այս կամ այն կերպ ինտեգրվել է նաև շրջանաձև տնտեսության թեման՝ որոշ դեպքերում առանց անվանելու այն հենց այդ եզրույթով։ Սակայն այս ուղղությամբ ևս բուհերն աշխատանք են իրականացնում․ սույն թվականի մարտ ամսին Եվրասիա միջազգային համալսարանի նախաձեռնությամբ ԵՄ էրազմուս Ծրագրի շրջանակում իրականացվող «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» T-Green նախագծի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մագիստրոսի մասնագիտությունների կրթական ծրագրերի ցանկը լրացվել է «Շրջանաձև տնտեսություն և կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրով։ Ըստ էության սա մեր Հանրապետությունում առնվազն կրթության ոլորտում առաջին իրավական ակտն է, որտեղ օգտագործվում է «շրջանաձև տնտեսություն» եզրույթը։
Եվրասիա միջազգային համալսարանի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը տեղեկացրեց, որ վերոհիշյալ նախաձեռնությունը T-Green նախագծի շրջանակում Հայաստանի ԵՄ գործընկեր կառույցների հետ համագործակցության արդյունքում է իրագործվել, ուսումնասիրվել է համապատասխան ոլորտում առաջատար միջազգային փորձը, իրականացվել են վերապատրաստումներ։
Քննարկումը կազմակերպվել էր «CirculUP!․ Հայաստանում շրջանաձև տնտեսությունը հանրայնացնելու կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում» ծրագրի շրջանակում, որով նախատեսվում է նաև մշակել շրջանաձև տնտեսության թեման տարբեր դիսցիպլիններում ինտեգրելու հնարավորությունների վերաբերյալ խորհդատվական զեկույց՝ պրակտիկ աշխատանքային փաստաթուղթ, որտեղ կներկայացվեն հայաստանյան բուհերում առկա մեխանիզմներն ու դրանց ինտեգրման և զարգացման հնարավորությունները։
«Իսկապես գնահատելի է ձեր մասնակցությունն այս գործընթացին։ Մեզանից յուրաքանչյուրն այս ոլորտում սեփական փորձառությունը, կարիքներն ու խնդիրներն ունի, ուստի արդյունավետ լուծումներ գտնելու համար շատ կարևոր է ձեր ներդրումն այս գործընթացում։ Միայն փոխգործակցության, կարիքների և հնարավորությունների համադրման միջոցով մենք կարող ենք բուհերին իրավամբ կիրառելի գործիքակազմ առաջարկել»,- նշեց «Շրջանաձև տնտեսության փորձաշրջան» ծրագրի փորձագետ Արեգ Թադևոսյանը։
Շրջանաձև տնտեսության դասավանդման վերաբերյալ հնչած կարծիքները, այն զարգացնելուն միտված տեսակետները, արձանագրված խնդրներն ու առաջարկված լուծումները՝ ներկաների համար համագործակցային նոր կապեր ձևավորելու և զարգացնելու հարթակ էր դարձել, ինչը քննարկման հիմնական նպատակներից էր։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությունն աջակցություն է ստացել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից՝ CirculUP! Ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Իմփաքթ Հաբ Ցանցի կողմից` Իմփաքթ Հաբ Երևանի և Շրջակա Միջավայր և Առողջություն ՀԿ-ի հետ համատեղ: