Սեպտեմբերի 24-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) կազմակերպվել էր շրջանաձև տնտեսության (ՇՏ) թեմայով իրազեկման հանդիպում։
Հանդիպման նպատակն էր ներկայացնել ուսանողներին ՇՏ համակարգի ներդրման ընթացիկ գործընթացները Հայաստանում, դրա նշանակությունը երկրի տնտեսական զարգացման տեսլականի համար, դրա հնարավոր ազդեցությունը բնապահպանական խնդիրների լուծման վրա։ Միաժամանակ ԻԱԿ-ի նախաձեռնած միջոցառումը նպատակ ուներ ձևավորել համագործակցության կապեր բուհերի ներկայացուցիչների և CirculUP! ծրագրի շրջանակում ձևավորված Հայաստանում շրջանաձև տնտեսության կոալիցիայի միջև։
Այս անգամ կոալիցիայի ներկայացուցիչներին հյուրընկալել էր ՀՊՏՀ տնտեսագիտական ֆակուլտետի Շրջակա միջավայրի և կայուն զարգացման ամբիոնը․ հանդիպմանը մասնակցում էին տարբեր կուրսերում սովորող շուրջ 50 ուսանող։ Հանդիպման առաջին փուլում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ծրագրերի համակարգող Մանե Մադոյանը ամփոփ ներկայացրեց ՀՀ-ում շրջանաձև տնտեսության ոլորտում իրականացվող նախաձեռնությունների ընդհանուր պատկերը, ծանոթացրեց կոալիցիայի ստեղծման նպատակների և գործունեության մեխանիզմները, ինչպես նաև դրանց շրջանակում ուսանողների հետ համագործակցության հնարավորությունները։
Հանդիպման երկրորդ հատվածի հիմնական բանախոսը Հայաստանի ՇՏ կոալիցիայի անդամ, թափոնների կառավարման փորձագետ Հարություն Ալպետյանն էր։ Նա ուսանողներին ներկայացրեց ՇՏ ոլորտում իրականացվող հիմնական գործընթացները, մանրամասնեց, թե ինչպես է ազդում թափոնների կառավարման քաղաքականությունը ՇՏ զարգացման վրա։ Փորձագետը խոսեց նաև ուսանողների ընտրած մասնագիտության կարևորության և աշխատանքային շուկայում առկա հնարավորությունների մասին։ «Թափոնների կառավարումը, բնօգտագործումը, կայուն և կանաչ
տնտեսությանն առնչվող մասնագիտացումները մեծ պահանջակ ունեն ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Այս պահանջարկը գնալով աճելու է, և Հայաստանում այդ ոլորտների զարգացման համար խիստ կարևոր է որ դուք որակյալ մասնագետներ դառնաք»,- նշեց Հարություն Ալպետյանը՝ առաջարկելով ակտիվորեն օգտագործել կրթության և մասնագիտական աճի թե՛ տեղական, թե՛ միջազգային ռեսուրսները։
Հարություն Ալպետյանը, ով նաև ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավարն է, ուսանողներին պատմեց ՇՏ կայացման համա
տեքստում մեծ դերակատարություն ունեցող արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ / EPR) համակարգի ներդրման ընթացքի և դրան ուղղված օրենքի նախագծի մասին, որն այս պահին գտնվում է քննարկումների վերջին փուլում։
Շրջակա միջավայրի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ Նարինե Խալաթյանը նշեց, որ նման հանդիպումները կարևոր նշանակություն ունեն ուսանողների կրթական գործընթացում։ Նա ընդգծեց, որ ամբիոնը բաց է համագործակցության համար և վստահ է, որ Հայաստանի Շրջանաձև տնտեսության կոալիցիայի հետ համատեղ աշխատանքը կարող է էապես հարստացնել թե՛ ուսանողների ուսուցումը, թե՛ դասախոսական համայնքի մասնագիտական ներուժի զա
րգացումը։ Նա ընդգծեց, որ Հայաստանի Շրջանաձև տնտեսության կոալիցիայի հետ համագործակցությունը փոխադարձ օգտակար է և կարող է հիմք ստեղծել երկարաժամկետ համագործակցության համար՝ միավորելով կրթական ու պրակտիկ փորձը։
Հանդիպումը կազմակերպել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՊՏՀ Շրջակա միջավայրի և կայուն զարգացման ամբիոնի հետ համագործակցությամբ, Եվրոպական միության պատվիրակության կողմից ֆինանսավորվող «CirculUP!․ Հայաստանում շրջանաձև տնտեսությունը հանրայնացնելու կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է Impact Hub Network-ի, Impact Hub Yerevan-ի և «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի կողմից։