«Առավոտ» առցանց պարբերականը նոյեմբերի 20-ին անդրադարձել է ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում իրավական գործիքների կիրառման հնարավորություններին և ռիսկերին՝ ներկայացնելով էստոնական փորձգետների մոտեցումներն ու դիտարկումները։ Հոդվածում ներկայացված է նաև հայաստանյան փորձառությունը․ այս հարցի շուրջ լրագրող Տաթև Հարությունյանը զրուցել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի հետ, ով համակարգել է նաև«Ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թվականների հայեցակարգ»»-ը մշակող փորձագիտական խմբի աշխատանքները։
—————
Ապատեղեկատվության դեմ պայքարում իրավական գործիքների վերաբերյալ հարցի քննարկումից առաջ հայ և էստոնացի փորձագետները կարծում են, որ պետք է ապահովել խոսքի ազատության, տեղեկատվության ազատության և կառավարությունների կողմից ոլորտին միջամտելու միջև հարցերի հավասարակշռությունը։ Aravot.am-ը փորձել է պարզել՝ Էստոնիայում և Հայաստանում իրավական համակարգը բավարար գործիքներ ունի՞ ապատեղեկատվության դեմ արդյունավետ պայքար ծավալելու համար։ Փորձագետների կարծիքները հիմնականում համընկնում են՝ իրավական գործիքակազմը բավարար է։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը ևս կարծում է, որ պետք է գնալ հասարակության մեդիագրագիտությունը, իրազեկվածությունը բարձրացնելու ճանապարհով․ «Քանի դեռ մարդկանց չես կրթել, չես կարող ակնկալել, որ նրանք կարող են կեղծիքը ճշմարտությունից, հորինվածը, արհեստականորեն ստեղծվածը տարբերել փաստերից, ավելին՝ կարծիքը, գնահատականը տարբերել փաստերից։ Այս բոլոր հմտությունները պետք է ուսուցանվեն ամենավաղ տարիքից։
Թվային անգրագիտության դեմ պայքարը՝ կրթական համալիր գործընթաց իրականացնելու միջոցով նաև բխում է մեր՝ ապատեղեկատվության դեմ պայքարի հայեցակարգից, բայց, ցավոք, մեդիագրագիտությունը եղել ու այսօր էլ շարունակում է մնալ քաղհասարակության անելիքը մեր երկրում և այդպես էլ չդարձավ պետության թիվ մեկ ռազմավարությունը և պաշտպանական համակարգի ազգային անվտանգության համակարգի բաղադրիչը։ Կարծում եմ՝ մեր հասարակությունը դեռևս ցածր մակարդակի մեդիագրագիտություն ունի։ Ուստի այդ հասարակությունում սկսել կիրառել խիստ պատժիչ գործիքակազմ, ուղղակի հղի է լուրջ վնասներով, վտանգներով, կարող է սպառնալիք դառնալ ազատ արտահայտվելու իրավունքի անհամաչափ սահմանափակման համար»։
Աղբյուրը՝ Aravot.am
Հեղինակ՝ Տաթև Հարությունյան
Ամբողջական հոդվածը՝ այստեղ