Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

119. ՏՎԽ կարծիք․ Տիգրան Ավինյանն ընդդեմ «Օրագիր մեդիա» ՍՊԸ լրատվական գործակալության

 ՓԱՍՏԵՐԸ․ ԳՈՐԾ 1

2023 թվականի մարտի 9-ին oragir.news լրատվական կայքում հրապարակվել է «Ախորժակը ուտելիս է բացվում. Ավինյանինը հասել է «Վիվասել-ՄՏՍ»-ին» հոդվածը: Նույն թվականի ապրիլի 13-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Օրագիր մեդիա» ՍՊԸ-ի, որը վերոհիշյալ կայքի հիմնադիրն է (դատական գործ թիվ ԵԴ2/0260/02/23): Ըստ հայցվորի՝ հոդվածում տեղ գտած տվյալները, որոնցով իրեն վերագրվում են պաշտոնեական դիրքը անձնական շահերին ծառայեցնելը, վարչական լծակների միջոցով «Վիվասել-ՄՏՍ»-ի վաճառքի գործարքի կնքումը խոչընդոտելը և ընկերությունն իրեն վաճառելուն հարկադրելը, ապօրինի գումարներ (սև բյուջե) տնօրինելը և վերահսկելը, ինչպես նան գնումների գործընթացի նկատմամբ ապօրինի վերահսկողություն իրականացնելը, զրպարտություն են, քանի որ արատավորող են և իրականությանը չեն համապատասխանում։ Վերոգրյալով պայմանավորված հայցվորը խնդրել է դատարանին պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն հերքել հոդվածում ներկայացված արատավորող տեղեկությունները, հօգուտ իրեն բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես փոխհատուցում:

Դատարանը բավարարել է հայցը մասնակիորեն՝ գտնելով որ «Ավինյանը վարչական լծակներով խոչընդոտում է գործարքի իրականացմանը ու պահանջում, որ հենց իրեն վաճառեն», ինչպես նաև «Առաջինը՝ յուրայիններից մեկին մի քանի միլիոն դրամանոց աշխատավարձով որևէ պաշտոն կապահովեն, պայմանով, որ այդ աշխատավարձի մեծ մասը «մուծվի» Ավինյանի վերահսկողության տակ գտնվող ՔՊ-ի սև բյուջե, մյուսը՝ պահի իրեն, և երկրորդ՝ այդ անձի միջոցով կվերահսկեն գնումների գործընթացը, որպեսզի բոլոր գնումներն արվեն իրենց ընկերություններից» արտահայտությունները զրպարտող են, քանի որ արատավորող են, և պատասխանողը չի ապացուցել դրանց՝ իրականությանը համապատասխանելը։ Դատարանը պարտավորեցրել է «Օրագիր մեդիա» ՍՊԸ-ին հրապարակել հերքում, իսկ դրամական փոխհատուցման չափը պահանջվածից էապես նվազեցրել է ու սահմանել  250 հազար դրամ։ Վճիռը հրապարակվել է 2025 թվականի հունիսի 4-ին։ Պատասխանողն այն բողոքարկել է վերադաս ատյան, և օգոստոսի 15-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը նրա բողոքն ընդունել է վարույթ, սակայն նիստի օր դեռ նշանակված չէ։

 

ՓԱՍՏԵՐԸ․ ԳՈՐԾ 1

Oragir.news կայքում 2024 թվականի նոյեմբերի 29-ին հրապարակվել է «Տիգրան Ավինյանը նախարարության նախկին շենքը գնել է, որպեսզի բարձրահարկ կառուցի» հոդվածը։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով՝ ընդդեմ վերոհիշյալ կայքի հիմնադիր «Օրագիր մեդիա» ՍՊԸ-ի (դատական գործ թիվ ԵԴ2/0260/02/23)։ Ըստ հայցվորի՝ հրապարակման մեջ տեղ են գտել վիրավորական հետևյալ երկու արտահայտությունները․ «… Տիգրան Ավինյանը նախարարության նախկին շենքը գնել է, որպեսզի բարձրահարկ կառուցի …» և «…այդ տարածքը, այդ թվում՝ շենքը, գնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ավելին՝ թույլտվություն է տվել, որպեսզի բարձրահարկ շենք կառուցվի…»: Քաղաքապետը դատարանին խնդրել է պարտավորեցնել պատասխանողին հրապարակել վճիռը, նույն կայքում հերքել հոդվածում տեղ գտած՝ զրպարտություն համարվող արտահայտությունները, վճարել փոխհատուցում 3 միլիոն դրամի չափով:

Դատական քննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ  հարցում է կատարել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով հայտնել, թե արդյո՞ք քաղաքապետի կողմից Երևան քաղաքի Թումանյան-Հանրապետություն փողոցների խաչմերուկում կամ հարակից հատվածներում բազմաբնակարան շենք կամ բարձրահարկ շենք կառուցելու համար որևէ անձի շինարարության թույլտվություն տրամադրվել է, եթե այո՝ խնդրել է տրամադրել այդ թույլտվության պատճենը: Ի պատասխան հարցմանը՝ քաղաքապետարանի Քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչությունը հայտնել է, որ Կենտրոն վարչական շրջանի Թումանյան և Հանրապետության փողոցների խաչմերուկին հարող տարածքում Երևանի քաղաքապետարանի կողմից որևէ քաղաքաշինական փաստաթուղթ չի տրամադրվել։ Հայցվորի ներկայացուցիչը նաև տեղեկացրել է, որ հարցում է կատարել  ՀՀ կադաստրի կոմիտե՝ խնդրելով հայտնել, թե արդյո՞ք Երևան քաղաքի Թումանյան-Հանրապետություն փողոցների խաչմերուկում Տիգրան Ավինյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված գույք կա, եթե այո՝ խնդրել է տրամադրել սեփականության վկայականի պատճենը։ Ի պատասխան՝ ՀՀ կադաստրի կոմիտեն տրամադրել է տեղեկանք, ըստ որի՝ Երևան քաղաքում Տիգրան Արմենի Ավինյանի անվամբ որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ վարձակալության իրավունքի պետական գրանցումներ չեն կատարվել։ Հիմնվելով այդ փաստերի վրա՝ հայցվորի ներկայացուցիչը պնդել է, որ լրատվամիջոցի հրապարակած տվյալները իրականությանը չեն համապատասխանում և զրպարտություն են։

Դատարանը մասամբ բավարարել է հայցը։ Համաձայն 2025 թվականի մայիսի 2-ին կայացված վճռի՝ նշված երկու արտահայտությունները կեղծ, իրականությանը չհամապատասխանող տվյալներ են պարունակում, հետևաբար՝ զրպարտություն են։ Ըստ այդմ՝ դատարանը պարտավորեցրել է պատասխանողին հրապարակել դատական ակտը, հերքել զրպարտող արտահայտությունները, ինչպես նաև վճարել փոխհատուցում 300 հազար դրամի չափով՝ տասը անգամ նվազեցնելով հայցվորի պահանջած գումարը։

Պատասխանողը 2025 թ. հուլիսի 18-ին վճիռը բողոքարկել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան։ Այս ատյանում հոկտեմբերի 31-ի դրությամբ տվյալ գործով նիստի օր դեռ նշանակված չէր։

 

ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

Անկասկած է, որ երկու հրապարակումներում էլ տեղեկությունները հանրային հետաքրքրություն են ներկայացնում։ Սակայն այդ հանգամանքը չի կարող գերազանցել անձի արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, եթե լրատվամիջոցը չի ապացուցել հրապարակված տեղեկության ճշմարտացիությունը, կամ ակնհայտ չէ, որ ձեռնարկվել են միջոցներ փաստերն ստուգելու համար։ Այդ իմաստով Խորհուրդն արձանագրում է, որ պատասխանողը չի նշել, թե ինչ աղբյուրներից է օգտվել, և եթե նախընտրել է դրանք չբացահայտել, ապա կոնկրետ ինչ պատճառներից ելնելով, կամ՝ թե ինչ այլ օբյեկտիվ հանգամանքներ են խանգարել, որ տեղեկությունները հրապարակվեին ստույգ տվյալներով։

Ի հակառակ դրա՝ հայցվորի ներկայացուցիչը դատարանում հիմնավորել է, որ կատարել է հարցումներ ու հանրային մարմիններից ստացել է պատասխաններ, որոնցով հերքվել են տարածված տեղեկությունները։

Խորհուրդը նաև համաձայն չէ «Օրագիր մեդիա» ՍՊԸ-ի պնդումներին, որ խնդրո առարկա արտահայտությունները գնահատող դատողություններ են, որոնք ենթակա չեն ապացուցման։ Հրապարակումների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ արտահայտությունները փաստացի տվյալներ պարունակող տեղեկատվություն է, այլ ոչ թե դատողություններ, գնահատականներ։ Կամ՝ եթե նույնիսկ որոշ դեպքերում կատարվել են դատողություններ, ապա դրանց հիմքում դրվել են կեղծ, իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Այսպիսով, լրատվամիջոցն իր երկու հրապարակումներում էլ խախտել է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ մասը։

Ուշագրավ է, որ դատարանները երկու գործով էլ էապես նվազեցրել են հայցվորի պահանջած դրամական փոխհատուցումների չափերը, և կարելի է ենթադրել, որ դա համարել են համաչափության սկզբունքի կիրառում, հանրային ու մասնավոր շահերի փոխհավասարակշռում։ Իսկապես, վիրավորանքի և զրպարտության գործերով, եթե օրենքի խախտող է ճանաչվում լրատվամիջոցը, կարևոր է, որ դատարանները, դրամական փոխհատուցման հարցը լուծելիս, սահմանեն այնպիսի չափ, որ խմբագրությունը չհայտնվի անհամաչափ ծանր, հետագա գործունեությանը սպառնացող գույքային բեռի տակ։ Միևնույն ժամանակ, հատկապես այն դեպքերում, երբ հայցվորը բարձրաստիճան պաշտոնյա է կամ հայտնի քաղաքական գործիչ, անհրաժեշտ է, որ դատարանները վերլուծեն և հիմնավորեն, թե ինչով է պայմանավորված դրամական փոխհատուցման սահմանումը, ինչ հաշվարկով է գոյացել դրա չափը, և ամենակարևորը՝ ինչու՞ տվյալ վեճի լուծումը չէր կարող սահմանափակվել (ավարտվել) միայն հերքում հրապարակելու և դատական ծախսերը բռնագանձելու պահանջների բավարարմանբ։ Մինչդեռ՝ վերոհիշյալ երկու գործերով էլ դատական ակտերում այդպիսի հիմնավորումներ չկան։

Խորհուրդը վերստին, ինչպես նախորդ իր եզրակացություններում, հորդորում է հանրային և քաղաքական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց հնարավորինս ձեռնպահ մնալ վիրավորանքի և զրպարտության հարցերով դատարան դիմելուց, դրսևորել հանդուրժողականություն հանրային նշանակություն ունեցող թեմաների շուրջ ընթացող քննարկումների նկատմամբ, որոնք ծավալվում են լրատվամիջոցների հարթակներում, իսկ անհամաձայնության դեպքում՝ առաջին հերթին օգտագործել վեճերի լուծման արտադատական մեխանիզմները՝ խմբագրությանը ներկայացնելով հերքման կամ պատասխան հրապարակելու պահանջ, ապա՝ դիմել ԶԼՄ-ների  ինքնակարգավորման Դիտորդ մարմին կամ ՏՎԽ։

Ամփոփելով՝ Խորհուրդը եզրակացնում է, որ և՛ Գործ 1-ում, և՛ Գործ 2-ում պատասխանողը տարածել է զրպարտող արտահայտություններ, քանի որ դատաքննության ընթացքում նա չի ապացուցել դրանց մեջ ներկայացված փաստական տվյալների ճշմարտացիությունը  և չի հիմնավորել, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու, թե որքանով են այդ տվյալները համապատասխանում իրականությանը։

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) – Ինֆորմացիայի ազատության

կենտրոնի նախագահ

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ

Արա Ղազարյան – «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն

Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Աշոտ Մելիքյան – Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Օլգա Սաֆարյան – Փաստաբան

 

Skip to content