Պետական կառավարման մարմինները տեղեկություն ստանալու հարցումների տարեկան 2024 թ.-ի վիճակագրությունը հրապարակել են` օգտագործելով ԻԱԿ-ի մշակած ձևաչափը։ Ընդ որում, 2025 թ.-ի հոկտեմբերի 4-ի դրությամբ տեղեկություն ստանալու հարցումների տարեկան վիճակագրությունը հրապարակել են դիտարկած բոլոր մարմինները։
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքը միասնական պահանջներ է սահմանում պետական բոլոր կառույցների համար։ Այնուամենայնիվ, տեղեկություն ստանալու հարցումների տարեկան վիճակագրությունը հրապարակելիս պետական մարմիների մոտեցումները միշտ տարբերվել են հրապարակման թե՛ ժամկետի, թե՛ ձևաչափի, թե՛ տվյալների ծավալի առումով: Արդյունքում տեղեկություն ստանալու հարցումների ամբողջական և միասնական վիճակագրություն երբևէ չի ձևավորվել 2003 թվականից ի վեր։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նախորդ տարիներին բազմիցս անդրադարձել է այս խնդրին, 2021 թ․-ին մշակել ու կառույցներին է տրամադրել հարցումների վիճակագրությունը հրապարակելու միասնական ձևանմուշ, սակայն պատկերը շարունակում էր նույնը մնալ․ դեռևս 2025 թ.-ի առաջին եռասյակում իրականացրած մոնիթորինգի տվյալների համաձայն՝ վիճակագրություն հրապարակած մարմիններից միայն 8-ն էր օգտագործել ԻԱԿ-ի առաջարկած միասնական ձևաչափը: Հրապարակված վիճակագրության քանակն ու որակը ևս տարբեր էր․ դիտարկված մարմինների շուրջ 20 տոկոսը չէր հրապարակել վիճակագրությունը։ Միևնույն ժամանակ 2024 թ․-ի վիճակագրությունը հրապարակած կառույցների շուրջ 30 տոկոսը հրապարակումն իրականացրել էր օրենքի խախտումով՝ չէր ներկայացրել հարցումների մերժման հիմքերը։
Վարչապետի աշխատակազմի Մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչության հետ գործակցության արդյունքում այս տարի վիճակագրության հրապարակման պրակտիկան փոխվել է։ Դիտարկված 38 մարմինների[1] բացարձակ մեծամասնությունը (92% կամ 35 մարմին) վիճակագրությունը հրապարակելիս օգտագործել է ԻԱԿ-ի մշակած ձևաչափը։ Արտաքին գործերի նախարարությունը, Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հարցումների վիճակագրությունը ներկայացրել են այլընտրանքային ձևաչափով։
Վերոնշյալ երեք մարմնից երկուսը, թեպետ ընտրել է այլ ձևաչափ, սակայն պահպանել է օրենքով սահմանված պահանջը՝ ներկայացնելով ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական և ամփոփ տվյալները, այդ թվում՝ մերժման հիմքերը։ Արտաքին գործերի նախարարության դեպքում վիճակագրությունը թերի է, քանի որ այն վերաբերում է բացառապես ԶԼՄ-ներից ստացած հարցումներին, իսկ մերժումների թվի և հիմքերի մասին տվյալներ չկան։
Չնայած ՏԱ տարեկան վիճակագրությանն առնչվող ակնհայտ առաջընթացին, մի շարք խնդիրներ շարունակում են մնալ արդիական։
- Թեպետ չնչին բացառություններով պետական կառավարման բոլոր մարմինները վիճակագրությունը հրապարակել են օրինակելի ձևաչափով, սակայն տվայլների հավաքագրման ու դրանց ներկայացման մեխանիզմները շարունակում են մնալ տարբեր։ Որոշ պետական մարմիններ վիճակագրության մեջ տարանջատում են քաղաքացիներից, ԶԼՄ-ներից և ՀԿ-ներից ստացած հարցումները, մյուսները թվապատկերը ներկայացնում են ընդհանուր (օրինակ՝ ՏԿԵՆ)։ Արդյունքում որոշ դեպքերում հստակ չէ, թե արդյոք ներկայացված վիճակագրությունը ներառում է բոլոր հարցումների մասին տվյալները, թե ներկայացնում են միայն լրագրողներից և ՀԿ-ներից ստացած գրությունները։ Օրինակ, Արդարադատության նախարարության հրապարակած փաստաթղթում ԶԼՄ-ների և ՀԿ-ների տվյալները ներկայացված են առանձին սյունակներով՝ սակայն բացակայում են քաղաքացիներից ստացված գրությունների մասին տվյալները։ Միաժամանակ պարզ չէ՝ արդյոք վիճակագրության մեջ ներառված են սոցիալական ցանցերով ստացված հարցումները, թե ոչ։ Արդյունքների համադրելիության տեսանկյունից կարևոր է, որ այս մոտեցումները ևս լինեն նույնական։
- Որոշ դեպքերում ձևաչափը լրացված է թերի։ Օրինակ, ԲՏԱՆ-ի հրապարակած վիճակագրության մեջ թեպետ երևում է մերժումների քանակը, սակայն նշված չեն մերժման հիմքերը։ Պատահում է նաև, որ փաստաթղթում ներկայացվում են լրացուցիչ տվյալներ՝ օրինակ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը առանձնացնում է էլեկտրոնային հարցումների e-request միասնական հարթակով ուղարկված հարցումների քանակը, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ձևաչափը փոփոխել է և քանակական տվյալները թարմացնում է ամեն ամիս։
- «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը պահանջում է ոչ միայն տեղեկությունների հրապարակայնության, այլև մատչելիության ապահովում, ինչը ենթադրում է նաև տվյալների հետ աշխատանքի համար ձևաչափեր և հասանելիություն պաշտոնական կայքում։ Եվ եթե փաստաթղթի ձևաչափի առումով հիմնական խնդիրը կարծես լուծված է, ապա, վիճակագրության դիրքը կայքերում շարունակում է մնալ տարբեր։ Այս առումով առավել դրական պատկեր է մարզպետի աշխատակազմերի կայքերում, քանի որ կայքերը նույն կառուցվածքն ունեն, բոլորը փաստաթուղթը տեղադրել են նույն բաժնում։ Մյուս կառույցների դեպքում երբեմն վիճակագրության համար նախատեսված հատուկ բաժիններ չկան և փաստաթղթի տեղադիրքը տարբեր է՝ կախված կայքի կառուցվածքից։ Որոշ դեպքերում այն գտնելը շատ դժվար է, քանի որ հրապարակման տեղը ընտրելու տրամաբանությունը հստակ չէ։ Օրինակ Անվտանգության խորհրդի գրասենյակը վիճակագրությունը հրապարակել է «Տեղեկատվություն» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում։ Այնինչ ավելի արդյունավետ կլիներ, եթե կիրառվեր ընդհանուր մոտեցում նաև հրապարակման դիրքի ընտրության համար։ Օրինակ, «Տեղեկատվության ազատություն» կամ համանման բաժնի «Վիճակագրութուն» ենթաբաժնում՝ հնարավորություն տալով օգտատիրոջը արագ և հեշտությամ գտնելու ներկայացված տվյալները։
- Եվ վերջապես, շարունակում է անորոշ մնալ հրապարակվող վիճակագրության նպատակային կիրառության հարցը։ Չկա տեղեկություն ստանալու հարցումների ամբողջական վիճակագրության մշակման և, որ ավելի կարևոր է, ստացված տվյալների վերլուծության մեխանիզմ և ընթացակարգ, արդյունքում մենք չենք ստանում վիճակագրության ամբողջական պատկերը, որը ցույց կտար պետական կառավարման համակարգում տեղեկատվության ազատության զարգացման միտումները, հնարավորություն կտար բացահայտելու համակարգային խնդիրները և գնահատելու կիրառվող լուծումների արդյունավետությունը։
Վիճակագրության արդյունավետության տեսանկյունից բաց է մնում այն հարցը, թե որ կառույցն է պատասխանատու տվյալների հրապարակման մեխանիզմների, ձևաչափերի և պարբերականության ապահովման համար։ Այս փուլում լավագույն լուծումն այն կլիներ, որ Վարչապետի աշխատակազմի Մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչությունն ստանձներ նաև այս գործընթացը մշտադիտարկելու գործառույթը։ Փաստենք, որ 2025 թվականին Վարչությանը հաջողվել է արդյունավետ համակարգել վիճակագրության հրապարակման գործընթացը։ Այսուհետ այն կարող է ստանձնել նաև հավաքագրված տվյալների ամփոփման, վերլուծման գործը, մինչ տեղեկատվության ազատության լիազոր մարմնի ձևավորումը։
ԻԱԿ-ի մշակած ձևանմուշը հասանելի է այստեղ։
2025 թ․ տարեսկզբին իրականացրած մոնիթորինգի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։
ՏԱ հարցումների վիճակագրության խնդիրների մասին կարող եք կարդալ նաև այստեղ։
[1] Մոնիթորինգի շրջանակում դիտարկվել են պետական կառավարման 38 մարմին՝ ներառյալ Վարչապետի աշխատակազմը և բոլոր նախարարությունները(13), Վարչապետին և կառավարությանը ենթակա մարմինները(15) և մարզպետարանները (10):