Այս գերատեսչությունների ղեկավարները 2025 թվականի ապրիլ, մայիս և հունիս ամիսների ընթացքում խախտել են մարդկանց և կազմակերպությունների տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ տրամադրելով անհիմն, թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան թողնելով տեղեկություն ստանալու հարցումները։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան
- 2025թ․-ի մայիսի 27-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել «Երևանյան երկխոսություն» համաժողովին առնչվող մի շարք տեղեկություններ։ Հարցմանն ի պատասխան նախարարությունը միջանկյալ պատասխանով խնդրել է լրացուցիչ 30-օրյա ժամկետ՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչ լրացուցիչ աշխատանք կատարելու համար է անհրաժեշտ լրացուցիչ ժամանակը և կոնկրետ որքան ժամանակ կպանջվի այդ աշխատանքն իրականացնելու համար։ Ավելին, հարցումն ուղարկելուց 41 օր անց ԻԱԿ հարցումը մնացել է անպատասխան։
- Factor TV-ի լրագրող Արաքս Մամուլյանն ապրիլի 11-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» ընդունման համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերին առնչվող գործընթացների վերաբերյալ, մասնավորապես, արդյոք նախարարությունները, այդ թվում՝ ԱԳՆ-ն, տրամադրե՞լ են այդ պայմանագրի վերաբերյալ իրենց իրավասության շրջանակներում եզրակացություններ։ Լրագրողը խնդրել է նաև տրամադրել պայմանագրի տեքստը։ Նախարարությունն արձագանքել է օրենքով սահմանված հնգօրյա ժամկետի խախտմամբ՝ պատասխան գրությամբ նշելով միայն, որ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի նախագիծը պատշաճ ժամկետներում կանցնի անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը»։ Միաժամանակ համաձայնագրի տեքստը տրամադրելու համար ԱԳՆ-ն 30-օրյա լրացուցիչ ժամկետ է խնդրել, ապա դրա լրանալուց 4 օր առաջ մերժել հայցվող տեղեկության տրամադրումը։ Ստացվում է նախարարությունը ոչ միայն խախտել է ժամկետներն ու չի տրամադրել բովանդակային պատասխան, այլև խախտել է նաև «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետը, որի համաձայն՝ գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում տեղեկություն տնօրինողն այդ մասին պետք է հայտնի 5-օրյա ժամկետում՝ նշելով մերժման հիմքը։Վերոնշյալ տեղեկությունը նախարարությունից ստանալու նպատակով լրագրողն ուղարկել է մի քանի հարցում, որոնց ոդիսականը լրագրողը ներկայացրել է նաև առանձին հոդվածներով։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան
- Factor TV-ի լրագրող Գայանե Խաչատրյանը 2025թ.-ի մայիսի 29-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի վերաբերյալ։ Լրագրողը խնդրել է նաև տրամադրել քաղաքապետարանի և «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերության միջև կնքած պայմանագրի պատճենը՝ կից փաստաթղթերով:Երևանի քաղաքապետարանը պատասխան գրությամբ տրամադրել է ակտիվ հղում՝ նշելով, որ այնտեղ կարելի է ծանոթանալ պահանջվող պայմանագրին (https://www.yerevan.am/hy/mayors-decisions/3832-2/)։ Տրամադրված հղումը, սակայն, պայմանագրին հասանելիություն չի ապահովում, այլ տրամադրում է Երևանի քաղաքապետարանի պայմանագրերի օրինակելի ձևանմուշը։ Լրագրող Գայանե Խաչատրյանը հունիսի 16-ին կրկին դիմել է քաղաքապետարան՝ նշելով հղման ոչ պատշաճ լինելու մասին և կրկին խնդրել է ուղարկել երկկողմ ստորագրած պայմանագրի պատճենը։ Երևանի քաղաքապետարանը պաշտոնական գրությամբ տեղեկացրել է, որ պայմանագրի «….տրամադրումն այս փուլում հնարավոր չէ»։Այսպիսով, Քաղաքապետարանը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը՝ մերժելով տրամադրել տեղեկությունը՝ առանց պատշաճ հիմնավորելման։ Լրագրողը դիմել է ԻԱԿ-ին խախտված իրավունքի պաշտպանության հարցով, ԻԱԿ-ը հուլիսի 2-ին Երևանի քաղաքապետարան է ուղարկել հարցում՝ նույն տեղեկության տրամադրման պահանջով։
- Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2025թ․ հունիսի 17-ին Երևանի քաղաքապետարան էր ուղարկել տեղեկություն ստանալու հարցում՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե որքան է կազմել Երևանյան միջազգային բալետային փառատոնի ընդհանուր ծախսը, ինչ պայմանագրեր են կնքվել փառատոնի շրջանակում, որ կազմակերպություն(ներ)ն է իրականացրել փառատոնի լոգիստիկայի կազմակերպումը, որքա՞ն գումար է հատկացվել և ինչ նպատակով Փառատոնին ելույթ ունեցած թատրոններից յուրաքանչյուրին և այլն։ Քաղաքապետարանը պատասխանել է ԻԱԿ-ի հարցմանը, սակայն հունիս 24-ի դրությամբ տրամադրված 3 պայմանագրերից ԵՔ-ՄԱԾՁԲ-25/111 ծածկագրով պայմանագիրը տեղադրված չի եղել պետական գնումների համակարգում, իսկ փառատոնին ելույթ ունեցած թատրոններին տրամադրված գումարի չափը չի տրամադրվել՝ կոմերցիոն գաղտնիքի հիմքով։ Բացի այն, որ համայնքային բյուջեից կատարված ծախսը չի կարող համարվել առևտրային գաղտնիք, քաղաքապետարանը, համաձայն Տեղեկատվության ազատության մասին օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի, չի վկայակոչել իրավական այն նորմը, որի համաձայն տվյալ տեղեկությունը համարվում է գաղտնիք և ենթակա չէ տրամադրման։Հունիսի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ուղարկել է կրկնակի հարցում՝ պահանջելով տրամադրել պայմանագրերի ակտիվ հղումները, ԵՔ-ՄԱԾՁԲ-25/111 ծածկագրով պայմանագրի լուսապատճեն ու Փառատոնին ելույթ ունեցած թատրոններից յուրաքանչյուրին տրամադրված գումարի չափն ու նպատակը։ Քաղաքապետարանը կրկնակի հարցմանը նորից տվել է թերի պատասխան. ներկայացրել է պայմանագրերի ծածկագրերը և Պետական գնումների համակարգի ընդհանուր հղումը՝ չապահովելով պայմանագրերին հեշտ հասանելիություն, ինչպես նաև նշված պայամանագրի լուսապատճեն։ Կրկնակի հարցումից հետո պայմանագիրը 03․07․2025 թ․-ի դրությամբ գտնվել է համակարգում։Թատրոններին տրամադրված գումարի առնչությամբ հարցին նույնպես քաղաքապետարանը չի տրամադրել պատշաճ պատասխան․ «նշված ստեղծագործական հաստատություններին հատկացված ելույթավճարների չափը կարող է հրապարակվել Պայմանագրի կողմ «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված և հրապարակման ենթակա տեղեկատվության հիման վրա, որը, ինչպես տեղեկացրել ենք մեր 13/78709-25 գրությամբ՝ կարող է հրապարակվել ստեղծագործական հաստատությունների հետ համապատասխան փոխհամաձայնեցումներից հետո»:
Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյան
- Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2025 թ․ մայիսի 25-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Արտաշատի համայնքապետարան՝ խնդրելով տրամադրել «Շահումյան գյուղի Դավիթ Ռաֆայելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հաստիքների և դրույքաչափերի վերաբերյալ տեղեկություններ։ Հարցման առիթը քաղաքացի Լիլիթ Սիմոնյանի դիմումն էր ԻԱԿ-ին։Դիմումի համաձայն՝ Լ․ Սիմոնյանը 2025թ.-ի ապրիլի 25-ին նույնաբովանդակ հարցում էր ուղարկել համայնքապետարան, ապա օրենքով սահմանված ժամկետներում չստանալով պատասխան՝ մայիսի 6-ին ուղարկել էր կրկնակի հարցում։ Մայիսի 8-ին համայնքապետարանը պատասխան գրությամբ մերժել է տրամադրել պահանջվող տեղեկությունները՝ նշելով, որ պահանջվող տեղեկություններում կան անձնական տվյալներ և հղում անելով Տեղեկատվության ազատության մասին օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, ըստ որի` «տեղեկատվության տնօրինողը «մերժում է տեղեկատվության տրամադրումը, եթե դա խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը»: Քաղաքացին ևս մեկ նույնաբովանդակ հարցում է ուղարկել նաև մայիսի 10-ին սակայն համայնքապետարանը պաշտոնական գրությամբ նշել է, որ արդեն իսկ պատասխանել է հարցումներին։ԻԱԿ-ն իր հարցման մեջ նշել է, որ տեղեկության՝ զուտ անձնական տվյալ լինելն այդ տեղեկության տրամադրումը մերժելու հիմք չէ, իսկ տեղեկության, այդ թվում՝ անձնական տվյալ հանդիսացող տեղեկության մերժման հիմքը այդ տեղեկության տրամադրման սահմանափակումն է (տեղեկության՝ որևէ գաղտնիք լինելը), այնինչ, համայնքապետարանն իր մերժման մեջ թեպետ հղում է արել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքներին, սակայն չի տրամադրել իրավական այն նորմը, որով ամրագրվում է տվյալ տեղեկության գաղտնիք լինելու հանգամանքը, ինչը սահմանվում է օրենսդրությամբ։ Միաժամանակ պետք է նշել, որ պահանջվող փաստաթղթերում հրապարակման ոչ ենթակա տվյալների առկայությունը չի ենթադրում ամբողջական մերժում․ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ»։ԻԱԿ-ի հարցմանն ի պատասխան համայնքապետարանը կրկին մերժել է տրամադրել տեղեկությունը՝ առանց պատշաճ պատճառաբանելու մերժումը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյան
- 2025թ.-ի ապրիլի 7-ին Infocom.am կայքի լրագրող Լուսինե Մանվելյանը տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ խնդրելով տրամադրել կուսակցության բոլոր հաշիվներին կատարված փոխանցումները (նվիրատվությունները) 2025 թվականի փետրվարի 21-ից մինչեւ ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածի համար՝ նշելով նվիրատուի անուն, ազգանուն, հայրանունը, նվիրատվության չափը, փոխանցման օրը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փետրվարի 21-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական կայքում հրապարակվել էր հաղորդագրություն այն մասին, որ կուսակցությունը սկսում է դրամահավաք-արշավ Գյումրու և Փարաքարի ավագանիների ընտրությունների քարոզարշավները և կազմակերպչական աշխատանքները ֆինանսավորելու նպատակով։Ապրիլի 28-ին լրագրողը ստացել է տեղեկատվության տրամադրման մերժում այն հիմնավորմամբ, որ ընթացիկ տարվա ընթացքում կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվությունը սահմանված կարգով ԶԼՄ-ներով կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում (մինչև 2026 թվականի մարտի 25-ը)։Հունիսի 4-ին Infocom.am-ի լրագրողն ուղարկել է կրկնակի հարցում, որով խնդրել է տրամադրել մերժման իրավական հիմքը՝ նշելով օրենքի այն կետը, որով տվյալ տեղեկության մերժումը համարվում է պատշաճ։ Լրագրողի կրկանակի հարցումը հուլիսի 2-ի դրությամբ մնացել է անպատասխան։Հիշեցնենք, որ դատական նախադեպ կա նմանատիպ խնդրի վերաբերյալ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2023թ.-ի սեպտեմբերի 17-ին կայացած Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրություններից առաջ կրկին մերժել էր տրամադրել ստացված նվիրատվությունների ցանկը: ԻԱԿ-ը հարցում էր ուղարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ խնդրելով տեղեկություններ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ տեղի ունեցած՝ կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում գումար հանգանակած նվիրատուների վերաբերյալ տեղեկություններ, որը կուսակցությունը մերժել էր տրամադրել: Սակայն արդեն 2024թ. հունվարին՝ ԻԱԿ-ի դատարան դիմելուց հետո, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խնդրել է կնքել հաշտության համաձայնագիր և տրամադրել նախընտրական դրամահավաքի վերաբերյալ պահանջվող տեղեկությունները, որոնց հիման վրա լրատվամիջոցները մի շարք կասկածելի փաստեր են արձանագրել.
Ինֆոքոմ. Ասել են՝ արել են. ՔՊ նախընտրական նվիրատվությունների կասկածելի գործարքներն ու ֆինանսների անհայտ ծագումը
Ազատություն․ ՔՊ դրամահավաքին առնչվող բացահայտումից մոտ 10 օր անց քրեական գործ չի հարուցվել
Հայաստանի ամերիկյան համալսարան հիմնադրամի նախագահ դոկտոր Բրյուս Պողոսյան
ՀԱՀ-ին ուղարկված ԻԱԿ-ի երեք հարցումներից երկուսին թերի, ոչ ըստ էության, ուշացումով պատասխան է տրվել, հարցումներից մեկն անպատասխան է մնացել:
- 2025թ․-ի ապրիլի 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցում էր ուղարկել Հայաստանի ամերիկյան համալսարան՝ խնդրելով տրամադրել ընդունելության քաղաքականության հայերեն վերջին տարբերակի պատճենը, այն իրավական նորմի պատճենը, որի հիման վրա հնարավոր է ընտրել երկրորդ ֆակուլտետ, տեղեկություններ, թե արդյոք առաջին ֆակուլտետի սպասման կարգավիճակում հայտը նույն ընդունելության փուլում դիտարկվում է նաև երկրորդ ֆակուլտետի ընդունող հանձնաժողովի կողմից, ինչ ընթացակարգով է դիտարկվում երկու ֆակուլտետ ընտրած հայտադիմումը և այլն: ՀԱՀ կայքում նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններ չկան, ինչի մասին հարցման մեջ արձանագրել էր ԻԱԿ-ը։ Չնայած դրան՝ ՀԱՀ նախագահ Բրյուս Պողոսյանից ուշացումով ստացված պատասխանում մեկ նախադասությամբ նշված էր, որ հայցվող տեղեկությունները հրապարակված են համալսարանի կայքում:ՀԱՀ-ը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետը․ եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա պետք է տրամադրվի տվյալ հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի մասին տեղեկություն:Մայիսի 8-ին, նշելով խախտման մասին, ԻԱԿ-ն ուղարկել է կրկնակի հարցում, որից հետո միայն ՀԱՀ պաշտոնական կայքի POLICIES բաժնում ավելացվել է Ընդունելության կանոնակարգի հայերեն տարբերակը, սակայն մյուս հարցերին պատասխան չի տրամադրվել:
- Մեկ այլ դեպքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մայիսի 27-ին Հայաստանի ամերիկյան համալսարան է ուղարկել տեղեկություն ստանալու հարցում՝ խնդրելով տրամադրել շրջանաձև տնտեսության թեմայով կրթական ծրագրերի վերաբերյալ տեղեկություններ։ Հուլիսի 3-ի դրությամբ հարցումը մնացել է անպատասխան։