Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հաջորդ կանգառը՝ ԵՊՀ․ ԻԱԿ-ը շարունակում է ուսանողներին ներկայացնել շրջանաձև տնտեսության թեման

Երևանի պետական համալսարանաի ուսանողները հյուրընկալել էին Հայաստանում շրջանաձև տնտեսության կոալիցիայի անդամ Տիիգրան Ջրբաշյանին։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և ԵՊՀ ֆակուլտետային ուսանողական գիտական ընկերությունների համագործակցությամբ կազմակերպված հանդիպման թեման շրջանաձև տնտեսութունն էր։

Սեպտեմբերի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ Երևանի պետական համալսարանում կայացավ միջգիտակագային հանդիպում, որի նպատակն էր ուսանողներին ներկայացնել Հայաստանում շրջանաձև տնտեսության համակարգի ներդրմանն ուղղված գործընթացները, դրա կարևորությունը Հայաստանի զարգացման տեսլականում ինչպես բնապահպանական և տնտեսական, այնպես էլ անվտանգային, հանրային կառավարման և հաղորդակցման համատեքստում՝ ուրվագծելով տարբեր գիտակարգերում այս թեման ներառելու անհրաժեշտությունը։

Հայաստանում շրջանաձև տնտեսության կոալիցիայի անդամների հետ հանդիպմանը մասնակցում էր շուրջ 30 ուսանող ԵՊՀ ժուռնալիստիկայի, Տնտեսագիտության և կառավարման, Միջազգային հարաբերությունների, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետներից։ Քննարկման հիմնական բանախոսը «Ամերիա» խորհրդատվական ընկերության գործընկեր, Կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն, Հայաստանում շրջանաձև տնտեսության կոալիցիայի անդամ Տիիգրան Ջրբաշյանն էր։

Հանդիպման սկզբում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ծրագրերի համակարգող Մանե Մադոյանն ամփոփ ներկայացրեց Հայաստանում շրջանաձև տնտեսության կոալիցիայի ստեղծման նպատակներն ու գործունեության մեխանիզմները, ապա անդրադարձավ հատկապես գիտությամբ հետաքրքրված ուսանողներին թեման ներկայացնելու և նրանց հետ համագործակցելու կարևորությանը։

Հանդիպման շրջանակում Տիգրան Ջրբաշյանը ներկայացրեց Հայաստանում շրջանաձև տնտեսության զարգացման հիմնական նախադրյալներն ու ուղղությունները, դրանց առնչվող խնդիրներն ու հնարավորությունները։ «Շրջանաձևությունը ոչ թե առանձին ռազմավարության պահանջ ունի, այլև խնդիր կա այն ներդնելու տարբեր ոլորտներ։ Հայաստանի կառավարությունն այս փուլում դեռևս շրջանաձևությունը դիտարկում է առավելապես կանաչ և կայուն տնտեսության համատեքստում միայն։ Միաժամանակ Եվրոպայում կան մի շարք մոտեցումներ, որոնք նոր են զարգանում, իսկ Հայաստանում դրանք ռեսուրսների խնայողության ահրաժեշտության պատճառով արդեն իսկ լայն տարածում ունեն, չնայած չեն ընկալվում որպես շրջանաձև»,- ընդգծեց Տիգրան Ջրբաշյանը։

Խոսելով շրջանաձև տնտեսության թեման գիտական ուսումնասիրություններում ընդգրկելու կարևորությունից՝ պարոն Ջրբաշյանը նշեց, որ թեման պահանջում է գիտական նորարարություն, հետևապես այն զարգացման պոտենցիալ ունի ոչ միայն բնագիտական ոլորտներում, այլև սոցիալական ասպեկտում։ Բանախոսի շեշտադրմամբ՝ կարևոր է, որ բնագիտական և տեխնիկական գիտությունը ուղղակիորեն չհիմնվի ազգային բիզնեսի կարիքների վրա, քանի որ դրանց արհեստական փոխկապակցումը կարող է նվազեցնել երկուստեք մրցունակությունը․ բիզնեսը փնտրում է արդյունավետ լուծում անկախ տարածքից, իսկ գիտական համայնքը պետք է ստեղծի այնպիսի լուծումներ, որոնց կիրառականությունը չի սահմանափակվի միայն Հայաստանի սահմաններով։ Միաժամանակ փորձագետը նշում է, որ սոցիալան գիտական պրոդուկտի հաատեքստում գիտնականների աշխատանքը առավելապես փոխկապակցված է ներքին պրոցեսների հետ։

ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ Սիրանուշ Բաղումյանը՝ կարևորելով ԵՊՀ ֆակուլտետային ՈՒԳԸ-ների համագործակցությունը շրջանաձև տնտեսության թեմայի շրջանակում, հույս հայտնեց, որ Ուսանողական գիտական ընկերությունը կարող է դառնալ հենց այն հարթակը, որտեղ շրջանաձև տնտեսության թեմայով հետաքրքրվող ուսանողները կկարողանան հանդիպել իրար, կապեր հաստատել և սկսեն այն ուսումնասիրել մի քանի գիտակարգերի համատեքստում։

ԻԱԿ ծրագրերի համակարգող Մանե Մադոյանը, ամփոփելով հանդիպումը, նշեց որ հանդիպման հիմնական նպատակը ուսանողներին շրջանաձևության գաղափարով «վարակելն» էր։ «Կարծում եմ Ջրբաշյանի հետ քննարկումն էլ օգնեց հասկանալ, թե շրջանաձևությունը որքան նոր հնարավորություններ է բացում հենց գիտական համայնքի առաջ։ Եթե գիտական աշխատանք իրականացնելիս շրջանաձևությունը դիտարկեք որպես հարցերին նայելու ևս մի դիտանկյուն, դուք բովանդակային բոլորովին նոր արժեք ստեղծելու հնարավորություն կստանաք»,- ընդգծեց Մ․ Մադոյանը։

Հանդիպումը կազմակերպել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԵՊՀ ժուռնալիստիկայի, Տնտեսագիտության և կառավարման, Միջազգային հարաբերությունների, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետների ուսանողական գիտական ընկերությունների հետ համագործակցությամբ, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից՝ CirculUP! Ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Իմփաքթ Հաբ Ցանցի կողմից` Իմփաքթ Հաբ Երևանի և Շրջակա Միջավայր և Առողջություն ՀԿ-ի հետ համատեղ։

Skip to content