Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը նոյեմբերի 17–18-ին մասնակցել է Երևանում կայացած Opening Extractives կազմակերպության և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) համատեղ միջազգային աշխատաժողովին։ Միջոցառումը համախմբել էր EITI անդամ 11 երկրների՝ ԱՄՆ-ի, Կոլումբիայի, Սենեգալի, Նիգերիայի, Ուկրաինայի և այլ պետությունների կառավարությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ քննարկելու իրական շահառուների թափանցիկության բարեփոխումների ընթացքը և գլոբալ միտումները։
Շուշան Դոյդոյանը ներկայացրել է Հայաստանի փորձը իրական շահառուների թափանցիկության ոլորտում՝ անդրադառնալով բարեփոխումների ներկա վիճակին, առաջացած խնդիրներին և դրանց հաղթահարման ուղղություններով իրականացվող քայլերին։ Նա առանձնացրել էր նաև քաղաքացիական հասարակության մասնակցության ձևաչափերը, պետական կառույցների հետ համագործակցության ինստիտուցիոնալ հիմնահարցերը և առաջարկել բարեփոխումների շարունակականությունն ու կայունությունը ապահովող լուծումներ։
ԻԱԿ նախագահի խոսքերով՝ իրական շահառուների թափանցիկության արդյունավետ համակարգը հնարավոր չէ պատկերացնել առանց քաղաքացիական հասարակության և մեդիայի ակտիվ ներգրավվածության։ Դոյդոյանը շեշտեց լրագրողների և ՀԿ-ների առանցքային դերը տվյալների կիրառման, ստուգման և վերահսկման գործընթացներում՝ ընդգծելով, որ հենց նրանց աշխատանքը էական ազդեցություն է ունենում հակակոռուպցիոն մեխանիզմների ամրապնդման և հանրային վերահսկողության որակի վրա։
Opening Extractives կազմակերպությունը գլոբալ կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել շահառու սեփականատերերի վերաբերյալ տվյալների հասանելիությունն ու կիրառելիությունը՝ ապահովելով ավելի թափանցիկ և հաշվետու կառավարում արդյունահանման ոլորտում։ Երևանի հանդիպումը հնարավորություն տվեց ամփոփելու նախորդ տարիների փորձը և անդամ երկրների համար ձևավորելու երկխոսության միջավայր՝ ձեռքբերումները, մարտահրավերները և բարեփոխումների իրականացման լավագույն փորձառությունը փոխանակելու նպատակով։