Ի՞նչ է տեղեկություն ստանալու իրավունքը.
Տեղեկություն ստանալու իրավունքը մարդու հիմնարար իրավունք է:
Հայաստանի Հանրապետությունում տեղեկություն ստանալու իրավունք ունի յուրաքանչյուր ոք:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատություն:
Սահմանադրության 51-րդ հոդվածն ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:
Տեղեկություններ ստանալու իրավունքը կարգավորվում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով: 6-րդ հոդվածն ամրագրում է, որ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը:
Ընդ որում, անձն ունի ոչ միայն տվյալ տեղեկությանը ծանոթանալու իրավունք, այլև տվյալ փաստաթղթում առկա տեղեկությունը կամ փաստաթղթի պատճեն ստանալու իրավունք:
Տեսահոլովակը պատրաստվել է «Տեղեկատվության մատչելիության բարեփոխում և իրական շահառուների թափանցիկությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Արևելյան գործընկերություն. Բաց դռների դրամաշնորհներ» ենթադրամաշնորհային նախագծի աջակցությամբ «ԵՄ-ն բարեվարքության համար» ծրագրի միջոցներից: Բովանդակության պատասխանատուն բացառապես Ինֆորմացիայի ազատության կենտրոնն է, և պարտադիր չէ, որ այն արտացոլի Եվրամիության տեսակետները: