ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը պարտավորվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնին տրամադրել պարգևավճարների մասին պահանջած ողջ տեղեկատվությունը և փոխհատուցել դատական ծախսերը՝ պետտուրքը և փաստաբանին վճարված ծախսերը` 63.500 ՀՀ դրամի չափով: Այսպիսով, տեղեկատվության ազատության դատական պրակտիկան համալրվեց ևս մեկ դրական նախադեպով:
Դեռևս 2012 թ.-ի մայիսի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ին՝ խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները.
- Ստացե՞լ են արդյոք պարգևատրումներ (պարգևավճարներ, նվերներ) «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի աշխատակիցները 2011 թ.-ին:
- Եթե այո, ապա ովքե՞ր են պարգևատրվել (ըստ հաստիքների) և ինչքա՞ն գումարով (ի՞նչ նվերով):
- Որքա՞ն է կազմել «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի աշխատակիցների ստացած դրամական պարգևատրումների ընդհանուր գումարը:
- Որքա՞ն է կազմել «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի աշխատակիցների ստացած նվերներից յուրաքանչյուրի արժեքը և նվերների արժեքների ընդհանուր գումարը:
ԻԱԿ-ի հարցմանը ՊՀ-ն թերի էր պատասխանել՝ չտրամադրելով հարցման 2-րդ և 3-րդ հարցերի պատասխանները: Ուստի, ԻԱԿ-ը 2012 թ.-ի հունիսի 20-ին կրկնակի հարցմամբ դիմել էր պետական հիմնարկին՝ խնդրելով տրամադրել ամբողջական և սպառիչ տեղեկատվություն: Կրկնակի հարցման պատասխանով «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն 2012 թ.-ի հուլիսի 2-ին տրամադրել էր նաև հարցման 3-րդ հարցի պատասխանը, սակայն մերժել էր տրամադրել 2-րդ հարցի պատասխանը՝ պատճառաբանելով, որ դա պարունակում է աշխատողի անձնական տվյալի վերաբերյալ տեղեկատվություն:
Նշենք, որ ԻԱԿ-ը խնդրել էր պարգևատրում ստացած աշխատակիցների մասին տեղեկություն ըստ հաստիքների, այսինքն՝ ոչ անվանական, ինչը ցույց է տալիս, որ խնդրվող տեղեկությունը չի վերաբերում ՊՀ-ի առանձին աշխատակիցների անձնական կյանքի անձեռնմխելիությանը:
Արդյունքում, 2012 թ.-ի հուլիսի 24-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով ճանաչել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը և ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին պարտավորեցնել տրամադրելու պահանջվող տեղեկատվությունը:
2012 թ.-ի նոյեմբերի 23-ին կայացրած վճռով դատարանը գտավ, որ խնդրվող տեղեկությունների տրամադրումը չի խախտում ՊՀ-ի աշխատակիցների անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը, քանի որ ԻԱԿ-ը խնդրել էր տեղեկություն տրամադրել ըստ հաստիքների, այլ ոչ անվանական, իսկ ՊՀ-ն իրականում հնարավորություն ուներ տրամադրելու խնդրվող տեղեկություններն` առանց իր աշխատակիցների անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը ոտնահարելու: Ուստի, պահանջված ողջ տեղեկատվությունը ենթակա է տրամադրման: