Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Շրջանաձև մոտեցումներ՝ շրջանաձև սեղանի շուրջ․ ոլորտի դերակատարներն ու գործարարները ներկայացրին տնտեսության արժեշղթան փոխող լուծումներ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հետ միասին համախմբել էր շրջանաձև տնտեսության տարբեր դերակատարների՝ քննարկելու շրջանաձև տնտեսության մոտեցումները և մոդելի կիրառումը Հայաստանում։ ABNews հեռուստաընկերության ուղիղ հեռարձակմամբ քննարկումը հասանելի էր նաև լայն հանրությանը: 

Հունիսի 10-ին Երևանի պետական համալսարանում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ կայացավ բազմաշահառու քննարկում, որի նպատակն էր վեր հանել բիզնեսի՝ ոլորտին առնչվող հիմնական մտահոգությունները և փորձագիտական համայնքի օգնությամբ տալ դրանց պարզ ու կիրառելի պատասխանները։ Քննարկմանը մասնակցում էին ոլորտը կարգավորող պետական մարմինների, գործարար համայնքի ու Հայաստանում շրջանաձև տնտեսության կոալիցիայի ներկայացուցիչներ և հետազոտողներ։ 

Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան Հայաստանում շրջանաձև տնտեսության ներդրման անհրաժեշտությանը, դրա միջոցով ստեղծվող տնտեսական և սոցիալական հնարավորություններին, ինչպես նաև ուրվագծեցին, թե ինչ հանձնառություն պետք է ունենան պետությունը և մյուս դերակատարները շրջանաձև տնտեսության համակարգի ներդրման գործընթացում։ 

Շրջանաձև տնտեսության մոդելի հիմքում օգտագործված իրերին երկրորդ կյանք տալն է՝ վերօգտագործման, վերամոդելավորման, վերանորոգման և այլ մոտեցումներով։ Դրանց շնորհիվ թափոնների չափը կարող է հասնել նվազագույնի կամ ընդհանրապես չլինել՝  պաշտպանելով բնությունն աղտոտումից։

Վերջին տարիներին ՀՀ-ում իրականացվում են տարբեր նախաձեռնություններ, որոնք ուղղված են շրջանաձև տնտեսության գաղափարների ներդրման հնարավորություններին։  Այդ նախաձեռնությունների շրջանակում ՀՀ-ում որոշ բիզնես ընկերություններ ստացել են նաև ֆինանսական աջակցություն՝ շրջանաձև մոտեցումներն իրենց բիզնեսում ներդնելու նպատակով։

Իմփաքթ Հաբ Երևան-ի ծրագրերի համակարգող, CIrculUp! ծրագրի ներկայացուցիչ Միշա Պողոսյանը, խոսելով իրենց ծրագրի շրջանակում բիզնես համայնքին առաջարկվող ֆինանսական և կրթական հնարավորությունների մասին, նշեց, որ հայկական շատ բիզնեսներ վաղուց կիրառում են շրջանաձև մոտեցումներ՝ առանց գիտակցելու, որ դրանք հենց շրջանաձև տնտեսության բաղադրիչներ են։ 

«Տարբեր օբյեկտիվ պատճառներով Հայաստանում ընդունված և տարածված են այնպիսի բիզնես օրինակներ, որոնք այսօր Եվրոպական տարբեր երկրներում խրախուսվում են որպես շրջանաձև մոդելներ, օրինակ կոշկակարի կամ հագուստի վարձակալության ծառայությունները։ Ստացվում է՝ Հայաստանն ունի շրջանաձևության մոտեցումների խրախուսման և զարգացման ինքնատիպ միջավայր, ինչը կարևոր է քարտեզագրել և  օգտագործել ոլորտի զարգացման համատեքստում»,- կարևորեց Մ․ Պողոսյանը։

Անդրադառնալով շրջանաձև տնտեսության հնարավորություններին՝ «Ամերիա» խորհրդատվական ընկերության գործընկեր, Կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն, Հայաստանում շրջանաձև տնտեսության կոալիցիայի անդամ Տիգրան Ջրբաշյանը կարևորեց շրջանաձև տնտեսության ներդրման գործընթացում համակարգային մոտեցումը․ 

«Շրջանաձև տնտեսությունը չպետք է դառնա առանձին ռազմավարություն, այլ պետք է ներառվի տարբեր ոլորտներին առնչվող ռազմավարություններում՝ որպես մոտեցում, նախապայման՝ բարձր արդյունավետություն ապահովելու համար»,– ընդգծեց Տ․ Ջրբաշյանը՝ շեշտելով նաև նորարարությունների և ավելի բարդ տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը՝ շրջանաձև տնտեսության անցման ճանապարհին։

«ՀԱՅԲԵԴ» օրթոպեդիկ ներքնակների գործարանի հիմնադիր-տնօրեն Հայկ Համբարչյանը Հայաստանում շրջանաձև տնտեսության զարգացման հեռանկարներին անդրադառնալիս մատնանշեց պետություն-բիզնես համագործակցության կարևորությունը հատկապես հանրային իրազեկման համատեքստում։ Գործարարի կարծիքով՝ լուրջ անելիք կա հանրության շրջանում վերամշակված, վերամոդելավորված ապրանքների սպառման մշակույթը զարգացնելու ուղղությամբ։ Ըստ Համբարչյանի, դա կարող է նպաստել սպառողի վարքագծային փոփոխությանը՝ մղելով նախընտրել շրջանաձև տնտեսության զարգացմանը նպաստող ապրանքներ։ 

Կոշիկի արտադրությամբ զբաղվող ՍՈԼԵՐ բրենդի հիմնադիր-տնօրեն Գագիկ Վարդանյանը բարձրաձայնեց ֆինանսական ներդրումների անհրաժեշտության խնդիրը՝ նշելով, որ թեպետ բիզնեսը տեսնում է շրջանաձևության պոտենցիալը, սակայն դեռևս չի պատկերացնում՝ ինչ միջոցներով կկարողանա փոփոխել իր համակարգը և թե որքան ֆինանս անհրաժեշտ կլինի այն իրականացնելու համար։ 

Շրջանաձև տնտեսությունը սեփական բիզնեսում ներդնելու, կանխատեսելի ռիսկերի ու հնարավոր արդյունքների մասին քննարկման բանախոսները շարունակել են քննարկել նաև ոչ ֆորմալ միջավայրում՝ միևնույն ժամանակ ուղենշելով հետագա համագործակցության հեռանկարներ։ 

Քննարկումը կազմակերպվել էր Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հետ համագործակցությամբ, իսկ ուղիղ հեռարձակման տեսագրությունը հասանելի է Armenian Business News-ի յութուբյան էջում։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությունն աջակցություն է ստացել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից՝ CirculUP! Ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Իմփաքթ Հաբ Ցանցի կողմից` Իմփաքթ Հաբ Երևանի և Շրջակա Միջավայր և Առողջություն ՀԿ-ի հետ համատեղ:

 

 

Skip to content