Չնայած զգալի առաջընթացին, տեղեկատվության ոլորտում դեռեւս առկա են բազմաթիվ խնդիրներ։ Մասնավորապես
- ՀՀ Կառավարությունը պասիվ է տեղեկատվության ազատության ընդհանուր պրակտիկայի բերալավման, տեղեկություններ ստանալու իրավունքի պատշաճ իրացման համար բարենպաստ միջավայր ձեւավորելու հարցում: ՀՀ կառավարությունը քայլեր չի իրականացրել 2024թ.-ին Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) 96-րդ լիագումար նիստի շրջանակներում հաստատված 5-րդ փուլի զեկույցում Հայաստանին ուղղված խորհրդատվականների իրականացման ուղղությամբ: Մասնավորապես, ԳՐԵԿՈ-ն իր զեկույցում նշել է, որ. «Չկա հատուկ ինստիտուցիոնալ մարմին, որը կապահովեր համակարգված և անկախ բողոքարկում, իրավիճակի մշտադիտարկում և օրենքի կիրառման միասնական պրակտիկա»։
Վերոհիշյալ զեկույցում ԳՐԵԿՈ-ի կողմից Հայաստանի իշխանություններին ներկայացված առաջարկությունների թվում են՝ «i) իրականացնել ՏԱ օրենսդրության կիրառման ազդեցության անկախ գնահատում՝ հատուկ ուշադրություն դարձնելով բացառությունների կիրառմանը, պատասխանների ժամանակին տրամադրմանը, պրոակտիվ հրապարակայնությանը և օրենքի արդյունավետ իրականացմանը, որին կհետևի հանրության համար տեղեկատվության մատչելիությունը բարելավելու ուղղությամբ անհրաժեշտ օրենսդրական և գործնական միջոցների ձեռնարկումը, ii) հավաքագրել և հրապարակել մերժումների, ուշացած կամ թերի պատասխանների հետ կապված հարցումների և բողոքների մասին պաշտոնական վիճակագրական տվյալներ և հանրությանը տրամադրել թերությունների վերացմանն ուղղված քայլերի մասին տեղեկատվություն, և iii) դիտարկել հատուկ անկախ վերահսկող մարմնի ստեղծման հարցը, որը կապահովի անկախ վերանայում, մշտադիտարկում և կզբաղվի տեղեկատվության ազատության օրենսդրության միասնական կիրառության խթանմամբ»։
Զեկույցում նշվում է նաև, որ «սույն զեկույցի ընդունումից հետո՝ 18 ամսվա ընթացքում, Հայաստանը պետք է զեկուցի ԳՐԵԿՈ-ի առաջարկություններին ի պատասխան ձեռնարկված գործողությունների մասին»։ Դեկետմբերի 25-ի դրությամբ այս առաջարկների իրականացմանն ուղղված քայլեր չեն իրականացվել։
- Տեղեկություն տնօրինողների մոտ կա տեղեկատվության ազատության վերաբերյալ գիտելիքի եւ իրազեկման էական պակաս: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրականացրած ուսուցումներ/խորհրդատվություններ/քննարկումները ցույց են տալիս, որ տեղեկություն տնօրինող մարմիններում տեղեկություն ստանալու հարցումների քննարկմանը մասնակցող անձանցից շատերը ծանոթ չեն տեղեկատվության ազատության կիրարկման պրակտիկային:
- Տեղեկություն ստանալու հարցումներին ի պատասխան տրամադրվող տեղեկությունները հաճախ թերի են, ոչ լիարժեք, խիստ ընդհանրական, չեն ներառում հարցմամբ պահանջված բոլոր տեղեկությունները:
- Տեղեկության տրամադրման մերժումները հաճախ հիմնավորված չեն եւ չեն ներառում մերժման հիմքերը, կամ մերժվում են ոչ պատշաճ հիմքերով: Սա ներառում է նաեւ տեղեկությունն անձնական տվյալներ պարունակելու հիմնավորմամբ տեղեկության տրամադրման ոչ իրավաչափ մերժումները:
- Տեղեկության տրամադրման ժամկետները հաճախ խախտվում են: Այս խնդիրն արտահայտվում է ինչպես օրենքով սահմանված ժամկետների պարզ խախտմամբ, այնպես էլ առանց պատշաճ հիմնավորման եւ օրենքով սահմանված կարգի խախտման տեղեկության տրամադրման ժամկետի ֆորմալ երկրաձգումներով:
- Տեղեկատվության ազատության օրենսդրությունը հաճախ սխալ կամ թերի է կիրառվում: Օրինակ, տեղեկություն տնօրինողներից շատերը չունեն գրանցված եւ դասակարգված տեղեկություններ, չեն հրապարակում օրենքով պարտադիր պրոակտիվ հրապարակման ենթակա տեղեկությունները, չեն հրապարակում կամ թերի են հրապարակում հարցումների վիճակագրությունը, մեկից ավելի հարցեր պարունակող հարցումներին չեն տրամադրում օրենսդրությամբ սահմանված թվագրված պատասխան։
ՏԱ ոլորտի խնդիրները Հայաստանում-2024