Ռազմավարական Ուղղություններ

Ռազմավարական Ուղղություններ

Կայացավ «Բաց կառավարման գործընկերություն – Հայաստան» առաջին միջազգային համաժողովը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Կայացավ «Բաց կառավարման գործընկերություն – Հայաստան» առաջին միջազգային համաժողովը

Հունիսի 14-ին Երևանում անցկացվեց «Բաց կառավարման գործընկերություն – Հայաստան» առաջին միջազգային համաժողովը: «Թափանցիկություն և հաշվետվողականություն. համագործակցություն կառավարության և քաղաքացիական հասարակության միջև» խորագիրը կրող միջոցառումը կազմակերպել էին ՀՀ Կառավարությունը և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն (ԻԱԿ) ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսական աջակցությամբ:

2011 թ. նոյեմբերից «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) գլոբալ նախաձեռնության անդամ երկիր դարձած Հայաստանում սա առաջին հանրային  մեծ միջոցառումն էր, որը մի հարկի տակ էր հավաքել շուրջ 150 ներկայացուցիչներ ՀՀ Կառավարությունից, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ ոլորտներից, ինչպես նաև միջազգային փորձագետների ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Էստոնիայից և Վրաստանից: Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Համաժողովը բաղկացած էր 5 թեմատիկ նստաշրջաններից (ԲԿԳ–ն որպես քաղաքացիական հասարակության և կառավարության համատեղ նախաձեռնություն, փորձի փոխանակում, Հանձնառությունից դեպի գործողություն. հասարակության ներգրավվածության մակարդակի բարձրացում, հանրային ռեսուրսների արդյունավետ կառավարում, Տեղեկատվության ազատություն), որոնցից չուրաքանչյուրը նվիրված էր ԲԿԳ հայաստանյան գործողությունների ծրագիրի առանձին հանձնառություններին, դրանց իրականացման ընթացքին, ոլորտում առկա խնդիրներին: ՀՀ Կառավարության ներկայացուցիչները առանձին ելույթներով ներկայացրին ԲԿԳ հայաստանյան գործողությունների ծրագրով ստանձնած ՀՀ հանձնառությունների իրականացման ընթացքը, պատասխանեցին ներկաների, այդ թվում նաև ոլորտում ներգրավված ՀԿ ներկայացուցիչների հարցերին:

Ի դեպ, վերջիններս համաժողովի ընթացքում հնարավորություն ունեցան հանրությանը ներկայացնելու ԲԿԳ հայաստանյան գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի իրենց մոնիթորինգի արդյունքները՝ առանձնացնելով արդեն իսկ առկա ձեռքբերումներն ու այն հիմնական խնդիրները, որոնք շարունակում են մնալ չլուծված: Բարձրացված խնդիրների մի մասի վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը համաժողովին մասնակից պաշտոնատար անձինք ներկայացրին հենց տեղում՝ խոստանալով հարցերի վերաբերյալ ավելի գործնական քննարկումներ անցկացնել ԲԿԳ աշխատանքային առաջիկա հանդիպումների ժամանակ:

Տեղակատավության ազատությունը ԲԿԳ հայաստանայան ծրագրի հիմնական կետերից է, ուստի ոլորտին առնչվող հիմնախնդիրների քննարկման համար կազմակերպիչները մի ամբողջ նստաշրջան էին նախատեսել:  Նստաշրջանն իր ելույթով բացեց ԲԿԳ հայաստանյան աշխատանքային խմբում ընդգրկված «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը: Վեջինս, կարևորելով ոլորտում առկա բարեփոխումները, գերադասեց խոսել այն հիմնական խնդիրների մասին, որոնք հատուկ են տեղեկատվության ազատությանը Հայաստանում:

Նստաշրջանի ընթացքում ելույթ ունեցան նաև ԱՄՆ-ի, Վրաստանի և Բուլղարիայի համապատասխան ոլորտը ներկայացնող փորձագետները, ովքեր ներկայացրին ԲԿԳ նախաձեռնության շրջանակում իրենց երկրում իրականացվող ծրագրերն ու դրանց արդյունավետության աստիճանը, առանձնացրեցին հիմնական խոչընդոտները: Ուշագրավ էր, որ հայաստանյան իրականությունում արձանագրված որոշ խնդիրներ այս կամ այն չափով իրենց դրսևորումն ունեն (կամ ունեցել են) նաև մեր գործընկեր երկրներում: Սա կոնկրետ խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ արդյունավետ քննարկումների, փորձի փոխանակման լավ առիթ կարող է դառնալ:

Համաժողովի վերջին նստաշրջանը նվիրված էր ԲԿԳ գործողությունների ծրագրով նախատեսված հետագա քայլերին: Քննարկման հիմնական թեման քաղաքացիական հասարակության և կառավարության ներկայացուցիչերի հետագա համագործակցության հզորացման հնարավորություններն ու ԲԿԳ հայաստանյան ծրագրի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ քայլերն էին: Համաժողովի ընթացքում հանրությանը ներկյացված ԲԿԳ գործողությունների ծրագիրը նախատեսված է մինչև 2014 թվականը, ուստի ծրագրով ստանձնած հանձնառությունների իրականացումը կշարունակվի նաև մինչև այս տարվա ավարտը:

Skip to content