Վաշինգտոն, 17 օգոստոս, 2023թ.– Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) Ղեկավար կոմիտեն որոշել է ընդմիշտ հեռացնել Ադրբեջանի Հանրապետությանը ԲԿԳ-ից:
Ադրբեջանը միացել է ԲԿԳ-ին 2011թ.-ին և ներկայացրել է երեք գործողությունների ծրագիր՝ պարտավորություններ ունենալով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հանրային ծառայությունները, բաց տվյալները և հարկաբյուջետային թափանցիկությունը, ի թիվս այլոց:
2015-ին քաղաքացիական հասարակության կազմակերպությունները մտահոգության նամակ են ուղարկել ԲԿԳ-ին, որում նշել են քաղաքացիական հասարակության գործունեության մի շարք սահմանափակումների մասին «այն աստիճան, որ դրանք լրջորեն սպառնում են քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ ԲԿԳ գործընթացում արդյունավետ ներգրավվելու կարողությանը»: Մանրամասն ուսումնասիրման արդյունքում պարզվեց, որ մտահոգություններn արժանահավատ են, և այս գործընթացից հետո Ղեկավար կոմիտեն որոշեց ժամանակավորապես կասեցնել Ադրբեջանի անդամակցությունը մինչև 2016թ.-ը:
2017 թվականի հունիսին Ղեկավար կոմիտեն որոշեց երկարաձգել Ադրբեջանի «կասեցված» կարգավիճակը մեկ տարով՝ հաշվի առնելով, որ հիմնական խնդիրները, որոնք բարձրացվել էին 2015թ.-ի Արձագանքման մտահոգության նամակում և Ղեկավար կոմիտեի կողմից տրված առաջարկություններում, մնացել են չլուծված։
Հաջորդ տարի՝ 2018 թվականի դեկտեմբերին, Ղեկավար կոմիտեն նշեց, որ թեև նախորդ 12 ամիսների ընթացքում քաղաքացիական հասարակության գործառնական միջավայրում տեղի են ունեցել ժամանակավոր բարելավումներ, այնուհանդերձ Ադրբեջանի կառավարությունը չի կատարել համակարգված փոփոխություններ կամ բարեփոխումներ, որոնք կբխեին առաջարկություններին: Ղեկավար կոմիտեն որոշեց երկարաձգել Ադրբեջանի կասեցված կարգավիճակը գործողությունների ծրագրի ամբողջական գործընթացի համար և Ադրբեջանի կառավարության համար նախանշեց մի շարք առանցքային չափորոշիչներ՝ սահմանելով, որ դրանց չիրականացումը ինքնաբերաբար կհանգեցնի Արձագանքման քաղաքականության վերանայման ավարտին՝ Ադրբեջանի ընդմիշտ հեռացմանը ԲԿԳ-ից:
2023 թվականի մայիսին ԲԿԳ-ի Անկախ հաշվետվության մեխանիզմի գնահատականը ցույց է տալիս, որ կառավարությունը չի կատարել ԲԿԳ-ի կողմից սահմանված առաջարկությունները և չի կատարել 2018 թվականի բանաձեւի պայմանները: Հետևաբար, ԲԿԳ Ղեկավար կոմիտեն միաձայն համաձայնեց ընդմիշտ կասեցնել և չեղյալ համարել Ադրբեջանի անդամակցությունը Գործընկերությանը։ Իր անդամակցության կարգավիճակը վերականգնելու համար Ադրբեջանը նախ պետք է համապատասխանի ԲԿԳ չափանիշներին, ներառյալ՝ անցնելով արժեքների ստուգումը, և ստանա ԲԿԳ Ղեկավար կոմիտեի կողմից հաստատումը:
«Մենք խորապես հիասթափված ենք՝ տեսնելով, որ Ադրբեջանը չկարողացավ կատարել Գործընկերությունում մնալու պայմանները, և որ քաղաքացիական հասարակության համար պայմանները շարունակում են մնալ դժվարին: Անգամ երբ Ադրբեջանն այլևս Գործընկերության անդամ չէ, մենք պատրաստ ենք աջակցել բաց կառավարման սկզբունքներն առաջ մղող կառավարության և քաղաքացիական հասարակության ռեֆորմատորներին», – ասել է Բաց կառավարման գործընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սանջայ Պրադհանը: «Ես կոչ եմ անում նրանց շարունակել ներգրավվել ԲԿԳ գործընթցաներում, օգնել երկրին բավարարել Գործընկերությանը կրկին միանալու պահանջները»:
ԲԿԳ-ի մասին
Բաց կառավարման գործընկերությունը ստեղծվել է 2011 թվականին 8 երկրների նախաձեռնությամբ` ԱՄՆ, Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա, Միացյալ Թագավորություն: ԲԿԳ-ն (Բաց կառավարման գործընկերություն) կամավոր, բազմաշահառու միջազգային նախաձեռնություն է, որի նպատակն է կառավարությունների կողմից ապահովել որոշակի պարտավորություններ իրենց քաղաքացիների նկատմամբ՝ խթանելով թափանցիկությունը, բարելավել քաղաքացիական հասարակությունը, պայքարելով կոռուպցիայի դեմ և օգտագործելով նոր տեխնոլոգիաներ կառավարումն ամրապնդելու համար:
Այսօր արդեն 75 երկիր և տեղական ինքնակառավարման մարմին, որոնք ներկայացնում են ավելի քան երկու միլիարդ մարդ, հազարավոր քաղաքացիական հասարակության կազմակերպություններ Բաց կառավարման գործընկերության անդամ են:
Աղբյուրը՝ Բաց կառավարման գործընկերության պաշտոնական կայք
Հարցերի կամ հարցազրույցներ կազմակերպելու համար կարող եք դիմել communications@opengovpartnership.org