Ռազմավարական Ուղղություններ

Ռազմավարական Ուղղություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Բաց կառավարման գործընկերություն – Հայաստան. միջազգային համաժողով

Թափանցիկություն և հաշվետվողականություն.
համագործակցություն կառավարության և քաղաքացիական հասարակության միջև

2013 թվականի հունիսի 14-ին Երևանում մեկնարկեց “Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան” առաջին միջազգային համաժողովը: Համաժողովն իրականացվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ՀՀ Կառավարության հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

ՀՀ կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է.  «Կարևորում եմ այս համաժողովի անցկացումը, քանի որ մեր առջև ծառացած են կարևորագույն և սկզբունքային խնդիրներ, որոնց լուծումները պարտավոր ենք գտնել: Կառավարության ցանկացած ծրագիր կարող է ունենալ հաջողություն, եթե դրա սկզբունքները, գաղափարախոսությունը նախապես ներկայացվում են հանրությանը, դառնում քննարկման և քննադատության առարկա, որից հետո էլ ընդունվում և սկսվում են իրականացվել: Սա քաղաքացիական հասարակության կառուցման ճանապահն է: Տոտալիտար համակարգից անցումը քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ինստիտուտների` բավականին դժվար և ցավոտ ճանապարհ է, որովհետև այն ենթադրում է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է փոխի իր մտածողությունը, ամենօրյա գործառույթները, հակառակ դեպքում ապրելու ենք այնպես, ինչպես երեկ: Աշխարհի ոչ մի կառավարություն հաջողության չի հասնի, եթե հասարակությունում այդ հիմնարար փոփոխությունները տեղի չունենան»:

Կառավարության ղեկավարի դիտարկմամբ՝ սա ենթադրում է, որ միասին պետք է սովորենք աշխատել նոր միջավայրում, երբ տեղեկատվությունը բաց է և թափանցիկ, հասանելի հասարակության համար:

Իր հերթին, ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը նշել է, որ ՀՀ կառավարությունը սերտորեն համագործակցում է «Բաց կառավարման գործընկերության» շրջանակում և իրենք հավատացած են, որ բաց հասարակությունը և տնտեսությունը հնարավորություն կտան երկրներին ծաղկում ապրել, լինել առավել բարեկեցիկ, անվտանգ և խաղաղ: «Սրա վրա է հիմնվում մեր աջակցությունը «Բաց կառավարման գործընկերության» ուղղությամբ: Իր գործողությունների ծրագրով Հայաստանը կարևոր հանձնառություն է ստանձնել «Բաց կառավարման գործընկերության» առաջ և ես գիտեմ, որ կառավարության կողմից այդ գործողությունների ծրագիրը հաստատվել է, որը քննարկվել և շրջանառության մեջ է դրվել: Այս գործողությունների ծրագրով առաջընթացը կարևոր է Հայաստանի համար, ինչը կօգնի, որ ՀՀ-ն բարելավի իր ցուցանիշները, որոնք դիտարկվում են «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիա»-ի կողմից»,- ասել է ԱՄՆ դեսպանը:

ՀՀ Կառավարության և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից իրականացվող այս համաժողովին ՀՀ կառավարությունը ներկայացրեց ԲԿԳ հայաստանյան գործողությունների ծրագիրը և ծրագրով ստանձնած ՀՀ հանձնառությունների իրականացման ընթացքը: Մասնակիցները հնարավորություն ունեցան ծրագրի կիրառման արդյունավեության հարցերը քննարկել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դիտակետից. վերջիններս համաժողովի ընթացքում ներկայացրին ԲԿԳ հայաստանյան գործողությունների ծրագրի իրականացման մոնիթորինգի արդյունքները:

Մասնակիցների թվում էին նաև միջազգային փորձագետներ ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Էստոնիայից և Վրաստանից, ովքեր ակտիվորեն ներգրավված էին քննարկումներին և ներկայացրին ԲԿԳ նախաձեռնությանն անդամակցելու իրենց երկրների փորձն ու պրակտիկ հմտությունները:

Միջոցառումը կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին միջև արդյունավետ քննարկումների և ՀՀ կառավարության` ԲԿԳ Գործողությունների ծրագրով ստանձնած հանձնառություններն իրականացնելու համար առավել արդյունավետ լուծումներ գտնելու իրական հնարավորություն ընձեռեց:

***
Բաց կառավարման գործընկերությունը ստեղծվել է 2011 թվականին 8 երկրների նախաձեռնությամբ (Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ): Այս նախաձեռնությանն այսօր արդեն միացել է ավելի քան 60 երկիր: Հայաստանի հանրապետությունը նախաձեռնությանն անդամակցել է 2011-ի նոյեմբերին: ԲԿԳ հռչակագրում ասվում է, որ այն նպատակ ունի բարձրացնել կառավարողների գործողությունների մասին հրապարակայնությունը, խթանել հասարակության մասնակցությունը հանրային կյանքի կառավարմանը, ձևավորել առավել թափանցիկ և պատասխանատու իշխանություններ:

Բաց կառավարման գործընկերություն – Հայաստան. միջազգային համաժողովի օրակարգը

Բաց կառավարման գործընկերության հայաստանյան Գործողությունների ծրագիրը

ՀՀ կառավարության հաշվետվությունը ԲԿԳ հայաստանյան Գործողությունների կատարման վերաբերյալ

 

Թեմային առնչվող նյութեր`
Կայացավ ԲԳԿ հայաստանյան գործողությունների ծրագրի աշխատանքները համակարգող խմբի առաջին նիստը

Հայաստանը Բրազիլիայում ներկայացրեց Բաց կառավարման գործընկերության ՀՀ գործողությունների ծրագիրը

Բաց կառավարման գործընկերություն” նախաձեռնության շրջանակներում ՀՀ Գործողությունների ծրագրի ներկայացում

Skip to content