Ռազմավարական Ուղղություններ

Ռազմավարական Ուղղություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Կայացավ ԲԳԿ հայաստանյան գործողությունների ծրագրի աշխատանքները համակարգող խմբի առաջին նիստը

Հոկտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ “Բաց կառավարման գործընկերություն” նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության գործողությունների ծրագրից բխող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը:

Աշխատանքային խումբը ձևավորվել է համաձայն ՀՀ վարչապետի՝ 2012 թվականի սեպտեմբերի 29-ի N 931-Ա որոշմամբ: Աշխատանքային խմբում ներգրավված են պաշտոնյաներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ԻԱԿ ներկայացուցիչ Լիանա Դոյդոյանը, ով նաև ԲԳԿ հայաստանյան գործողությունների ծրագրի մշակման աշխատանքային խմբի անդամ էր, նույնպես ներգրավված է այս աշխատանքային խմբում:

Ինչպես հանդիպմանը նշեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Տիգրան Գևորգյանը, բաց և թափանցիկ կառավարման համակարգի ձևավորումն ու արդյունավետ կիրառումը ՀՀ կառավարության առաջնային խնդիրներից է, և այս առումով Բաց կառավարման գործընկերությանը ՀՀ անդամակցությունն արտահայտում է կառավարության պատրաստակամությունն առավել բաց գործելու, նոր գործիքների և հմտությունների ներդրմամբ խթանելու կառավարման համակարգի արդյունավետության զարգացմանը:

ՀՀ կառավարության փորձագետ Արամ Ասատրյանը ներկայացրեց հայաստանյան գործողությունների ծրագրի հանձնառությունների իրականացման ընթացքը 2012 թվականի ապրիլից (երբ Հայաստանը  պաշտոնապես ներկայացրեց գործողությունների պլանը ԲԳԿ համաժողովում) մինչ օրս:

Այդ հաշվետվությունը ՀՀ կառավարությունը նաև կներկայացնի հոկտեմբերի 4-5 Դուբրովնիկում (Խորվաթիա) կայանալիք ԲԳԿ եվրոպական երկրորդ համաժողովում:

Աշխատանքային խմբում քննարկվեցին նաև հայաստանյան գործողությունների ծրագրով ներկայացված հանձնառությունների իրականացմանն ուղղված աշխատանքների համակարգման քայլերը. մասնավորապես, անդամներին առաջարկվեց կոնկրետ հանձնառությունների վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ, որոնք կքննարկվեն հաջորդ նիստի ժամանակ:

Բաց կառավարման գործընկերությունը ստեղծվել է 2011-ին սեպտեմբերին` 8 երկրների նախաձեռնությամբ (Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ): Այս նախաձեռնությանն այսօր արդեն միացել է ավելի քան 60 երկիր: Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է նախաձեռնությանը 2011-ի նոյեմբերին: ԲԿԳ հռչակագրում ասվում է, որ այն նպատակ ունի բարձրացնել կառավարողների գործողությունների մասին հրապարակայնությունը, խթանել հասարակության մասնակցությունը հանրային կյանքի կառավարմանը, ունենալ առավել թափանցիկ և պատասխանատու իշխանություններ:

ՀՀ գործողությունների ծրագիրը (բնօրինակը անգլերեն է):

 

 

Skip to content