«Մեդիագրագիտություն և փաստերի ստուգում բիզնեսի համար» դասընթացի վերջին կանգառը Շիրակի մարզում էր։ Դեկտեմբերի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Գյումրիում կազմակերպել էր դասընթաց բիզնես ներկայացուցիչների և նրանց հետ աշխատող հաղորդակցման մասնագետներ համար։
Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) կողմից ֆինանսավորվող «Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացի նպատակն էր փոքր և միջին բիզնես համայնքի ներկայացուցիչներին փոխանցել մեդիագրագիտության և փաստերի ստուգման առաջնային գիտելիք և հմտություններ՝ խթանելու տեղեկատվական բարեվարքությունն ու նվազեցնելու կեղծ լուրերի հնարավոր բացասական ազդեցությունը բիզնես համայնքի վրա։
Դասընթացի շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու, թե ինչ է կեղծ տեղեկությունը, ինչպես է այն ազդում բիզնեսի վրա, ինչ դեր ունեն մեդիագրագիտության և փաստերի ստուգման հմտությունների բիզնես համար։ Փաստերի ստուգման փորձագետ, CivilNetCheck թիմի ղեկավար Անի Գրիգորյանը և մեդիա հետազոտող, փաստերի ստուգման փորձագետ Հարություն Ծատրյանը մասնակիցներին ներկայացրին մեդիագրագիտության հայաստանյան համատեքստն ու փաստերի ստուգման կոնկրետ գործիքներ, որոնք կարող են օգնել ճշգրտել տեղեկությունը, ուսումնասիրել աղբյուրներն ու կայքերի խորացված զննում իրականացնել, ստուգել սոցիալակն ցանցերում հաշիվները, տեսանյութերն ու լուսանկարները և այլն։
Սա այս թեմայով դասընթացների վերջին հանդիպումն էր, նախորդ երկու հանդիպումներն անցկացվել էին Գորիսում և Երևանում։