Հունվարի 30-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոն-ի կազմակերպած վեբինարը մեկ հարթակի տակ էր համախմբել քաղաքացիական հասարակության, մեդիայի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտների ավելի քան 50 ներկայացուցիչների՝ քննարկելու e-draft.am, e-request.am և hartak.am հարթակների համապարփակ գնահատման արդյունքները։
Պետական մարմինների թվային ծառայությունների մատուցման հարթակների գնահատումն իրականացվել է 2025 թ․ դեկտեմբերին։ Նախաձեռնության նպատակն է վերլուծել և գնահատել e-draft.am, e-request.am և hartak.am թվային հարթակների համապատասխանությունն օգտատիրոջ կարիքներին, թվային ծառայությունների նախագծման ստանդարտներին և հանրային կառավարման թափանցիկության ու մատչելիության սկզբունքներին։ Ուսումնասիրությունը միտված է բացահայտելու հարթակների արդյունավետության մակարդակը, տեխնիկական և բովանդակային որակը, ինչպես նաև այն խնդիրները, որոնք կարող են խոչընդոտել հարթակների լիարժեք և մասնակցային օգտագործումը քաղաքացիների կողմից։ Միաժամանակ, նշված թվային հարթակները գնահատվել են հանրային արժեքի ստեղծման տեսանկյունից՝ դիտարկելով դրանք որպես պետություն–քաղաքացի փոխհարաբերությունների և կապի գործիք։
Հանդիպման շրջանակում ԻԱԿ նախագահ, փորձագիտական թիմի ղեկավար Շուշան Դոյդոյան-ը ներկայացրեց գնահատման հիմնական արդյունքներն ու արձանագրված խնդիրներին ուղղված առաջարկությունների փաթեթը։
Գնահատումն իրականացվել է «Թվային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ն՝ Ինտերնետ Հանրություն ՀԿ-ի հետ համատեղ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանական միջազգային համագործակցություն (GIZ) կազմակերպության կողմից՝ «Թվային ժողովրդավարություն բոլորի համար» նախաձեռնության ներքո։
«Թվային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի ղեկավար Հրաչ Յարմալոյան-ն իր խոսքում ընդգծեց քաղաքացիական հասարակության դերը թվային հարթակների կիրառելիության ծավալի ընդլայնման գործում։
«Թվայնացման այս փուլում շատ երկրներ հանրային ծառայությունների մատուցման թվային հարթակներ են ստեղծել, սակայն այս համատեքստում կարևոր հարցերից է այն, թե որքանով է հասարակությունը կարողանում օգտվել այդ հարթակներից։ Գերմանական միջազգային համագործակցություն (GIZ) կազմակերպությունը համոզված է, որ քաղաքացիական հասարակությունն այն կամուրջն է, որը կարող է նպաստել այդ գործիքակազմի կիրառելիության բարձրացմանը։ Միևնույն ժամանակ քաղաքացիական հասարակությունը կարող է իրականացնել հստակ մոնիթորինգ՝ հասկանալու, թե որքանով են հարթակները հանրամատչելի, պրակտիկ, հեշտ օգտագործելի և պարզ լեզվով ձևակերպված։ Բացի այդ, քաղաքացիական հասարակությունը կարող է հարթակների շարունակական բարելավման գործընթացում անգնահատելի աջակից լինել պետության համար․ ՔՀԿ համայնքը կարող է պարզ և հանրամատչելի լեզվով ներկայացնել գործընթացները հասարակությանը, ինչպես նաև հավաքագրել հանրային կարծիքներն ու դրանք փոխանցել պետությանը»,– նշեց Հրաչ Յարմալոյանը։
Հանդիպմանը մասնակցում էին նաև այդ հարթակները սպասարկող պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները։ Մասնակից լրագրողներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներկայացրին հարթակներից օգտվելու իրենց փորձառությունը և հանդիպած խնդիրները։ Քննարկման ընթացքում ինչպես գնահատումն իրականացնող թիմը, այնպես էլ հարթակները սպասարկող կառույցները պատասխանեցին մասնակիցների հարցերին՝ ապահովելով բաց և երկկողմ մասնագիտական քննարկում։
Հանդիպումը հնարավորություն էր նաև հարթակները համակարգող թիմերի համար ներկայացնելու առաջիկայում նախատեսվող բարեփոխումները։
«Թափանցիկության, անձնական տվյալների մշակման համաչափության, հետադարձ կապի և տեխնիկական աջակցության ապահովումը, օգտատերերի փորձառության գնահատման մեխանիզմների ներդրումը, վիճակագրական տվյալների լիարժեքության ապահովումը թվային պաշտոնական հարթակների համակարգային կարիքներն են․ նույնիսկ լավագույն հարթակի գոյությունն անիմաստ է, եթե մարդիկ չգիտեն դրա մասին կամ չեն կարողանում օգտվել»,- նշեց ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։
Հանդիպման ընթացքում հնչած դիտարկումները փորձագիտական թիմը կներառի զեկույցի վերջնական տարբերակում, որը կհրապարակվի մոտ ապագայում։
Հիշեցնենք, որ «Թվային ժողովրդավարություն բոլորի համար» նախաձեռնության ներքո ԻԱԿ-ը մշակել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակից օգտվելու ուղեցույց, որը պարզ և մատչելի ձևով, քայլ առ քայլ ներկայացնում է e-draft հարթակի հնարավորությունները և դրանց գործնական կիրառման եղանակները՝ ապահովելով հանրային մասնակցություն իրավական ակտերի մշակման փուլում։