Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ-ը լրագրողների համար անցկացրել է աշխատարաններ տեղեկատվության ազատության թեմայով

Մարտի 3-4-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Free Press Unlimited միջազգային կազմակերպության աջակցությամբ կազմակերպել էր լրագրողների կարողությունների զարգացման երկու աշխատարան՝ տեղեկատվության ազատության իրավունքի կիրառման թեմայով։ Աշխատարանների նպատակն էր խորացնել լրագրողների գիտելիքը տեղեկատվության ազատության օրենսդրության վերաբերյալ և աջակցել նրանց ավելի արդյունավետ օգտագործելու և պաշտպանելու տեղեկություն ստանալու իրենց իրավունքը։

Աշխատարաններին մասնակցել են 20 լրագրողներ Երևանից և մարզերից։ Նրանք ներկայացնում էին առցանց և կաբելային հեռուստաընկերություններ, ռադիոընկերություններ, առցանց լրատվական պարբերականներ և մասնագիտացված առցանց հարթակներ։ Մասնակիցներից 14-ը եղել են Հայաստանի մարզերից՝ Կոտայք, Գեղարքունիք, Տավուշ, Արմավիր, Շիրակ և Արարատ։ Նրանց թվում եղել են ինչպես լրատվամիջոցների հիմնական աշխատակից լրագրողներ, այնպես էլ մարզային թղթակիցներ ու լրագրության ֆակուլտետների ուսանողներ, որոնք արդեն համագործակցում են լրատվամիջոցների հետ։

Աշխատարանների ընթացքում ԻԱԿ-ի փորձագետները ներկայացրին տեղեկատվության ազատության օրենսդրական հիմքերը և դրա կիրառման պրակտիկան Հայաստանում։ Քննարկվեցին տեղեկատվության ազատության հիմնական իրավական սկզբունքները, լրագրողների առջև ծառացող ամենատարածված խնդիրները, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման մերժման դեպքերն ու խախտված իրավունքի վերականգնման մեխանիզմները։

Օրակարգի հիմնական բաղադրիչներից մեկը նվիրված էր էլեկտրոնային հարցումների միասնական թվային հարթակին՝ e-request.am-ին։ Հարթակին անծանոթ լրագրողներին քայլ առ քայլ ներկայացվել են դրա հետ աշխատելու հիմնական մեխանիզմները, իսկ հարթակն արդեն օգտագործող մասնակիցների հետ քննարկվել են դրա «թաքնված» հնարավորություններն ու հիմնական ռիսկերը։ Միաժամանակ անդրադարձ է կատարվել նաև լրագրողների դերին՝ նման թվային գործիքների արդյունավետության բարձրացման, դրանց կիրառման գործնական խնդիրների բացահայտման և բարելավման գործընթացում։

Աշխատարանների մասնակիցների շրջանում անցկացված գիտելիքի ստուգման հարցումների արդյունքները ցույց են տվել, որ դասընթացների արդյունքում մասնակիցների գիտելիքի մակարդակը զգալիորեն բարձրացել է․ ճիշտ պատասխանների ընդհանուր մասնաբաժինը աճել է 58.5%-ից մինչև 89%։ Սա վկայում է, որ աշխատարանների ընթացքում քննարկված թեմաներն ու գործնական աշխատանքը նպաստել են լրագրողների կողմից տեղեկատվության ազատության իրավունքի կիրառման ավելի խորքային ըմբռնմանը։

Skip to content