Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի նոր կայքը սահամանափակում է տեղեկատվության մատչելիությունը

Մարտի 10-ին Արդարադատության նախարարությունը գործարկել է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի նոր կայքը։ Ենթադրվում էր, որ բարեփոխված կայքը պետք է դյուրացներ ու առավել արդյունավետ դարձներ հատկապես այն օգտատերերի աշխատանքը, որոնք ամենօրյա ռեժիմով աշխատում են ռեգիստրի տվյալների հետ, այդ թվում՝ լրագրողների։ Սակայն բարեփոխված հարթակը ոչ միայն չի ընդլայնել, այլ սահմանափակել է օգտատերերի հնարավորությունները և տեղեկությունների մատչելիությունը։

Լրատվամիջոցները, որոնք մինչ այդ հատուկ պայմաններով օգտվում էին համակարգի տվյալների բազայից, նոր կայքում նախկին պայմաններով մուտք գործելու հնարավորություն չունեն։ Բացի այդ, հարթակում բացակայում են ընդլայնված որոնման և անձի անունով որոնում իրականացնելու գործիքները, մինչդեռ դրանք էական նշանակություն ունեն հետաքննություններ իրականացնող և փաստերի ստուգմամբ զբաղվող լրագրողների համար։

Հատկապես մտահոգիչ է, որ նոր կայքի կառուցվածքն ու ֆունկցիոնալ հնարավորությունները նախապես չեն քննարկվել ոլորտում գործող կառույցների և տվյալների հետ աշխատող լրագրողների հետ։ Մինչդեռ մասնագիտական համայնքը նախորդ կայքի վերաբերյալ պարբերաբար ներկայացրել էր բարելավման առաջարկներ, և տրամաբանական ակնկալիք կար, որ դրանք կդիտարկվեն նոր տարբերակի մշակման ընթացքում։

Ավելին, համայնքը պատշաճ կերպով չի իրազեկվել նոր կայքի գործարկման մասին։ Լրագրողները նոր կայքի գոյության մասին տեղեկացել են միայն այն ժամանակ, երբ իրենց ծանոթ հասցեով փորձել են մուտք գործել համակարգ և հայտնաբերել բոլորովին նոր հարթակ։ Արդյունքում նրանք օրվա ընթացքում փաստացի զրկված են եղել այդ գործիքը լիարժեք օգտագործելու հնարավորությունից, քանի որ սկզբնական փուլում հասանելի չի եղել նաև հին կայքի հղումը։ Ավելի ուշ լիազոր մարմինը կայքում ավելացրել է հին տարբերակ մուտք գործելու ակտիվ հղումը, իսկ Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը իր ֆեյսբուքյան էջում պարզաբանել է, որ ԶԼՄ-ներին տրամադրվող անվճար տեղեկատվության որոնման հնարավորությունը և մի շարք այլ գործիքներ առաջիկայում հասանելի կլինեն, և մասնագետները աշխատում են տեխնիկական խնդրի լուծման ուղղությամբ։ Նա նաև նշել է, որ նոր կայքի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ուղարկել նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ info@moj.am, նամակի թեմա բաժնում նշելով՝ «Առաջարկություններ պետական ռեգիստրի նոր կայքի վերաբերյալ»։

Գտնում ենք, որ Արդարադատության նախարարության նման գործելակերպը հակասում է բաց և մասնակցային կառավարման տրամաբանությանը, հատկապես այն դեպքում, երբ պետական ռեգիստրի կայքի բարելավման հարցը մշտապես եղել է ոլորտային կառույցների և մասնագիտացած լրագրողների ուշադրության կենտրոնում։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հույս է հայտնում, որ նոր կայքի գործարկումը առանց անհրաժեշտ և նախկինում կիրառվող մի շարք գործիքների պայմանավորված է բացառապես տեխնիկական խնդիրներով, որոնք անհապաղ կլուծվեն։ Միաժամանակ կոչ ենք անում առաջարկությունների և դիտարկումների հավաքագրման գործընթացը կազմակերպել ոչ թե կայքի գործարկումից հետո, այլ դրա մշակման փուլում։ Այդ մոտեցումը թույլ կտա համայնքից ստանալ ոչ թե հետադարձ դժգոհություններ, այլ ժամանակին կանխել խնդիրները և ձևավորել երկարաժամկետ գործընկերային համագործակցություն։

Skip to content