Հանրային ծառայությունների թվային պաշտոնական հարթակների սույն գնահատման նպատակն է վերլուծել և բացահայտել թվային հարթակների համակարգային խնդիրները, միաժամանակ գնահատել դրանց համապատասխանությունը թվային ծառայությունների նախագծման ստանդարտներին, հանրային կառավարման թափանցիկության ու մատչելիության սկզբունքներին և օգտատիրոջ կարիքներին։ Հարթակների գնահատումը միտված է բացահայտելու հարթակների արդյունավետության մակարդակը, տեխնիկական և բովանդակային որակը, ինչպես նաև այն խնդիրները, որոնք կարող են խոչընդոտել հարթակների լիարժեք և մասնակցային օգտագործումը քաղաքացիների կողմից։ Միաժամանակ, նշված թվային հարթակները գնահատվել են հանրային արժեքի ստեղծման տեսանկյունից՝ դիտարկելով դրանք որպես պետություն–քաղաքացի փոխհարաբերությունների և կապի գործիք։
Գնահատման շրջանակում գույքագրվել է հանրային ծառայությունների մատուցման 108 պաշտոնական թվային հարթակ։ Դրանք գործարկվել են 19 պետական կառավարման մարմնի կողմից, այդ թվում՝ 10 նախարարություն, Զբոսաշրջության կոմիտեն, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, կառավարությանը ենթակա մարմինները, Վարչապետի աշխատակազմը և դրա ենթակայության տակ գտնվող մարմինները:
Գնահատման նպատակով տասնյակ թվային ծառայություններից ընտրվել են երեքը՝ e-draft.am, e-request.am և hartak.am՝ որպես Հայաստանում պետություն-քաղաքացի թվային փոխգործակցության ամենահայտնի, մասնակցային և լայնորեն կիրառվող թվային գործիքներ։ Դրանք ընդգրկում են առանցքային պետական ծառայություններ՝ տեղեկություն ստանալու պաշտոնական հարցումներից մինչև քաղաքացիների մասնակցություն օրինաստեղծ գործունեությանը։ Դրանք լավագույնս արտացոլում են ինչպես թվային կառավարման առավելությունները, այնպես էլ առկա մարտահրավերները, համակարգային խնդիրները՝ ինչպիսիք են տվյալների անվտանգության, համընդհանուր ներառականության և մատչելիության ապահովման միջին մակարդակը, հետադարձ կապի թերի լինելը և այլն։
Գնահատման նպատակն է վերլուծել և բացահայտել թվային հարթակների համակարգային խնդիրները, որոնք խոչընդոտում են դրանց լիարժեք և մասնակցային օգտագործումը քաղաքացիների կողմից, միաժամանակ գնահատելով դրանց համապատասխանությունը թվային ծառայությունների նախագծման ստանդարտներին, հանրային կառավարման թափանցիկության սկզբունքներին և օգտատիրոջ կարիքներին:
Այս հարթակների գնահատման խնդիրներն են.
- գնահատել հարթակների ընդհանուր արդյունավետությունը՝ որպես G2C (Government to Citizen ) թվային ծառայություններ,
- գնահատել հարթակների համապատասխանությունը Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցը (WCAG 2.1)-ին ,
- գնահատել ծառայությունների կիրառական արժեքը և թվայնացման մակարդակը՝ պարզելու, թե որքանով են դրանք լուծում քաղաքացու խնդիրները ամբողջական թվային ձևաչափով,
- ուսումնասիրել հարթակների տեխնիկական հուսալիությունը, արագությունը և անխափան աշխատանքը,
- գնահատել անձնական տվյալների պաշտպանության, անվտանգության և գաղտնիության ապահովման մակարդակը,
- վերլուծել օգտատերերի հետ հետադարձ կապի, ներգրավվածության և աջակցության մեխանիզմների արդյունավետությունը,
- գնահատել հարթակի թափանցիկությունը՝ պատասխանատու մարմինների, իրավական հիմքերի և վիճակագրական տվյալների հասանելիության տեսանկյունից,
- ուսումնասիրել նավիգացիոն լուծումները և համապատասխանությունը Հայաստանի թվային ծառայությունների նախագծման ստանդարտին,
- մշակել և ներկայացնել գործնական առաջարկություներ՝ ուղղված բացահայտված համակարգային խնդիրների լուծմանը և ծառայությունների մատուցման հարթակների արդյունավետության բարձրացմանը։
Գնահատումն իրականացվել է 45 չափանիշով՝ հիմնվելով ազգային օրենսդրության, միջազգային լավագույն փորձի, Հայաստանի թվային ծառայությունների նախագծման ստանդարտների, Թվային ճարտարապետության սկզբունքների և WCAG 2.1 ուղեցույցի վրա:
Գնահատման նախնական և վերջնական արդյունքները ներկայացվել են հարթակները գործարկող և սպասարկող պետական մարմիններին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Արդարադատության նախարարություն, ԷԿԵՆԳ, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն, ՀՀ Վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչություն, քաղաքացիական հասարակությանը, Բաց կառավարման գործընկերության Հայաստանի աշխատանքային խմբի անդամներին, ինչպես նաև միջազգային գործընկերներին՝ ծառայելու որպես հիմք էլեկտրոնային մասնակցության թվային գործիքների մատչելիությունը, կիրառելիությունը և հանրային վստահությունը բարելավելու նպատակով իրականացվող բարեփոխումների համար:
Հուսով ենք, գնահատումը կարող է սկիզբ դնել առցանց ծառայությունների մատուցման պաշտոնական հարթակների գնահատման միասնական մոդելի և գործիքների ձևավորման համար (Measuring Performance)։ Պաշտոնական թվային հարթակների գնահատումը կանոնավոր գործընթաց դարձնելը այս ռեսուրսների համալիր բարեփոխումների հնարավորություն կստեղծի։ Այն նաև հիմք կծառայի պաշտոնական հարթակների միասնական զարգացման ռազմավարություն մշակելու և նորարարական գործիքներ ստեղծելու համար, ինչը պաշտոնական տեղեկատվության կառավարումը և թվային ծառայությունների մատուցումն ավելի արդյունավետ և օգտակար կդարձնի և՛ քաղաքացու, և՛ կառավարության համար:
Գնահատումն իրականացվել է «Թվային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն՝ «Ինտերնետ hանրություն» ՀԿ-ի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ «Թվային ժողովրդավարություն բոլորի համար» նախաձեռնության ներքո: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի GIZ-ի տեսակետները:
ՆԵՐԲԵՌՆԵԼ. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԶԵԿՈՒՅՑ