Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Փաստինֆո։ Սահմանափակվում է տեղեկատվության ազատության խախտված իրավունքի դատական պաշտպանության իրավունքը․ դատավորները կհայտնվեն «ԻԱԿ» «սև ցուցակում»

«Փաստինֆո» առցանց պարբերականը փետրվարի 17-ին անդրադարձել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի կողմից ներկայացված հայցադիմումի հիման վրա Վերաքննիչ վարչական դատարանի կողմից՝ դատավոր  Արթուր Պողոսյանի նախագահությամբ, կայացրած ակտին, որով որ կոպտորեն խախտվել է և՛ լրագրողի, և՛ լրատվամիջոցի տեղեկություն ստանալու խախտված իրավունքը վերականգնելու իրավունքը։ Իրավիճակը մեկնաբանել է նաև ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։

__________

Վերաքննիչ վարչական դատարանի կողմից՝ դատավոր  Արթուր Պողոսյանի նախագահությամբ, խիստ վտանգավոր դատական ակտ է կայացվել, որը սահմանափակում  է տեղեկատվության ազատության իրավունքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր  նախագահ Շուշան Դոյդոյանը՝ անդրադառնալով Վանաձորի համայնքապետարանի դեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հայցը վարույթ ընդունելը մերժելու որոշմանը, որն անփոփոխ է թողել  Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Արթուր Պողոսյանը։

Մասնավորապես,  «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն Վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել՝ պահանջելով պարտավորեցնել Վանաձորի համայնքապետարանին տրամադրել 2025թ. ընթացքում Վանաձոր քաղաքում տրամադրված շինթույլտվությունների պատճենները: Համայնքապետարանը չի պատասխանել կազմակերպության լրագրողի գրավոր հարցմանը և օրենքով սահմանված կարգով  չի տրամադրել տեղեկատվությունը: Վարչական դատարանը՝ դատավոր Արթուր Ավագյանի նախագահությամբ,  մերժել է հայցադիմումի վարույթ ընդունումը՝ պատճառաբանելով, թե հարցումը ներկայացրել է ֆիզիկական անձ Արմեն Ղազարյանը, մինչդեռ հայցը ներկայացրել է իրավաբանական անձը՝ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն։

Դատարանի դիրքորոշմամբ՝ լրագրող Ա. Ղազարյանի լիազորությունը պատշաճ ձևակերպված չի եղել, հետևաբար կազմակերպությունը հայց ներկայացնելու իրավունք չունի։ Վերաքննիչ վարչական դատարանը՝ դատավոր Արթուր Պողոսյանի նախագահությամբ, պահպանել է այս դիրքորոշումը՝ փաստացի արձանագրելով, որ ձևաթղթի վրա լրատվամիջոցի անվան և լրագրողի կարգավիճակի նշումը բավարար ապացույց չեն ներկայացուցչական լիազորությունը հաստատելու համար։  Ըստ դատարանների՝ ԶԼՄ-ն այս դեպքում չէր կարող լինել հայցվոր, իսկ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նշումով ձևաթուղթը և «HETQ.am-ի լրագրող Արմեն Ղազարյան» նշումը դիմումի մեջ բավարար ապացույցներ չեն կարող համարվել՝ հաստատելու այն, որ Արմեն Ղազարյանը, նախ, աշխատում է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունում՝ որպես լրագրող: «Ի վերջո, Արմեն Ղազարյանը պահանջվող տեղեկատվությունը հայցել է հենց իր, այլ ոչ թե կազմակերպության անունից, իսկ դիմումին կից ներկայացված փաստաթղթեր առկա չեն»,- նշված է դատական ակտում։

Շուշան Դոյդոյանի գնահատմամբ՝ այս դատական ակտով կսահմանափակվի տեղեկություն ստանալու խախտված իրավունքը վերականգնելու դատական պաշտպանության իրավունքը։

 

Հոդվածի սկզբնաղբյուրը՝ Pastinfo.am

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

 

Skip to content