Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Համայնքային բյուջեից կատարված միլիարդավոր ծախսը՝ առևտրային գաղնիք

Երևան համայնքի միջոցներից ավելի քան մեկ միլիարդ դրամ է ծախսվել Երևանյան միջազգային բալետային փառատոնի համար: ԻԱԿ-ի հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանը նշել է, որ փառատոնի շրջանակներում ելույթ ունեցած բոլոր հաստատությունների  արտիստների, նվագախմբերի, տեխնիկական, ստեղծագործական, կազմակերպական կազմերի կեցության, սննդի, ուղևորափոխադրման ծախսերն իրականացվել են բացառապես Երևան համայնքի միջոցների հաշվին՝ կնքված համապատասխան պայմանագրերի շրջանակներում, ընդհանուր ծախսը կազմել է շուրջ 1 միլիարդ 3 միլիոն 647 հազար 100 դրամ։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2025թ․-ի հունիսի 17-ին Երևանի քաղաքապետարան էր ուղարկել տեղեկություն ստանալու հարցում՝ խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները՝

1․ Որքա՞ն են կազմել փառատոնի ընդհանուր ծախսերը (դրամով):

2․ Ի՞նչ պայմանագրեր են կնքվել փառատոնի շրջանակներում։ Խնդրում ենք տրամադրել պայմանագրերի ցանկը ծածկագրերով։

3․ Ո՞ր կազմակերպություն(ներ)ն է իրականացրել փառատոնի լոգիստիկայի կազմակերպումը: Խնդրում ենք տրամադրել այդ կազմակերպության(ների) ընտրության կարգը, իրավական ակտը, և դրա(նց) հետ կնքված պայմանագրերի պատճեները:

4․ Որքա՞ն գումար է հատկացվել և ի՞նչ նպատակով Փառատոնին ելույթ ունեցած Մոսկվայի Բոլշոյ, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոններից յուրաքանչյուրին:

5․ Ո՞ր կազմակերպությունն է հոգացել Մոսկվայի Բոլշոյ, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնների աձնակազմի և արտիստների Երևան ժամանման, կեցության և այլ ծախսերը:

6․ Բացի բալետային ելույթներից, փառատոնի շրջանակներում ի՞նչ այլ միջոցառումներ են իրականացվել և որքան գումար է ծախսվել դրանց վրա:

Ըստ պաշտոնական պատասխան-գրության՝ փառատոնի իրականացման համար կնքվել են ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ հետևյալ ծածկագրերով  N ԵՔ-ՄԱԾՁԲ-25/97,  N ԵՔ-ՄԱԾՁԲ-25/111, N ԵՔ-ՄԱԾՁԲ-25/106: Պետական գնումների համակարգում այս ծածկագրերով պայմանագրերը գտնելու ընթացքում, ԻԱԿ-ը պարզեց, որ հունիս 24-ի դրությամբ ԵՔ-ՄԱԾՁԲ-25/111 ծածկագրով պայմանագիր տեղադրված չէ, իսկ փառատոնին ելույթ ունեցած թատրոններին տրամադրված գումարի չափը չի տրամադրվել՝ կոմերցիոն գաղտնիքի հիմքով։  

Փոխանցված ծածկագրերից պարզ է դառնում, որ քաղաքապետարանը փառատոնի իրականացման համար մեկ անձից գնման, ոչ մրցակցային ընթացակարգով պայմանագիր է կնքել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ի և «ԹԱՅՄ» ՍՊԸ-ի հետ։ 

Մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների պայմանագրով Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ը այս տարի իրականացված փառատոնին ստանձնել է «Երևանի բալետային միջազգային փառատոն»-ի՝ «YEREVAN BALLET FEST»-ի իրականացման պարտավորությունը։  Պետգնումների էլեկտրոնային համակարգում հանրայնացված պայմանագրի գին է նշվել 596 միլիոն 664 հազար դրամը, որի շրջանակում իրականացվել է նաև արտերկրից ժամանած թատերախմբերի հյուրընկալումը, և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնների մասնակցությունը։ 

Փառատոնի շրջանակում մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքվել  «Թայմ» ՍՊԸ-ի հետ։ Պայամանագրով ընկերությունը տրամադրել է նկարահանման ծառայություններ, որը ներառել է նաև «Հունիսի 1-ը օպերային աստղերի հետ» ծրագրի տեսանկարահանումը։ Պայմանագրի ընդհանուր չափը (ներառյալ նշյալ ծրագիրը) կազմել է 7 միլիոն 950 հազար դրամ։ 

Թեպետ պետական գնումների համակարգում ԵՔ-ՄԱԾՁԲ-25/111 ծածկագրով պայմանագիր տեղադրված չէ, բայց որոնողական համակարգով գտնված մեկ այլ փաստաթղթից պարզ է դառնում, որ նշված ծածկագրով մեկ անձից գնման պայմանագիր է կնքվել «Բրիդջ» ՍՊԸ-ի հետ, բայց թե որքան է կազմել պայմանագրի ընդհանուր չափը՝ տեղեկություններ չկան։ 

Ի դեպ, նախորդ տարի միայն փառատոնի տեխնիկական ապահովման ծառայությունների համար քաղաքապետարանը «ԲՐԻԴՋ» ՍՊԸ-ին վճարել էր 198 միլիոն 897.000 դրամ։ Գնումը կրկին կատարվել էր ոչ մրցակցային՝ մեկ անձ ընթացակարգով։ Ընկերության 100 տոկոս բաժնեմասը 2022 թ.-ից պատկանում է Նարեկ Չախոյանին։ 

Քաղաքապետարանն ուշագրավ պատասխան էր տրամադրել նաև հարցման 4-րդ կետին։ Հարցին, թե որքա՞ն գումար է հատկացվել և ի՞նչ նպատակով փառատոնին ելույթ ունեցած Մոսկվայի Բոլշոյ, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոններից յուրաքանչյուրին, հայտնել են, որ «Հաշվի առնելով, որ հայցվող տեղեկատվությունը կարող է պարունակել կոմերցիոն գաղտնիք՝ Փառատոնին մասնակցություն ունեցած ստեղծագործական կազմակերպություններին հատկացված գումարի չափի մասին տեղեկատվությունը կարող ենք ներկայացնել լրացուցիչ՝ համապատասխան փոխհամաձայնեցումներից հետո»։ 

Հարկ է նշել, որ կոմերցիոն (առևտրային) գաղտնիքն այն տեղեկությունն է, որն ունի իրական առևտրային նշանակություն և կազմակերպությունը մտադիր է այն գաղտնի պահել։ Տվյալ դեպքում՝ խոսքը համայնքային բյուջեից կատարված ծախսի մասին է, ինչը չի կարող համարվել առևտրային կազմակերպության ծախս։ Ինչպես պատասխանում տրամադրված մյուս կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերն են հրապարկված, այնպես էլ համայնքային բյուջեից հատկացված գումարների ծախսման հիմք համարվող պայմանագրերը ևս և պետք է հրապարակվեն պետական գնումների էլեկտրոնային համակարգում: Կամ տրամադրվեն դրանք գաղտնի համարվելու իրավական հիմքերը՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

Բացի այդ, գաղտնիքի հիմքով տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում, համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի՝ անհրաժեշտ է վկայակոչել իրավական այն նորմը, որի համաձայն տվյալ տեղեկությունը համարվում է գաղտնիք և ենթակա չէ տրամադրման։

 

ԻԱԿ-ը կրկնակի հարցմամբ դիմել է քաղաքապետարան՝ պահանջելով տրամադրել ԵՔ-ՄԱԾՁԲ-25/111 ծածկագրով պայմանագրի լուսապատճենը և փառատաոնին ելույթ ունեցած թատրոններին տրամադրված գումարի վերաբերյալ տեղեկություններ։

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՅՄԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ԵՔ-ՄԱԾՁԲ-25/106 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ԵՔ-ՄԱԾՁԲ-25/97

 

Skip to content