Փաստերը
«CivilNet.am» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը դիմել է Տեղեկատվական վեճերի խորհրդին՝ խնդրելով տրամադրել կարծիք, թե արդյո՞ք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ «մեդիան մեզ մոտ դառել ա մի հատ մեծ աղբանոց» հայտարարությունը, որը նա արել է 2024թ. դեկտեմբերի 18-ին «Factor TV»-ի տաղավարում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճում, վերաբերում է նաև «CivilNet.am»-ին։
Ուսումնասիրելով դիմումը և «Factor TV» յութուբյան ալիքում հեռարձակված «Բանավիճում են Տիգրան Ավինյանը և Հայկ Մարությանը» հաղորդումը, որում անդրադարձ է կատարվել նաև «CivilNet.am» կայքում 2024թ. նոյեմբերի 13-ին հրապարակված «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» հոդվածին (այն պատրաստվել է «Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագիծ» (OCCRP) միջազգային ծրագրի շրջանակում), Խորհուրդն արձանագրել է, որ խնդրո առարկա արտահայտությունը տեղ է գտել բանավեճի հետևյալ հատվածում.
- Հայկ Մարության․ «․․․երբ որ նա (Ավինյանը – ՏՎԽ) փոխվարչապետ էր, իր ընկերությունը, որը մինչեւ այդ ․․․ ծերը-ծերին հասցնող ընկերություն էր, մեկ էլ միանգամից թռիչք է ունենում, ․․․ զարգացման այն ծրագրերի շնորհիվ, ․․․ այսինքն՝ 12,5 անգամ աճում է այս ընկերության ․․․ եկամուտները, դրանից հետո արդեն, բնականաբար, երբ որ փոխքաղաքապետ է գալիս պարոն Ավինյանը, փոխվում է տնօրենը, դառնում է հայրը, եւ հայրը նվերներ է անում, ID4, չգիտեմ, գումարներ եւ այլն, եւ այլն ․․․»։
- Տիգրան Ավինյան․ «Գիտեք, պարոն Մարության, եթե վերջում այս լիրիկական էժանագին զեղումը չլիներ, ես նույնիսկ մտածում էի այս տեսակ թեմաներին չանդրադառնալ, բայց երբ որ դուք խոսում եք, որ իմ հայրը ինձ ինչ-որ մի բան է նվիրել, իմ հայրը, իմ ընտանիքի որեւէ անդամ երբևէ որեւէ պաշտոն չեն զբաղեցրել»։
– Հայկ Մարության. «Ես չէ, OCCRP-ն»։
– Տիգրան Ավինյան. «2013-14 թվականներին… ես ուսանել եմ Լոնդոնում և Լոնդոնում ուսման իմ վարձը, իմ ապրուստի ամբողջ գումարները փակել է իմ ընտանիքը։ Հիմա տեսեք, պարոն Մարության, ձեր սիրելի «Սիվիլնեթը», երբ որ մի հոդված է գրում, ձեր շատ սիրելի «Սիվիլնեթը», այո, OCCRP-ի ներկայացուցիչ «Սիվիլնեթը», երբ որ հոդված է գրում, և արդեն դատական հայցը կա, և հորս էլ նույնպես հորդորել եմ, որ այս սուտ հոդվածի բերումով դատական հայց ներկայացնի, որովհետեւ, կներեք, բայց մեդիան մեզ մոտ դառել ա մի հատ մեծ աղբանոց (ընդգծումը՝ ՏՎԽ-ի), և ով ինչ ուզում, խոսում է և անպատիժ»։
– Հաղորդավար. «Եկեք մեդիաներին հանգիստ թողենք, խնդրում եմ»։
– Տ. Ավինյան. «Կներեք, կներեք, որոշները, ոչ բոլորը»։
- Հաղորդավար. «Պարոն Ավինյան, զուտ այսպես՝ առաջարկում եմ չթիրախավորել մեր մեդիայի գործընկերներին, հատկապես՝ «Սիվիլնեթի» գործընկերներին։
- Տիգրան Ավինյան . «Ես առաջարկում եմ թիրախավորել սուտը, մանիպուլյացիան, …չէ, չէ, … չեմ համաձայնում ձեր առաջարկի հետ։ (…) Պարոն Ավինյանի քարոզարշավով զբաղվող քաղաքական մեդիա ա, ի՞նչը չթիրախավորեմ, պիտի թիրախավորեմ։ (…) Շատ լավ օպերատիվ եք աշխատում «Սիվիլնեթի» հետ, ապրեք, շնորհավոր։ Դատարանի որոշումը կլինի, կտեսնենք»։
«Բանավիճում են Տիգրան Ավինյանը և Հայկ Մարությանը» հաղորդումը 2025թ. հունվարի 20-ի դրությամբ «Factor TV»-ի յութուբյան հարթակում դիտվել է 378,066 անգամ։
Նույն այդ օրը «CivilNet.am»-ի հիմնադիր «Սիվիլիթաս» հիմնադրամը դիմել է դատարան ընդդեմ Տիգրան Ավինյանի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով։ Ըստ հայցի՝ Ավինյանը «մեդիան մեզ մոտ դառել ա մի հատ մեծ աղբանոց» արտահայտությամբ հրապարակայնորեն և դիտավորությամբ արատավորել է կազմակերպության գործարար համբավը, ինչի համար հայցվորը խնդրել է դատարանին պարտավորեցնել պատասխանողին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 օրվա ընթացքում «Factor TV»-ի ուղիղ եթերում ներողություն խնդրել «Սիվիլիթաս» հիմնադրամից և «Factor.am» կայքում հրապարակել դատական ակտի եզրափակիչ մասը։ Գումարային պահանջ չի ներկայացվել (տես՝ դատական գործ թիվ ԵԴ2/0537/02/25)։
Դատարան ներկայացրած առարկություններում Տիգրան Ավինյանը պնդել է, որ նշված արտահայտությամբ նկատի չի ունեցել կոնկրետ կազմակերպությունը, դա ասվել է վերացական կերպով, և անհասկանալի է, թե ինչու է հայցվորը տվյալ արտահայտությունը վերագրել իրեն։ Հետևաբար, ըստ պատասխանողի, «Սիվիլիթասը» չի կարող համարվել հայցվոր, քանի որ այդ կազմակերպության իրավունքներին միջամտություն տեղի չի ունեցել։
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
Տվյալ դեպքում վեճի գլխավոր հարցն այն է, թե արդյո՞ք Տիգրան Ավինյանի վերոհիշյալ արտահայտությունը ուղղված է եղել «CivilNet.am» լրատվամիջոցին։ Իսկ ինչ վերաբերում է այդ արտահայտության իրավաչափությանը, ապա, ինչպես երևում է վարույթում գտնվող դատական գործից, պատասխանողը չի վիճարկում այն, թե արդյո՞ք իր հրապարակային խոսքը պարունակել է վիրավորանք և արդյո՞ք դա կարող էր արատավորել կազմակերպության բարի համբավը։ Ասինքն՝ նա ձեռնպահ է մնում արտահայտության բովանդակությանը անդրադառնալուց։ Փոխարենը պնդում է, որ բացակայում է իր և հայցվոր կազմակերպության միջև որևէ վեճ, քանի որ իր արտահայտությունը հասցեագրված չի եղել այդ կազմակերպությանը, դա ասվել է վերացական կերպով՝ ուղղված ընդհանրապես մեդիա ոլորտին։ Նման պարագայում, ըստ պատասխանողի, առկա չէ խոսքի հասցեագրում կոնկրետ անձի, հետևաբար, դատական հայցը պետք է մերժվի վեճի բացակայության հիմքով՝ անկախ այն հանգամանքից, թե արտահայտությունն իր բնույթով վիրավորական է, թե ոչ։
Հայցվորը միանգամայն այլ կարծիք ունի. պնդում է, որ Տիգրան Ավինյանի խնդրահարույց արտահայտությունն ուղղված է եղել «CivilNet.am»-ին, և քաղաքապետը պետք է պատասխանատվություն կրի Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր ակտերում արտահայտել է իրավական դիրքորոշում հրապարակային խոսքի հասցեականության հարցի մասին։ Այսպես, «Դյուլդինն ու Կիսլովն ընդդեմ Ռուսաստանի» գործով https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-23920%22]} ՄԻԵԴ-ը սահմանել է, որ եթե վեճը վերաբերում է հրապարակային արտահայտությամբ կոնկրետ անձանց արժանապատվության, հարգանքի իրավունքի միջամտությանը, անհրաժեշտ է, որ առկա լինի «օբյեկտիվ կապ» հայտարարության և դատարան դիմած անձի միջև, և զուտ անձի ենթադրությունը կամ անձնական ընկալումը, որ տվյալ հրապարակումը ուղղված է եղել նրան, դեռ բավարար չէ հիմնավորելու համար, որ այդ հրապարակումը արատավորել է նրա արժանապատվությունը։ Ըստ դատարանի՝ անհրաժեշտ է ցույց տալ հստակ հանգամանքներ, որոնք «սովորական ընթերցողին» հիմք կտան կարծելու, որ տվյալ արտահայտությունը ուղղված է եղել տվյալ անձին կամ որ նա ուղղակիորեն թիրախավորված է եղել այդ քննադատությամբ (Դյուլդինն ու Կիսլովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 25968/02, ՄԻԵԴ, 31/07/2007, կետ 44):
Հետագայում վերը նշված դիրքորոշումն ընդունեց նաև ՀՀ վճռաբեկ դատարանը։ Մասնավորապես, թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով (երրորդ անձ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ) պատասխանող Բորիս Աշրաֆյանի վճռաբեկ բողոքի վերաբերյալ 2012 թվականի ապրիլի 27-ին կայացրած որոշման մեջ դատարանը սահմանեց, որ «գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ» (էջ 8):
Առաջնորդվելով վերը նշված իրավական սկզբունքներով՝ Խորհուրդը եզրակացնում է, որ տվյալ դեպքում առկա էին հանգամանքներ, որոնք հիմնավորում են, որ Տիգրան Ավինյանի վիճահարույց արտահայտությունը ուղղված է եղել «CivilNet.am»-ին։ Այդ հանգամանքները հետևյալն են․ քաղաքապետի սուր խոսքի առիթ է հանդիսացել այն, որ «Factor TV»-ի տաղավարում կայացած բանավեճում Հայկ Մարությանը վկայակոչել է Տիգրան Ավինյանի մասին «CivilNet.am»-ում հրապարակված մի քննադատական հոդված։ Դրան հետևել է Տիգրան Ավինյանի քննադատությունը նույն լրատվամիջոցի հասցեին, որի ընթացքում նաև նշել է, որ իր հայրը նույնպես դատական հայց է ներկայացրել «CivilNet.am»-ի դեմ, որից հետո քաղաքապետն ամփոփել է իր խոսքը վիճահարույց հայտարարությամբ։ Թեև այն ձևակերպված է վերացական, սակայն դրանից անմիջապես առաջ հնչեցված երկու արտահայտությունները վերաբերել են բացառապես «CivilNet.am»-ին։ Հետևաբար, ցանկացած օբյեկտիվ դիտորդ կարող էր ընկալել, որ Տիգրան Ավինյանը նկատի է ունեցել հենց տվյալ լրատվամիջոցը։ Այդպես է ընկալել նաև բանավեճի վարողը, որը անմիջապես հորդորել է չքննադատել «հատկապես՝ «Սիվիլնեթի» գործընկերներին», ինչին հակադարձելով, Տիգրան Ավինյանը նշել է, որ շարունակելու է թիրախավորել՝ կրկին վկայակոչելով «CivilNet.am»-ը։ Այսպիսով, բոլոր նշված հանգամանքները ցույց են տալիս խնդրո առարկա արտահայտության և դրա թիրախի միջև օբյեկտիվ կապի առկայությունը, որի մասին հիշատակել է Եվրոպական դատարանը։ Հակառակը պնդելը կնշանակի անհասցե հայտարարությունների շղարշի ներքո արդարացնել անձանց արժանապատվությունը արատավորող հրապարակային խոսքերը։
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) – Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Արա Ղազարյան – «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան – Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան – Փաստաբան