Ո՞ր դեպքերում կարող է մերժվել տեղեկության տրամադրումը և ի՞նչ անել այդ դեպքում.
Տեղեկության տրամադրումը մերժվում է, եթե հարցումը
- պարունակում է պետական, բանկային, առևտրային գաղտնիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն,
- խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը,
- պարունակում է քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ,
- բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ,
- խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները:
Տեղեկության տրամադրման մերժումը պետք է պարունակի է հղում Տեղեկատվության ազատության մասին օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերելի կոնկրետ կետին, ինչպես նաև նշվի այն օրենքի այն նորմը, որի համաձայն պահանջվող տեղեկությունը դասակարգվել է որպես գաղտնիք:
Եթե հարցմամբ պահանջված տեղեկության մի մասն է ենթակա մերժման, այդ մասը պետք է դարձնել անընթեռնելի (ծածկելու, սևացնելու կամ ջնջելու միջոցով)՝ չխմբագրելով տեղեկության (փաստաթղթի) մնացած մասը և տրամադրել տեղեկությունը:
Տեղեկության տրամադրումը երբեւէ չպետք է մերժվի պահանջված տեղեկության՝ անձնական տվյալ լինելու պատճառաբանությամբ: Պետք է հիշել, որ անձնական տվյալը տվյալի տեսակի անվանումն է, այլ ոչ թե ռեժիմը:
Մերժման վերաբերյալ պատասխանը դիմողին պետք է տրամադրվի 5-օրյա ժամկետում:
Տեղեկություն ստանալու մերժումը կարելի է բողոքարկել խախտումը թույլ տված մարմնի վերադասին: Եթե վերադասը ուժի մեջ է թողնում մերժումը, կարող եք դիմել մարդու իրավունքների պաշտպանին կամ ուղղակի դատարան: Այս մարմիններին կարելի է դիմել նաև առանց վերադասության կարգով բողոքարկելու:
Տեսահոլովակը պատրաստվել է «Տեղեկատվության մատչելիության բարեփոխում և իրական շահառուների թափանցիկությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Արևելյան գործընկերություն. Բաց դռների դրամաշնորհներ» ենթադրամաշնորհային նախագծի աջակցությամբ «ԵՄ-ն բարեվարքության համար» ծրագրի միջոցներից: Բովանդակության պատասխանատուն բացառապես Ինֆորմացիայի ազատության կենտրոնն է, և պարտադիր չէ, որ այն արտացոլի Եվրամիության տեսակետները: