Տեսադարան

Տեսադարան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ի՞նչ ժամկետներում է տրամադրվում տեղեկությունը

Ի՞նչ ժամկետներում պետք է տրամադրվի պահանջվող տեղեկությունը.

Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ տեղեկություն ստանալու գրավոր և էլեկտրոնային հարցման պատասխանները տրվում են հետևյալ ժամկետներում.

  • Եթե հարցմամբ պահանջված տեղեկությունը դասակարգված չէ որպես որևէ գաղտնիք և առկա է տեղեկություն տնօրինողի մոտ, ապա այն պետք է դիմողին տրամադրվի առավելագույնը 5-օրյա ժամկետում:
  • Եթե հարցմամբ պահանջված տեղեկությունն արդեն հրապարակված է, ապա տեղեկություն տնօրինողը պետք է առավելագույնը 5-օրյա ժամկետում դիմողին տրամադրի հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի մասին տեղեկությունը:
  • Եթե հարցմամբ պահանջված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա տեղեկություն տնօրինողը կարող է հարցման պատասխանը տրամադրել առավելագույնը 30-օրյա ժամկետում այդ մասին 5-օրյա ժամկետում հայտնելով հարցմամբ դիմողին:

Ուշադրություն
Այս դեպքում անհրաժեշտ է հարցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում դիմողին գրավոր տեղեկացնել պատասխանի հետաձգման պատճառների և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետի մասին:

Միջանկյալ այս պատասխանում պետք է նշված լինեն, թե

  • կոնկրետ ինչ լրացուցիչ աշխատանք է անհրաժեշտ կատարել հարցմամբ պահանջված տեղեկությունը տրամադրելու համար,
  • պատասխանում պետք է հղում արվի ոչ թե օրենքով սահմանված առավելագույն 30-օրյա ժամկետին, այլ պետք է նշվի այն ողջամիտ ժամկետը, որն անհրաժեշտ է տեղեկությունը տրամադրելու համար լրացուցիչ աշխատանքը կատարելու, պատասխանը նախապատրաստելու և առաքելու համար. այդ ժամկետը չի կարող գերազանցել հարցումը ստանալուց հետո 30-օրյա ժամկետը:

Հնարավոր է` հարցումը չի ուղղվել ճիշտ մարմնին, որը չունի պահանջվող տեղեկությունը կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է: «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը նշում է, որ եթե տեղեկություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը, կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա տվյալ գրավոր հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին, իսկ հնարավորության դեպքում՝ նրան տրամադրել նաև այդ տեղեկատվությունը տնօրինողի անվանումը և գտնվելու վայրը:

Եթե հարցմամբ ներկայացվել է մի քանի հարց, ապա պատասխանում պետք է հերթական համարակալմամբ ներառվեն բոլոր հարցերի պատասխանները:

Եթե տեղեկատվություն տնօրինողն ունի փնտրվող տեղեկատվության միայն մի մասը, ապա դրանք տալիս է դիմողին` միաժամանակ հնարավորության դեպքում նշելով այն տեղեկատվություն տնօրինողի գտնվելու վայրը, որտեղ դիմողը կարող է գտնել իր փնտրած տվյալների մյուս մասը:

Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր` հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում:

Տեսահոլովակը պատրաստվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից իրականացվող «Տեղեկատվության մատչելիության բարեփոխում և իրական շահառուների թափանցիկությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ «ԵՄ-ն բարեվարքության համար» նախագծի «Արևելյան գործընկերություն. բաց դռների դրամաշնորհներ» ենթադրամաշնորհային ծրագրի ֆինանսական աջակցությամբ: Տեսանյութերի բովանդակության պատասխանատուն բացառապես Ինֆորմացիայի ազատության կենտրոնն է, և պարտադիր չէ, որ բովանդակությունն արտացոլի Եվրամիության տեսակետները:

Skip to content