Մեր մասին

Մեր մասին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

2023 թ. դեկտեմբերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ԻԱԿ-ի՝ դատարան դիմելուց հետո, խնդրել է կնքել հաշտության համաձայնագիր և տրամադրել նախընտրական դրամահավաքի վերաբերյալ պահանջվող տեղեկությունները:
Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բավարարել է ԻԱԿ-ի ռազմավարական նշանակության հայցն ընդդեմ 7 քաղաքապետարանի՝ պարտավորեցնելով պաշտոնական ինտերնետային կայքերում հրապարակել:
ՀՀ վարչական դատարանը 2022 թվականի հունիսի 9-ին բավարարել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության ազատության իրավունքը խախտելու համար։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հաջողության պատմություն 42․
ԻԱԿ-ի ջանքերով ընդունվել է ՀՀ ապատեղեկատվության դեմ պայքարի հայեցակարգը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ավելի քան երկու տարվա ջանքերի և գործընկերների հետ ակտիվ համագործակցության շնորհիվ 2023 թվականի դեկտեմբերին ընդունվեց Հայաստանի ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թթ. հայեցակարգն ու դրանից բխող գործողությունների ծրագիրը։ Փաստաթղթերը մշակել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE)-ի աջակցությամբ՝ նպատակ ունենալով նախատեսել հրատապ և անհետաձգելի գործողությունների համալիր Հայաստանի Հանրապետությունը, նրա ինստիտուտներին և քաղաքացիներին ապատեղեկատվությունից պաշտպանելու նպատակով։ Հայաստանն այսպիսով դարձավ առաջին երկրիրը տարածաշրջանում, որն ունի ոլորտը կարգավորող ռազմավարական փաստաթուղթ։

Դեռևս 2021 թվականին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպած քննարկումներում բիզնես համայնքի ներկայացուցիչները բարձրացնում էին ոլորտը կարգավորվող փաստաթղթերի բացակայության խնդիրը։ Ավելի ուշ ԻԱԿ-ն այս կարիքը հստակ ձևակերպված ներկայացրեց կառավարությանը և, ստանալով նախնական հավանություն, դիմեց CIPE-ին նախաձեռնությունն իրականություն դարձնելու աջակցության խնդրանքով։

Փաստաթղթերը մշակող փորձագիտական թիմը համակարգել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։ Աշխատանքի ընթացքում ԻԱԿ-ն ակտիվորեն համագործակցել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի հետ։ Փաստաթղթերի մշակմանը մասնակցել են նաև Մեդիա նախաձեռնությունների կենտրոնից Լուսինե Գրիգորյանը և Միջազգային հանրապետական ինստիտուտից Աննա Նաղդալյանը։

Հայեցակարգի գլխավոր նպատակն է ՀՀ-ում ապահովել պատշաճ արձագանք ընդդեմ ապատեղեկատվության՝ կանխարգելելով, նվազեցնելով ու չեզոքացնելով ապատեղեկատվության ռիսկերը։

ԻԱԿ-ի նախաձեռնությունը համախմբեց կառավարության, քաղաքացիական հասարակության և քաղաքացիների՝ ապատեղեկատվության դեմ պայքարին ուղղված ջանքերը՝ թիրախային դարձնելով տարբեր դերակատարների կողմից իրականացվող գործողություններն ու միջոցառումներն ու հստակեցնելով պետության դերակատարումը ապատեղեկատվության դեմ պայքարում։
Հայեցակարգը սահմանում է ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարական ուղղությունները, որոնցով պետք է առաջնորդվի ՀՀ կառավարությունը հասարակության, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության հետ հաղորդակցվելիս առաջիկա երկու տարիների ընթացքում (2024-2026):

ՀՀ Կառավարության ապատեղեկատվության դեմ պայքարի հայեցակարգը ներառում է 3 ռազմավարական ուղղություն՝

  • Հզորացնել ՀՀ ինստիտուտների կարողությունը՝ ապատեղեկատվությունը կանխելու, հայտնաբերելու, արձագանքելու և վերլուծելու նպատակով,
  • Փոխգործակցության բարելավում և մասնավոր հատվածի մոբիլիզացիա,
  • Բարձրացնել իրազեկումը և մեդիաազատությունների ու մեդիագրագիտության վերաբերյալ կրթության մակարդակը՝ ձևավորելով ապատեղեկատվության հանդեպ հանրային դիմակայություն։

Հայեցակարգի հետ մշակվել և հաստատվել է նաև գործողությունների ծրագիր, որը հստակ ներկայացնում է, թե առաջիկա երկու տարիների կտրվածքով ինչ գործողություններ են նախատեսված ռազմավարական ուղղությունների համատեքստում։ Գործողությունների ծրագիրը նաև նույնականացնում է դրանց իրականացման պատասխանատուներին և սահմանում մշտադիտարկման հիմնական չափորոշիչները առաջարկում փոխգործակցության գործուն մեխանիզմներ։

Փաստաթղթերի ընդունումն իրապես հաջողություն է ապատեղեկատվության դեմ պայքարում համակարգային մշակույթի տեսանկյունից, սակայն արդեն իսկ արձանագրված այս մեծ հաջողության ամրագրման ու զարգացման համար առաջիկա երկու տարին պետք է դառնան տեքստերից իրական գործերի անցնելու շրջափուլ։

 

Ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թվականների հայեցակարգը

Ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թվականների հայեցակարգից բխող գործողությունների ծրագիր

ՀՀ ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թվականների հայեցակարգը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ վարչապետի N 1319 – Լ որոշում

 

Skip to content