«Աշխատարանն օգնեց չվախենալ այդ հարթակներից՝ ցույց տալով դրանց օգտագործման ձևերը, հստակեցնելով հարթակների կիրառության կարևորությունը իրավունքների իրացման, հանրային մասնակցության և պետության հետ ավելի հեշտ ու ավելի արդյունավետ փոխգործակցության համար»,- նշում է Գոհար Մնացականյանը, ով իր աշխատանքի բնույթից ելնելով ամսական մի քանի գրություն և հարցում է ուղարկում պետական մարմիններին ։
Մարտի 22-ին Սևանի «Նկուղ» երիտասարդական հարթակն իր հարկի տակ էր հավաքել երիտասարդների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին․ Գեղարքունիքի մարզի ավելի քան 25 երիտասարդ մասնակցեց թվային կառավարման, տեղեկատվության ազատության և քաղաքացիական մասնակցության առցանց գործիքների արդյունավետ կիրառմանը նվիրված մեկօրյա աշխատարանին։
Աշխատարանը կազմակերպել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի հետ համատեղ: Նախաձեռնության նպատակն էր երիտասարդներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին տրամադրել կիրառական գիտելիք և հմտություններ թվային մասնակցային գործիքների, հանրային տեղեկատվության հասանելիության, առցանց միջավայրում քաղաքացիական ներգրավվածության հնարավորությունների և այդ համատեքստում անձնական տվյալների անվտանագության և պաշտպանության վերաբերյալ, խրախուսել այդ գործիքների կիրառումը։
Աշխատարանի շրջանակում մասնակիցները ծանոթացել են տեղեկատվության ազատության հիմնական սկզբունքներին և տեղեկություն ստանալու իրենց իրավունքի կիրարկման մեխանիզմներին, քննարկել են առկա պրակտիկան և պետական մարմինների հետ երկխոսության իրենց փորձառությունը։
ԻԱԿ փորձագետ Մանե Մադոյանը ներկայացրել է հանրային մասնակցության hartak.am, e-request և e-draft առցանց հարթակների հիմնական ծառայությունները, տեղեկություն ստանալու հարցումների կազմման և ուղարկման հիմնական մոտեցումները e-request հարթակի օգտագործման համատեքստում։
Աշխատարանի մի մասը նվիրված էր առցանց միջավայրում քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության և անվտանգ օգտագործման սկզբունքներին։ ԻԱԿ-ի անձնական տվյալների ոլորտի փորձագետ Գևորգ Հայրապետյանը մասնակիցներին ներկայացրեց անձնական տվյալների հավաքագրման, մշակման և պաշտպանության հիմնական մեխանիզմներն ու մեր երկրում կիրառվող գործիքակազմը։ Մասնակիցերը քննարկեցին իրենց անձնական տվյալների հետ առնչվող խնդիրներն ու իրենց շրջապատում օգտագործվող լուծումների իրավաչափությունը։
«Թե՛ մենք, թե մեր շահառու երիտասարդները հաճախ ենք կարիք ունենում պաշտոնական տվյալներ ճշտելու և տարբեր գրություններ ենք ուղարկում։ Սովորաբար մենք օգտագործում ենք արդեն ծանոթ խողովակներն ու մեխանիզմները՝ խուսափելով թվային նորաստեղծ հարթակներից, քանի որ կամ չգիտենք դրանց մասին, կամ չունենք բավարար գիտելիք դրանց գործարկման նպատակի և մեխանիզմների մասին։ Աշխատարանն օգնեց չվախենալ այդ հարթակներից՝ ցույց տալով դրանց օգտագործման ձևերը, հստակեցնելով հարթակների կիրառության կարևորությունը իրավունքների իրացման, հանրային մասնակցության և պետության հետ ավելի հեշտ ու ավելի արդյունավետ փոխգործակցության համար»,- նշում է «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ Գոհար Մնացականյանը։
«Մենք օգտգործում ենք աշխատարանը երիտասարադների մեջ այս թեմաների և գործիքների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու համար և ցույց տալու, որ այս ոլորտում ունեցած գիտելիքը կենսական նշանակություն ունի ինչպես առօրյա, այնպես էլ մասնագիտական գործունեության որակի վրա։ Այս առումով մասնակիցների հետ աշխատանքը աշխատարանով միայն սկսվում է․ նրանցից շատրեը հենց նման հանդիպումներից հետո են սկսում փորձարկել գործիքներն ու իրենց ստացած գիտալիքները և մեր թիմն այդ փուլում շարունակում է նրանց հետ անհատական աշխատանքը, իսկ մեր գործընկեր երիտասարդական կենտրոնները դառնում են լրացուցիչ կապող օղակ երիտասարդների և ԻԱԿ-ի միջև»,- նշում է ԻԱԿ թիմի անդամ Մանե Մադոյանը։
Աշխատարանի շրջանակում երիտասարդներին է փոխանցվում նաև ԻԱԿ-ի կողմից վերոնշյալ թվային հարթակների օգտագործման ուղեցույցները, որոնք պարզ և մատչելի ձևով ներկայացնում են հարթակների միջոցով տրամադրվող ծառայություններն ու ցույց տալիս՝ ինչպես գրագետ և անվտանգ օգտվել այդ ծառայություններից։
Միջոցառումը կազմակերպվում է «Թվային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանական միջազգային համագործակցության (GIZ) կազմակերպության կողմից՝ «Թվային ժողովրդավարություն բոլորի համար» նախաձեռնության ներքո: Առաջիկայում ևս մեկ մարզային աշխատարան կանցկացվի Տավուշի մարզում՝ ԴՈւԿՈ երիտասարդական կենտրոնի հետ համագործակցությամբ։